Եվրոպան այսուհետ ավելի հասանելի կդառնա Հայաստանի քաղաքացիների համար: 12 տարվա դադարից հետո` մայիսի 17-ին, լատվիական ավիափոխադրող airBaltic ավիաընկերությունը վերսկսում է Ռիգա-Երևան-Ռիգա ուղիղ չվերթները:
Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:
Ռիգա – Երևան – Ռիգա երթուղու առաջին չվերթը մեծ շուքով դիմավորեցին Զվարթնոց օդանավակայանում:
ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է չվերթների վերականգնման կարեւորությունն ու ավիաընկերության առանձնահատկությունները:
Air Baltic ավիաընկերության աշխատակից Սանդրա Մայորը մեծ հնարավորություն է տեսնում Հայաստան-Լավիա տուրիստական կապերը զարգացնելու համար:
AirBaltic ավիաընկերության ավիապարկը համալրված է նոր էյրբաս A220-300 օդանավերով: airBaltic ավիաընկերությունը հիբրիդային է եւ ապահովում է ոչ միայն էկոնոմ, այլ նաեւ բիզնես կարգի ծառայությունները:
Չվերթը մեծ ոգևորություն է առաջացրել նաեւ քաղաքացիների շրջանում, ովքեր երկար դադարից հետո Երևանից Ռիգա եւ հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթով մեկնելու հնարավորություն են ստացել:
Մեկնելով Երևանից Ռիգա՝ նոր հնարավորություն է ընձեռվում շարունակել ուղևորությունը Ռիգայից ավելի քան աշխարհի 70 երկրներ:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան