Երեկ Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, որը տևել էր մոտ 4 ժամ։
Հանդիպումը կայացել է Եվրոպական Միության կենտրոնակայանում։ Հանդիպումից հետո Շառլ Միշելը հանդես էր եկել հայտարարությամբ.
«Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»,- բանակցություններից հետո ասել էր Շառլ Միշելը։
Վերջինս հավելել էր, որ հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագրով. Այն ենթադրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում և, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ. կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ. կմ-ի սահմաններում։ Կողմերն ունեն առաջխաղացում, ասուլիսին հայտարարել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղություն հաստատել։ Armlur.am-ը այս հայտարարությունների հետ կապված զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:
«Նախ եւ առաջ ասեմ, որ Միշելը իրեն նմանեցրեց Չեմբեզլենի հետ եւ սա միանշանակ է, որ ներկայիս եվրոպան իրեն նույնացրեց նացիստների հետ, փաստորեն դավադրություն իրականացնող եվրոպայի հետ ու սա միանշանակ է, որովհետեւ այն ինչ ասում է այդ մարդը, ուղղակի խայտառակություն է, սա հանցագործություն է ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ: Սա փաստորեն նշանակում է, որ բոլոր այդ գաղափարները ֆիկցիա են դարձել, հենց նույն այդ կազմակերպությունների կեղմից, որոնք թվում է թե պետք է պահպանեն այդ ամենը: Ինչ է նշանակում ժողովրդավարական Արցախը բռնակցել նացիստական երկրի հետ: Այսինքն նույն կրկնում են, ուրիշ ոչ մի բան: Ուժերը բոլորը նույն մոտեցումը ունեն, սա բոլորիս համար պետք է պարզ լինի: Բայց մենք պետք է շնորհակալ լինենք, մի բանի համար, որ վերջապես բացահայտվեց ճշմարտությունը, որ իրենք այդպես են տեսնում, սա անընդունելի է մեզ համար»:
Բաբայանը նշում է, որ պետք է նախ եւ առաջ հասկանանք՝ ով ենք մենք եւ ինչ ենք ուզում:
«Փաստորեն մեզ մնում է 2 բան՝ նախ եւ առաջ Հայաստանը պետք է հաստատի կամ հերքի Քեմբերլենի ասածը, արդյոք մյունխենյան դավադրություն է տեղի ունենում, թե չէ, թող դա հայտարարեն պաշտոնապես: Իսկ Միշելը, փաստորեն 86. 6 քառ.-ը նշելով, ասում է, որ Հայաստանը ճանաչել է, թե Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում: Հիմա պետք է Հայաստանը պատասխանի պաշտոնապես ու հստակ, քանի որ մենք յաթաղանի տակ ենք: Պետք է հասկանալ, թ ովքեր են մասնակցում այս դավադրությանը: Պետք է հասկանալ, ուր են այդ մարդու իրավունքների պաշտպանները, որոնք բղավում էին, ուր են հակառուսական մոլագարները՝ մոռանալով ազգային շահը, ուր են: Իսկ մենք այդ իրավունքը վաստակել ենք բոլորի հետ գլուխներս բարձր խոսելու, քանի որ չենք եղել ոչ ռուսամոլ, ոչ արեւմտամոլ, միշտ եղել ենք ազգային շահերի կողմ, հիմա պատասխաններ ենք պահանջելու բոլորից: Թե մեր իշխանություններից այստեղի, թե Հայաստանի իշխանություններից»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը: