ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ՈՉ ԱԶԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մամուլի ազատության օրն է: 1994թ.-ից սկսած` ամեն տարի՝ մայիսի 3-ին, նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը: Եվ չնայած ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է», սակայն լրագրող-իշխանությունների կողմից մամուլի դեմ ամենաշատ քայլերն են իրականացվել ՀՀ-ում հեղափոխությունից հետո: Հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տարեկան վերջին զեկույցում նշվել է, որ  Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է սահմանափակված մնալ՝ իշխանությունների ջանքերով։ Մասնավորապես, 2022 թվականի գարնանն Ազգային ժողովը վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը բարձրացրել է: Ավելի ուշ օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթով խորհրդարանը քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը։ Ալեն Սիմոնյանի՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո էլ խորհրդարանում սահմանափակվեց լրագրողների ազատ տեղաշարժի իրավունքը: Freedom House-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանը 55 միավորով շարունակում է մնալ «մասնակի ազատ» երկիր։ Արձանագրվել են լրագրողների նկատմամբ 20-ից ավել բռնության դեպքեր:

Այժմ անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի մի քանի որակումներին՝ արված լրագրողների հասցեին: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս աչքի է ընկել ատելության խոսքով: «Այսօր Հայաստանի լրատվական դաշտը, կներեք արտահայտությանս, վերածվել է իսկական աղբանոցի»,- քարոզարշավի ընթացքում ասել է նա։

2020 թվականի փետրվարի 20-ին Փաշինյանը հայտարարել էր. «Լրատվամիջոցների 99%-ը եւ լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել: Կամ այս տարի, խոսելով լրագրողների աշխատելաոճի մասին, Փաշինյանը նշել էր, որ իրեն զարմացնում է՝ ինչպես է լրագրողների «պարսը» հետապնդում ԱԺ պատգամավորին:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, որ նախկին լրագրող է, ընդդիմադիր թերթի խմբագիր է եղել, ամենաշատն է թիրախավորել լրագրողներին: Նրա օրոք շարունակել են ոտնահարվել լրագրողների իրավունքները, ու մամուլի ճնշման համար մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ են ընդունվել:

 

 

 

 

Տարիներ առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է փակել «խնամի-ծանոթ-բարեկամով» Հայաստանի էջը եւ բացել քաղաքացիական Հայաստանի էջը: Վստահեցնում էր, որ իր վարչապետության ժամանակ «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտը չի գործելու: Բայց, արի ու տես, ինչպես մյուս դեպքերում, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի կատարում իր խոստումը, այլ փաստացի հեղափոխական իշխանությունը «խնամի-ծանոթ-բարեկամ» խմբապետական Հայաստանի նոր էջ է բացել: Պարզվում է՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, ով նախկինում Ալեն Սիմոնյանի օգնականի պաշտոնն էր զբաղեցնում, իր բարեկամներին ԱԺ-ում աշխատանքի է տեղավորում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հասմիկ Հակոբյանը պատգամավորի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանության համար դիմեց Հասմիկ Հակոբյանին, որը, բնականաբար, չհերքեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ ոչ մեկը չպետք է տուժի՝ մյուսի պաշտոնով պայմանավորված: Այսպիսով, պատգամավորը փորձում էր համոզել, թե իր հայրը ԱԺ-ում է աշխատում՝ ոչ իր գործոնով պայմանավորված, մինչդեռ հայտնի ճշմարտություն է, որ պատգամավոր Հակոբյանի հայրը աշխատանքի է տեղավորվել ԱԺ-ում, երբ Ալեն Սիմոնյանն է դարձել ԱԺ նախագահ, եւ նախկինում երբեք չի աշխատել ԱԺ-ում: Ստացվում է՝ «ԽԾԲ»-ական գործելաոճը մերժող հեղափոխականները ոչ միայն չեն հրաժարվել նախկինների արատավոր բարքերից, այլ հենց իրենք են «ԽԾԲ»-ն ծաղկեցրել գրեթե բոլոր ոլորտներում: Շարունակելի…

 

 

 

 

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները, բնականաբար, մեծ հետաքրքրություն են առաջացրել Լաչինի միջանցքում տեղադրված անցակետերի ֆոնին: Երեկ Աժ իշխանական պատգամավորների շրջանում հարցուփորձ արեցինք՝ ինչ գիտեն, ինչ է կատարվում Արցախի շուրջ: Արդյոք Արցախի Հանրապետությունը ունի՞ ապագա, եւ որտե՞ղ է այն: Պարզվեց, որ իշխանականների միայն նեղ շրջանակ է տեղյակ, թե ինչ են բանակցում հայկական եւ ադրբեջանական կողմերը Վաշինգտոնում. շատ դեպքերում ՔՊ-ականները մամուլից են տեղեկանում բանակցությունների մանրամասների մասին: Կարելի է ասել՝ ՔՊ-ականները շունչները պահած սպասում են, որ այսօր Փաշինյանը խորհրդարանում կներկայացնի՝ ինչ է բանակցում Հայաստանը Վաշինգտոնում, ի վերջո, նոր փաստաթուղթ լինելու է, թե ոչ:  Իշխանական պատգամավորներն իրենք էլ հասկանում են, որ պահն իսկապես լուրջ է, դանակը ոսկորին է հասել, եւ Հայաստանն այլեւս մանեւրելու տեղ չունի, դրա համար էլ փորձում են հանրության ականջին կաթեցնել արցախահայությանը Ադրբեջանի կազմում որպես էթնիկ փոքրամասնություն դիտարկելու հնարավորության մասին, իրենց խոսքով՝ միջազգային հանրության անվտանգային երաշխիքների առկայության պայմանով: Իսկ թե ինչ երաշխիքներ են դրանք, ով պետք է տա այդ երաշխիքները, կամ այդ երաշխիքները կարող են արդյոք զսպել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները, թերեւս իշխանականներն իրենք էլ չգիտեն:

 

 

 

 

 

Հաշվեքննիչ պալատը խնդիրներ է հայտնաբերել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի կողմից կնքված 9 վարձակալության պայմանագրերում չի պահպանվել անտառների վարձավճարների սահմանված նվազագույն չափը: Այս հանգամանքը հանգեցրել է մի իրավիճակի, որ 2019-2020 թվականների ժամանակահատվածում 14 մլն դրամի վարձավճարներ չեն գրանցվել: Այլ խախտումներ եւս կան. բացակայում են ՊՈԱԿ-ի «Մեկ անձից գնում» ընթացակարգի համաձայն կատարված գործարքների հաշվետվությունները: Նաեւ մատուցվել են այնպիսի ծառայություններ, որոնք նորմատիվ իրավական ակտերի կանոններով չեն եղել: Նշենք, որ այս ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանն արդեն իշխանական թիմի ներկայացուցիչ էր: Նա 2019 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, 2020 թվականի ապրիլի 8-ին՝   «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն: Նա նախկինում այդ  ՊՈԱԿ-ում էր աշխատում, այսինքն՝ նա հեղափոխական գործիչ չէ, սակայն այդ հանգամանքն էլ չի խանգարում, որ նրա գործունեության ընթացքում եւս խնդիրներ լինեն:




Լրահոս