Աշխարհի 400 լավագույն բուհերի շրջանավարտների աշխատավարձը մասամբ կսուբսիդավորվի, եթե աշխատեն հայկական ընկերությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային բուհական վարկանիշում ընդգրկված 400 լավագույն բուհերի շրջանավարտներին աշխատանքի ընդունելու դեպքում պետությունը նրանց աշխատավարձի որոշակի սուբսիդավորում կկատարի:

Այս մասին այսօր Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին մանրամանսնել սուբսիդավորման չափերը:

Ըստ նախարարի՝ սուբսիդավորումը արվում է 20 տոկոսով։

«Եթե մարդը, որն ընդունվում է աշխատանքի, ավարտել է 400 լավագույն համալսարաններից մեկը կամ մի քանի տարվա աշխատանքային փորձ ունի առաջնակարգ ընկերություններում։ Սահամանափակում չկա, թե ինչ ազգության մասնագետ է։ Եթե հայ է, լավ է, եթե հայ չէ, էլի նույնքան լավ է, էլի ոչ մի խնդիր չկա։ Նպատակ կա ընկերություններում ներգրավվել բարձրակարգ մասնագետների, որոնք իրենց հետ կբերեն միջազգային փորձ ու գիտելիքներ»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ 50 տոկոս սուբսիդավորում են այն մարդկանց, որոնք, բավարարելով 400 բուհերն ավարտելու պայմանը, նաև ունեն դոկտորական աստիճան (PHD):

«Այս պարագայում նպատակը գիտնականներին հայկական ընկերություններում աշխատանքի ընդունելն է: Գիտեք՝ վերջերս հրապարակված «Գլոբալ ինովեյշն» ինդեքսում բացահայտվել էր, որ հայկական ընկերությունները շատ քիչ են գիտություն օգտագործում իրենց ապրանքներում, և մեր խնդիրն է ավելացնել գիտության մասնաբաժինը մեր արդյունաբերության, մեր բիզնեսի մեջ»,- նկատեց Քերոբյանը:

Ըստ նրա՝ պետությունը 70 տոկոսով կսուբսիդավորի հայկական ընկերություններում աշխատանքի անցած 400 լավագույն բուհերի այն շրջանավարտների աշխատավարձը, որոնք դասավանդում են համալսարաններում և կրթական հաստատություններում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ պետք է նմանատիպ ծրագրերի մասին իրազեկել, քանի որ աշխատավարձի սուբսիդավորման որոշումը լուրջ ներդրում է ընկերությունների և երկրի զարգացման գործում:




Լրահոս