Վահագն Խաչատուրյանը և Նորվեգիայի դեսպանն անդրադարձել են Վարդենիս-Սոթք ուղղությամբ Ադրբեջանի գործողություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական ծառայությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սանդ Անդրեսենի հետ:

Ողջունելով դեսպանին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նրա ջանքերը՝ ուղղված հայ-նորվեգական հարաբերությունների զարգացման գործում և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Դեսպան Անդրեսենը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ դիվանագիտական առաքելության ընթացքում մշտապես առաջնորդվել է Հայաստանի և Նորվեգիայի բարեկամական հարաբերությունների ու համագործակցության առավել բարձր մակարդակ ապահովելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Վարդենիս-Սոթք ուղղությամբ ադրբեջանական կողմի ագրեսիվ և նախահարձակ գործողություններին, որոնց հետևանքով վիրավորվել է 4 հայ զինծառայող: Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ արվող ռազմական ոտնձգությունները խոչընդոտում են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատումը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու իր դիրքորոշմանը:




Լրահոս