
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են ավելի քան չորս տասնյակ երկրների առաջնորդներ և պատվիրակությունների ղեկավարներ:
Հյուրերին գագաթնաժողովի սկզբում դիմավորել են Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի շրջանակում ելույթ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը և այլք:
Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը մասնակցել է ժողովրդավարության թեմայով կլոր-սեղան քննարկմանը:
Գագաթնաժողովի աշխատանքները կշարունակվեն մայիսի 17-ին: