Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում ռեկորդային քանակի կոկաին են առգրավել՝ 2.7 տոննա: Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Կոկաինը նախատեսված էր Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ANSA գործակալությունը:
Թմրանյութերի միջազգային շրջանառության դեմ պայքարի գործողությունը համակարգել և գլխավորել է Ռեջո Կալաբրիայի շրջանի մաֆիայի դեմ պայքարի վարչությունը:
Ըստ վարչության տարածած մամուլի հաղորդագրության՝ առգրավված թմրանյութը եղել է «չափազանց բարձր որակի և հիանալի պահպանված վիճակում»: Այն թմրանյութեր վաճառողներին կբերեր շուրջ 800 միլիոն եվրոյի եկամուտ:
ANSA-ն նշում է, որ 2021 թ.-ի հունվարից մինչև հիմա Ջոյա Տոաուրոյի նավահանգստում իրավապահների կողմից առգրավվել է 37 տոննա կոկաին: