Բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը սադրանքներ է դիմում. Սեյրան Օհանյանը՝ սահմանային իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմն այսօր հերթական անգամ սադրանքի է դիմել՝ անկանոն կրակ արձակելոբ հայկական դիրքերի ուղղությամբ:

Առավոտյան ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

ArmLur.am-ը այս առիթով զրուցել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

-Պարո՛ն Օհանյան, ինչու՞ ադրբեջանական կողմը հերթական անգամ սադրանքի դիմեց, լարեց սահմանային իրավիճակը, ո՞րն էր այս ամենի նպատակը:

-Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է ազդել Հայաստանի վրա, զուգահառ նաեւ սեղմել օղակն Արցախի շուրջ, գործողությունները Հայաստանի եւ Արցախի սահմաններին պետք է դիտարկել մեկ համատեքստում, նման կերպ թշնամին փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա եւ սեղմել օղակն Արցախի շուրջ: Հայաստանի Հանրապետությունը, մեր Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն նման սադրանքների, պետք է համարժեք արձագանք տան հակառակորդին:

-Ձեզ համար հասկանալի է՝ ինչու՞ հենց վաշինգտոնյան բանակցություններից մի քանի օր անց Ադրբեջանը սրեց իրավիճակը, կարո՞ղ ենք եզրակացնել, որ Ադրբեջանը բանակցություններում չի ստացել իր ուզածը, հիմա փորձում է ուժային ճանապարհով հասնել իր ուզածին:

-Ադրբեջանի գործողությունները շարունակական են լինելու, նախկինում՝ մինչեւ 2018թ-ը, դրանից հետո էլ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը նման սադրանքներ եւ ագեսիվ գործողություններ է իրականացնում, որպեսզի ճնշումներ գործադրի եւ իր շահն առաջ տանի բանակցություններում, ուժային մեթոդներով է փորձում ստանալ իր ուզածը:

-Պարո՛ն Օհանյան, հնարավո՞ր է, որ սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնի՝ վարչապետի եւ ՊՆ նախարարի մասնակցությամբ:

– Երբ որոշակի հանգամանքներ պարզ լինեն, իրադրությունը սրվի, ապա իրադրությանը համահունչ նաեւ ընդդիմությունը կգործի: Այս պահի դրությամբ արտահերթ նիստ հրավիրելու որոշում չունենք:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս