ՍԵՎԱՆԱ ԼԻՃՆ ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ Է ՄԱՏՆՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Սեւանա լճի հարցով լուրջ քննարկում-խորհրդակցություն էր կազմակերպվել: Ըստ պաշտոնական տեղեկության` ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը եւ այլոք  քննարկել ու եկել են այն եզրակացության, որ մինչեւ դեկտեմբեր լճի մաքրման պլանային աշխատանքները պետք է ավարտված լինեն:
Մինչ չինովնիկները կփորձեն փաստաթղթերով ամրագրել իրենց աշխատանքը, որպեսզի հիմնավորեն պետբյուջեից ծախսված գումարները, փորձենք հասկանալ, թե Սեւանա լճի ափերին իրականում ինչ է կատարվում:
Պատասխանելով «Ժողովուրդ»-ի գրությանը` ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնել է. «2011 թվականին բյուջեով նախատեսվել է 125 միլիոն 171 հազար դրամ, որով պլանավորված է մաքրել 203.4 հա տարածք: Ամբողջ ծավալը վերցված է Նորատուսի տեղամասից»: Հարցին, թե կոնկրետ որ հատվածներն են մաքրվել, որոնք նախարարությունը համարում է ավարտված եւ ինչքան գումարով, նախարարությունը պատասխանել է. «Սեւանա լճի ափերի անտառտնկարկների մաքրման ուղղությամբ 2010 թվականին 19 միլիոն 998 հազար 700 դրամ ֆինանսավորման շրջանակներում մաքրվել է 91.4 հա տարածք Լճաշենի հատվածում` Սեւան-Գավառ ճանապարհի հարեւանությամբ»:
Այսինքն` ըստ պլանի` մաքրման է ենթակա 112 հա տարածք, որի համար մնացել է 105 մլն 172 հազար դրամ գումար: Իսկ թե ինչպես են մինչեւ դեկտեմբեր ավարտելու այդ աշխատանքները, դժվար է պատկերացնել: Եւ եթե ողջ տարվա ընթացքում ընդամենը 91.4 հա տարածք է մաքրվել, ինչպե՞ս են երկու ամսում 112 հա տարածքը մաքրելու:  
Ինչեւէ, ՀՀ բնապահպանության նախարարությունը կոնկրետ Այրիվանքի հարեւանությամբ գտնվող տարածքները մաքրել է միայն ծառերից (որոնք հնարավոր է վաճառել ու շահույթ ստանալ): Թեեւ այս դեպքում մաքրել ասվածը խիստ հարաբերական է: Իսկ ջրի տակ մնացած շենք-շինությունների մասով նախարարությունը պատասխանատվությունն իր վրայից գցել է` ասելով. «Շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները չեն մտնում անտառմաքրման աշխատանքների մեջ: Այդ աշխատանքները կարգավորվում են համապատասխան միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից»:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այդ «միջգերատեսչական աշխատանքային խմբի» պատասխանատուն Յուրա Ջավադյանն է, որին այդպես էլ չկարողացանք գտնել` պարզելու, թե ինչու է զլանում կատարել իր վրա դրված պարտականությունները:
1. Բնապահպանության նախարարությունն այս հատվածը համարում է մաքրված: Շուրջ 20 միլիոն դրամը ծախսվել է նաեւ այս հատվածի վրա, որպեսզի Սեւանա լիճն այսպիսի ճահճային տեսք ունենա:
2. Շենք-շինությունները, բետոնե պարիսպները, որոնք մնացել են ջրի տակ, հավանաբար այդպես էլ կմնան, քանի որ Սեւանի հարցերով հանձնաժողովը խնդրով զբաղվում է միայն քննարկումների մակարդակով: Իսկ «Սեւան» ազգային պարկը` որպես Սեւանի խնդիրներով զբաղվելու պարտավորություն ունեցող կառույց, իր տեղում չէ:
3. Այս կանաչ տարածքն ուղղակի ճահիճ է, որտեղ գորտերն են վխտում: Իսկ տարբեր ժամանակներում քաղաքացիների` տարածքն աղտոտելու հետեւանքներն ընդհանուր զզվելի պատկեր են ձեւավորել: Հյութերի պլաստմասե տարաները հանգրվանել են ճահճի վրա:
4. արճաղբյուր գյուղի այս հատվածը երբեմնի հանգստյան վայրն է: Մարդիկ ծառերի կեսը կտրել, տարել են, մյուս կեսը մնացել է: Մի քանի ամիս անց այս կոճղերը եւս կմնան ջրի տակ:
5. Այս ճահիճը եւս Սեւանա լիճն է: Ծառերը մնացել են ջրում, եւ արդեն անհնար է մոտենալ դրանց:
6. Ժամանակին Սոթքի ոսկու հանքի բալանսում գտնվող տնակները եւս մնացել են ջրի տակ: Ու դժվար է պատկերացնել, թե ինչպես են մաքրման աշխատանքներ իրականացնողներն ապամոնտաժելու դրանք: Նշենք, որ Վարդենիս տանող ճանապարհահատվածի ափերի մաքրումը նախարարությունը պլանավորում է իրականացնել 2012 թվականին: Թե ինչ սկզբունքով է ընտրվել հրատապությունը, դարձյալ անհայտ է:

շարունակելի
Թ.Թ.




Լրահոս