Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ապրիլի 27-ին քննարկում էր կազմակերպել «Մեդիա օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը և խնդիրների հնարավոր լուծումները» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին լրագրողական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, իշխանության թևի ներկայացուցիչներ, որի ժամանակ քննարկվեց ինքնակարգավորման մոդելի ներդրման հնարավորությունը Հայաստանում:
Այդ քննարկման ժամանակ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ևս խոսեց Հայաստանում նոր մոդելի ներդրման մասին՝ ընդգծելով, որ պետությունը չպետք է ազդեցություն ունենա լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմներում:
Հիշեցնենք, որԱրդարադատության նախարարությունը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը եւ լրագրողական 10 հասարակական կազմակերպություն համագործակցության հուշագիր էին ստորագրել մեդիա ոլորտի զարգացման քաղաքականության արդիականացման ու լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ, որի նպատակն էր համատեղ ջանքերով մշակել ԶԼՄ դաշտի զարգացման հայեցակարգ:
Քննարկման ժամանակ Երևանի մամուլի ակումբի) նախագահ Բորիս Նավասարդյանը նկատեց, որ այսօր ինքնակարգավորման մեխանիզմներն իսկապես անհրաժեշտ են, քանի որ լրատվության հոսքերն ու աղբյուրներն են ավելացել: Վերջինս առաջարկում է ստեղծվեն խրախուսական մեխանիզմներ ստեղծել այն լրատվամիջոցների համար, որոնք գործում են հանրային շահի և այդ պահանջարկի օգտին:
Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ և «Հոդված 3» ակումբի նախագահ Գայանե Աբրահամյանը, ով իր խոսքում կարևորեց լրատվամիջոցների սեփականության և ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը:
Իսկ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ շատ երկրներում սահմանված չէ, թե ով է լրագրողը: Ավելին, կան երկրներ, որտեղ լրագրողական կազմակերպության տված վկայականն արդեն բավարար է տվյալ անձին լրագրող ընդունելու համար: Հավելենք, որ քննարկման մասնակիցները պայմանավորվել են նախագծային կարգավորումները հանրայնացնել:
Նաիրա Հովհաննիսյան