Այսօր մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես չգիտեմ, թե ինչ է դժոխքը, բայց գիտեմ, թե ինչ է դրախտը: Ես մտածում եմ այն մարդու մասին, որ ծնվում է այս երկրագնդում: Նա ծնվում է պայքարի միջոցով, պայքարում է` ծնվում է, որովհետև հաղթում է: Եթե չպայքարեր, չհաղթեր, չէր ծնվի: Ես մտածում եմ, որ եթե ծնվել ենք այս հողագնդի վրա, ուրեմն տիեզերքում հաղթել ենք և արդեն իսկ դրախտում ենք: Բնությունը դրախտ է: Այս իմաստով, եթե ծնվեցիր, օգտվիր այդ դրախտից»,- մահվանից 10 օր առաջ «Կինոաշխարհի» հետ հարցազրույցում ասել էր կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը:

Այսօր լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան 102-ամյակը (1921 թ., Գորի, Վրաստան):

Էդվարդ Միրզոյանը 1941 թ-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1946–48 թթ-ին կատարելագործվել Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1948 թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1965 թ-ից՝ պրոֆեսոր):

Միրզոյանի ստեղծագործություններում առանձնանում են Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի խոսքերով գրած ռոմանսները («Ասում են, թե…», «Երազ տեսա» և այլն), «Հայրենիքն է կանչում» խմբերգը: Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Ինտրոդուկցիա և Անընդհատ շարժում» (ջութակի և նվագախմբի համար) գործերը: Կոմպոզիտորի Լարային կվարտետը հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է: Հայրենասիրական շնչով են տոգորված «Հայաստան», «Տոնական» և այլ կանտատներ: Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են Թավջութակի և դաշնամուրի սոնատը, Սիմֆոնի-ան՝ լարային նվագախմբի և լիտավրների համար: Գրել է նաև «Ալբոմ թոռնիկիս համար» («Առավոտ», «Մարիամ» և այլն), Պոեմ՝ դաշնամուրի, Պոեմ-էպիտաֆիա՝ կամերային նվագախմբի համար և այլ գործեր:

Միրզոյանը գրել է նաև կինոերաժշտություն (գեղարվեստական` «Փլուզում», 1959 թ., «Քաոս», 1974 թ., «Հեղկոմի նախագահը», 1977 թ., «Աքսորական դ 011», 1979 թ., «Խաչմերուկի դեղատունը», 1988 թ., վավերագրական` «Այսօր արևոտ օր է», 1975 թ., բոլորը՝ Հայֆիլմ):

Միրզոյանի աշակերտներից են կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնս-տանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիր-խանյանը և ուրիշներ:

1956–91 թթ-ին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության (1994 թ-ից՝ պատվավոր), 1977 թ-ից՝ Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009 թ-ից՝ պատվավոր) նախագահ:
Միրզոյանը պարգևատրվել է «Կիրիլ և Մեֆոդի» (1971 թ., Բուլղարիա), Հայ եկեղե-ցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (երկուսն էլ՝ 2001 թ.), «Պետրոս Մեծ» (2005 թ., Գերմանիա) շքանշաններով, ՀՀ Մովսես Խորենացու (1998 թ.), ՀՀ ԳԱԱ ոսկե (2006 թ.), Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային (2006 թ.), «Եկատերինա II» (2006 թ., ՌԴ) մեդալներով, արժանացել ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակի (1988 թ.):

Է.Միրզոյանը մահացել է 2012 թ. հոկտեմբերի 5 –ին Երևանում:




Լրահոս