Մալիշկա համայնքի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց ձորի Մալիշկա համայնքի նախկին ղեկավար Մ.Մ.-ն (Մհեր Մովսիսյան) Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 28-ի դատավճռով, մեղավոր է ճանաչվել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին կաշառք տալու, իրեն վստահված զգալի և խոշոր չափերով գույքը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու եղանակով հափշտակելու, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ համատեղ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում համայնքի նախկին ղեկավար Մ.Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացում կատարելը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը):

Մալիշկա համայնքի նախկին ղեկավար Մ.Մ.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 տարի 2 ամիս 29 օր ժամկետով. Մ.Մ.-ն զրկվել է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 3 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Մ.Մ.-ն, Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական փուլում՝ 2017 թվականի մարտին, հանդիսանալով ռեյտինգային ընտրացուցակով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի՝ Մալիշկա համայնքի նախընտրական շտաբի ղեկավար, այլ անձի հետ հանցակցությամբ, մեկ ձայնի դիմաց 10.000-ական դրամի չափով (ընդհանուր՝ 230 հազար դրամ) ընտրակաշառք է բաժանել Մալիշկա համայնքի բնակիչներ Խ.Դ.-ին, Մ.Գ.-ին, Ա.Ս.-ին, Հ.Ա.-ին և Ն.Շ.-ին՝ վերջիններիս և նրանց մերձավոր ազգականների կողմից իր ներկայացրած թեկնածուի օգտին քվեարկելու համար:

Բացի այդ, Մ.Մ.-ն, ունենալով համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու լիազորություն, օգտագործելով իր այդ լիազորությունն ու պաշտոնեական դիրքը, իր որդու՝ «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ ՀՈԱԿ) տնօրեն Վ.Մ.-ի և կնոջ՝ Ն.Ա.-ի հետ, ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ Ն.Ա.-ին ձևականորեն ընդունելով ՀՈԱԿ-ում աշխատանքի՝ որպես բուժքույր: Ն.Ա.-ն, աշխատանքի չներկայանալու պայմաններում, 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճար ստացել է 2 մլն 231 հազար 25 դրամ:

Բացի այդ, Մ.Մ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2017 թվականի ապրիլին Մալիշկայի համայնքապետարանի գլխավոր մասնագետ-հաշվապահ Ա.Վ.-ի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ իրեն վստահված համայնքի բյուջեի միջոցներից Մալիշկա համայնքի 10 բնակիչների անվամբ, իբրև սոցիալական օգնություն, գումարներ հատկացնելու և յուրացնելու շուրջ: 2017 թվականի ապրիլի վերջին Ա.Վ.-ն 440 հազար դրամն առձեռն հանձնել է Մ.Մ.-ին, ով տիրացել է այդ գումարին: Յուրացման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով՝ Մ.Մ.-ն մի խումբ պաշտոնատար անձանց հետ համատեղ կատարել է պաշտոնեական կեղծիք, կազմել է համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պաշտոնական փաստաթուղթ (կեղծ ցուցակներ):

Համայնքի ղեկավար Մ.Մ.-ի որդուն՝ «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), համայնքի ղեկավար Մ.Մ.-ի կնոջը՝ Ն.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացմանը օժանդակելը), իսկ Մալիշկայի համայնքապետարանի նախկին գլխավոր մասնագետ-հաշվապահ Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը):

2019 թվականի մայիսի 27-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հսկող դատախազի կողմից ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

2023 թվականի ապրիլի 28-ին դատարանի դատավճռով Մ.Մ.-ն, Վ.Մ.-ն, Ն.Ա.-ն և Ա.Վ.-ն մեղավոր են ճանաչվել իրենց վերագրվող արարքների կատարման մեջ:

ՀՈԱԿ-ի տնօրեն Վ.Մ.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 1 մլն դրամ տուգանք և «Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականի օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ Վ.Մ.-ն ազատվել է նշանակված պատժից:

Ն.Ա.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 800 հազար դրամ տուգանք և «Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ Ն.Մ.-ն ազատվել է նշանակված պատժից:

Ա.Վ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Մեղադրող դատախազի՝ ամբաստանյալներ Մ.Մ.-ից, Վ.Մ.-ից և Ն.Ա.-ից հօգուտ Վայոց ձորի Մալիշկա համայնքի բյուջեի համապարտության կարգով 2 մլն 231 հազար 25 դրամ բռնագանձելու, ինչպես նաև Մ.Մ.-ից և Ա.Վ.-ից համապարտության կարգով 30 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումը բավարարվել է:




Լրահոս