ԵՊՀ ռեկտորը հաղթել է լրատվամիջոցներին. գումար է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը դիմել է դատարան և հայց ներկայացրել մի քանի լրատվամիջոցներին և գումարի պահանջել նրանցից՝ իրեն զրպարտելու համար: Արդյունքում դատարանը կայացրել է որոշում.

«1. Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ «Երևան Թոդայ» լրատվական կայքի, «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերության, «Պոլիտիկ Էյ Էմ» լրատվական կայքի, «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին, բավարարել մասնակի: 1.1. Պարտավորեցնել «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները՝ ներքոշարադրյալ լրատվամիջոցով՝ հետևյալ բովանդակությամբ և կարգով. https://yerevan.today/ լրատվական էլեկտրոնային կայքում հրապարակել հետևյալ տեքստը. «10.08.2021 թվականին հրապարակված՝ ««ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը գրագողությամբ կենսագրություն է կեղծել» վերտառությամբ հոդվածում և «Սկանդալ է հասունանում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի շուրջ» վերտառությամբ հոդվածում Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի վերաբերյալ հրապարակվել են զրպարտություն պարունակող արտահայտություններ՝ կենսագրությունը կեղծելու և դոկտորական ատենախոսության գրագողության մասին, որոնք չեն համապատասխանում իրականությանը»: Հերքումն իրականացնել «Հերքում» խորագրի ներքո, որն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:

Լրատվական համապատասխան կայքում հերքումը հրապարակելու անհնարինության դեպքում՝ հերքումն իրականացնել առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում կամ նման լրատվամիջոցի կայքում: 1.2. «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերությունից հօգուտ Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում: Հովհաննես Հովհաննիսյանի հայցը՝ մնացած մասով, մերժել: 2. Թիվ ԵԴ/37855/02/21 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի ընդդեմ «Երևան Թոդայ» լրատվական կայքի և «Պոլիտիկ Էյ Էմ» լրատվական կայքի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին, կարճել՝ վեճը քաղաքացիական դատավարության կարգով դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: 2. «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերությունից հօգուտ Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի բռնագանձել 14.000 ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցի մասով պետական տուրքի նախապես վճարված գումար: «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերությունից հօգուտ Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Դատական ծախսերի հարցը՝ մնացած մասով, համարել լուծված: 3. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան»։

Ք. Մ.




Լրահոս