ՆԱԽԿԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մամուլի ազատության օրն է: 1994-ից սկսած` ամեն տարի՝ մայիսի 3-ին, նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը: Այս տոնը նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը, իսկ 1993-ի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այն տոն է հռչակել: Այս տոնը նշվում է նաեւ Հայաստանում:

 

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»:

Սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո ազատ մամուլի հանդեպ ճնշումներն ու անհանդուրժողական մթնոլորտն ավելացել է, եւ սա՝ այն դեպքում, երբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին լրագրող է, ընդդիմադիր թերթի խմբագիր է եղել: Սա չի խանգարել, որպեսզի հենց նրա իշխանության օրոք սկսեն ոտնահարվել լրագրողների իրավունքները, ու մամուլի ճնշման համար մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ կյանքի կոչվեն:

Խոսքի ազատության դեմ իրականացվող քայլերի մասին նաեւ միջազգային կառույցներն են բարձրաձայնել: Ընդ որում, լրատվամիջոցներին առնչվող ամենավատ օրինագծերի հեղինակները նախկին լրագրողներ են: Անգամ լրագրողական կազմակերպությունների դիտարկումով՝ վերջին տարիներին մեդիային առնչվող օրենսդրական փոփոխությունները ռեգրեսիվ բնույթ են կրում։ Հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տարեկան վերջին զեկույցում եւս նշվել էր, որ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է սահմանափակված մնալ իշխանությունների ջանքերով։ Մասնավորապես, 2022 թվականի գարնանն Ազգային ժողովը վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը բարձրացրեց։  Ավելի ուշ օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթով խորհրդարանը քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը։ Ալեն Սիմոնյանի՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո էլ խորհրդարանարում սահմանափակվեց լրագրողների աշխատանքը լիագումար նիստերի օրերին:

Freedom House-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանը 55 միավորով, ինչպես եւ նախկինների ժամանակ, շարունակում է մնալ «մասնակի ազատ» երկիր։ Արձանագրվել են լրագրողների նկատմամբ 20-ից ավել բռնության դեպքեր. բողոքի ակցիաների ժամանակ բռնությունների են ենթարկվել հասարակական գործիչներ, քաղաքացիներ եւ լրագրողներ։

Իսկ այժմ անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի մի քանի որակումներին՝ արված լրագրողների հարցերին: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս աչքի է ընկել ատելության խոսքով եւ սպառնալիքներով։ Քաղաքական գործիչների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելուց զատ, Նիկոլ Փաշինյանը սպառնում եւ վիրավորում էր նաեւ լրագրողներին եւ լրատվականներին: «Այսօր Հայաստանի լրատվական դաշտը, կներեք արտահայտությանս, վերածվել է իսկական աղբանոցի»,- քարոզարշավի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ 2020 թվականի փետրվարի 20-ին Փաշինյանը հայտարարել էր. «Լրատվամիջոցների 99%-ը եւ լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել»: Այս տարի, խոսելով լրագրողների աշխատելաոճի մասին, Փաշինյանը նշել էր, որ իրեն զարմացնում է՝ ինչպես է լրագրողների «պարսը» հետապնդում ԱԺ պատգամավորին:

Ահա թե ինչպես է փոխվել լրագրողի իշխանությունը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմն Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրել մայիսի 1-ին. այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա տեղեկագիրը։

Տեղեկագրում նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում. տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։

 

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Մայիսի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավայի հետ:

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը կողմերն անդրադարձել են Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցերի։ Կարեւորվել է Հայաստանի եւ Վրաստանի մաքսային ծառայությունների միջեւ առկա բազմաշերտ համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը։

 

 

 

 

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

Թուրքմենստանը կստեղծի ԱՄՆ-ի հետ 2023-24թթ. համագործակցության ճանապարհային քարտեզ եւ երկու երկրների միջեւ այցելությունների կազմակերպման շրջանակային պլան. տեղեկացրել է կառավարության ծպռՑՐՈսՖվօռ ՁցՐՍՎպվՌրՑՈվ ռուսալեզու թերթը։

«Նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին են ներկայացվել առաջարկներ 2023-24թթ. համագործակցության ճանապարհային քարտեզի ստեղծման մասին Թուրքմենստանի եւ ԱՄՆ-ի միջեւ գործընկերությունն ակտիվացնելու նպատակով, ինչպես նաեւ Թուրքմենստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տարբեր մակարդակների այցելությունների կազմակերպման շրջանակային պլանը»,- նշվել է հաղորդագրությունում։

Հավանություն տալով այդ առաջարկներին՝ Թուրքմենստանի ղեկավարը նշել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միջպետական երկխոսության ավանդական բարեկամական բնույթը, որը վերջին տարիներին նոր լիցք է ստացել։

«Նշելով բազմամյա փոխգործակցության պատկառելի փորձի եւ դրա հետագա զարգացման համար ազդեցիկ պոտենցիալի առկայությունը՝ նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը հանձնարարել է շարունակել համապատասխան աշխատանքն այդ ուղղությամբ»,- ընդգծել է պարբերականը։

 

 

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է հանդիպեն նաեւ Մոսկվայում: Այդ մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն ժամկետների մասին տեղեկություններ առկա չեն:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը կկայանա Մոսկվայում: Այս օրերին ԱՄՆ-ում բանակցություններ են արտաքին գործերի նախարարների մակարդակով:

ԱՄՆ-ի ներգրավվածության հանգամանքը քննադատվել էր ՌԴ կողմից, եւ Զախարովայի կողմից շեշտվել էր այն հանգամանքը, որ իրենք եւս պատրաստ են ընդունել երկու կողմերին: Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների երեկ մեկնարկած բանակցությունները մի քանի օր կտեւեն. նրանք մի քանի տարբեր հանդիպումներ կունենան շաբաթվա ընթացքում։ Նպատակը, ինչպես նշում են ամերիկացի դիվանագետները, խաղաղության երկարատեւ հեռանկարն է։

 

 

 

 

ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԹՈՒՐՔԻԱ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին:

Ազգային ժողովի նիստում Բաբկեն Թունյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում Վաշինգտոնում ընթացող բանակցություններին, ասաց. «Վաղը չէ մյուս օրը մենք սեւծովյան պատվիրակության անդամներով մեկնում ենք Թուրքիա, Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում: Եվ այդ պատվիրակության անդամ եք նաեւ Դուք: Դուք հարցնում եք, թե Ռուբեն Ռուբինյանն ինչու է գնում, ես էլ ասում եմ՝ Դուք ինչո՞ւ չեք գալիս: Շատ լավ ամբիոն էր. գայիք, Ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեիք, լիքը խնդիրներ կան, օգնեիք, որ մենք մեր տեսակետը տանեինք առաջ: Սա ուղիղ վերաբերում է Ձեր պարտականություններին»:

Թունյանը նշեց՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը շատ բարդ կազմակերպություն է՝ շատ բարդ օրակարգով, եւ լիքը լուծելու հարց կա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ կոչ արեց Գեղամ Մանուկյանին միանալ իրենց ու գնալ Թուրքիա:

 




Լրահոս