ՏԱՇՏԱԿԱԿՌԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանի` ԱԺ-ում արած հայտարարությունը, թե ով ՀՀԿ-ի հետ չհամագործակցի, կմնա կոտրած տաշտակի առջեւ, բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ: Որոշ քաղաքական ուժեր դա դիտարկեցին իբրեւ քաղաքական շանտաժի փորձ եւ ձեռնամուխ եղան հակազդելուն:  Մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հենց նույն օրը  հանդիպեց Սերժ Սարգսյանին` հավանաբար պարզելու համար, թե ում եւ ինչ նկատի ուներ Տիգրան Սարգսյանը` կոտրած տաշտակով սպառնալով: Առավել եւս, որ Ս.Սարգսյանի` Մոսկվա մեկնելու նախօրեին կայացած հանդիպման ընթացքում կարծես թե ԲՀԿ առաջնորդի եւ Սերժ Սարգսյանի միջեւ ժամանակավոր համաձայնությունը կայացել էր: Ուստի Տ.Սարգսյանի հետմոսկովյան հաթաթաները, բնականաբար, պետք է մտահոգեին ԲՀԿ-ին:
Սակայն  դատելով երեկ ողջ օրվա ընթացքում տարբեր ՀՀԿ-ականների եւ անձամբ Տիգրան Սարգսյանի կողմից իր խոսքերը վերախմբագրելու ջանքերից (մամուլի խոսնակի միջոցով), ՀՀԿ-ԲՀԿ ժամանակավոր համաձայնությունը մնում է ուժի մեջ, համենայնդեպս, մինչեւ Ռոբերտ Քոչարյանի` Մոսկվայից վերադառնալը: Անշուշտ, առաջին անգամը չէ, որ ՀՀԿ-ԲՀԿ  լարված հարաբերություններում կողմերը միմյանց հասցեին քաղաքական սպառնալիքներ են հնչեցնում: Այս վերջին դեպքում, սակայն, հետաքրքրականն այն էր, որ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը հետեւած արձագանքներն առավել տեսանելի դարձրեցին ՀՀԿ ներսում եղած լուրջ հակասությունները: Այն, որ կոնյուկտուրային դրդապատճառներով հանրապետականացված Տ.Սարգսյանին ՀՀԿ-ում չեն սիրում, գաղտնիք չէ: Ընդ որում, այդ հակակրանքն առկա է ինչպես ՀՀԿ հին գվարդիայի, այնպես էլ Հովիկ Աբրահամյանի  մոտ: Ուստի միանգամայն սպասելի էր, որ նրանք խանդով էին վերաբերվելու Նժդեհից ավելի ցեղակրոն դարձած Տ.Սարգսյանի` ամբողջ ՀՀԿ անունից խոսելու  փորձերին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, օրինակ, չթաքցրեց էլ, որ Տ.Սարգսյանն այն ֆիգուրը չէ, որ պետք է ՀՀԿ-ի անունից խոսի: «Իմիջիայլոց, կուսակցության պաշտոնական տեսակետը հիմնականում հայտնում են կուսակցության նախագահը եւ նրա տեղակալները, մնացած բոլոր դեպքերում կարող են մեկնաբանություններ անել»,-ընդգծեց ՀՀԿ նախագահի տեղակալը` այդպիսով, փաստորեն ակնարկելով, որ Տ.Սարգսյանի ասածները պետք է ընդունել ընդամենը որպես առանձին գործչի մեկնաբանություն: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ գործիչը ո՛չ ավել, ո՛չ պակաս` ՀՀ  վարչապետն է, ում, չնայած ՀՀԿ նշված թեւերի տեւական ջանքերին, Ս.Սարգսյանն այդպես էլ պաշտոնանկ չի անում: Ուստի ակնհայտ է, որ Տ.Սարգսյանը կոտրած տաշտակի մասին իր հայտարարությունն առնվազն ճշտել էր Ս.Սարգսյանի հետ:  Այնպես որ, Տ.Սարգսյանի մամուլի խոսնակի պնդումները, թե իր ղեկավարի խոսքերը  ԲՀԿ-ին վերագրելն անհեթեթ է, մեղմ ասած, համոզիչ չեն: Նա «տաշտակռիվն» անում էր կոնկրետ հանձնարարականով:




Լրահոս