ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը եւս 6 ամսով երկարաձգել։

 

Քոչարյանն ասաց, որ քննիչ հանձնաժողովն աշխատանքի ընթացքում պահանջել եւ ստացել է 4 հազար 154 գաղտնի եւ հույժ գաղտնի տեքստային եւ գրաֆիկական փաստաթուղթ՝ 14 հազար էջից ավելի ծավալով։ Նա նշեց, որ այդ փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրությունը շարունակվում է։

«Որոշվել է հրավիրյալների ցանկը, որի հիման վրա հրավիրվել են եւ հրավիրվում են գործող եւ նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ եւ զոհվածների հարազատներ, որոնք նույնպես անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ եւ տեսաձայնային նյութեր։

Վերը նշված լսումների եւ զրուցների ընթացքում ստացված տեղեկությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ ուսումնասիրման նպատակով դիմել համապատասխան կառույցներին եւ ստանալ փաստաթղթերի նոր քանակ։ Հրավիրյալների լսումները շարունակելու եւ փաստաթղթերի նոր ծավալը ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հանձնաժողովի աշխատանքների հաջորդ փուլը, որի համար խիստ անհրաժեշտ է հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել եւս 6 ամսով»,- ասաց Քոչարյանը, որը հանդիսանում է տվյալ հանձնաժողովի նախագահը։ Պատգամավորը վստահեցրեց, որ սա վերջին երկարաձգումը կլինի, եւ քննիչ հանձնաժողովը այդ որոշումն արդեն իսկ հաստատել է։

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ շատ քիչ մարդիկ են եղել, որոնք հրաժարվել են ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին, սակայն ապագայում նման դեպքերը բացառելու համար հանդես են գալու օրենսդրական նախաձեռնությամբ։ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ Քոչարյանն ասաց, որ նախատեսում են խստացնել եւ պատասխանատվության ենթարկել  ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու կամ տեղեկություն չհայտնելու համար։

«Ընդդիմությունը առանձին զրույցներում դրական է տրամադրված եղել, երբ մենք որոշել էինք «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարել եւ խստացնել քննիչ հանձաժողով չներկայանալը։ Ասեմ, որ շատ քիչ մարդիկ են եղել, որոնք, չգիտես ինչու, մերժել են եւ չեն ներկայացել, բայց համոզված եմ, որ գալու են՝ լինի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը, թե զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։ Եթե չգան, նշանակում է, որ իրենք խուսափում են մի բանից, որ չօգտվել այս հնարավորությունից պարզապես անհնար է պատկերացրել»,- ընդգծեց Քոչարյանը։

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝  «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը պատրաստ է եւ շուտով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

«Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը կներկայացնի այդ նախաձեռնությունը, եւ ապագայի համար այս գործիքը պետք է գալու»,- եզրափակեց Քոչարյանը։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ

Մայիսի 2-ին հրկիզման միջոցով գույքի դիտավորյալ ոչնչացման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 03։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում գործող «Մհուբ» մարկետում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջները մարել են խանութի մուտքի ներսի հատվածում բռնկված հրդեհը, ինչի շնորհիվ կանխվել է կրակի տարածումը։ Ու եթե հրշեջները օպերատիվ չգործեին, խանութի ողջ գույքը վերածվելու էր մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել դիտավորյալ հրկիզում, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել է երկաթե ձող, որով կոտրել են խանութի մուտքի դռան ապակին, ապա դիզվառելիք են լցրել ներս, փայտի ծայրին ամրացված կտորը վառել ու կրակը նետել են խանութի ներս։ Երջանիկ պատահականությամբ այդ պահին կրակը տեսել է քաղաքացին, որն ահազանգել է 911։

 

 

 

ՎԹԱՐՆԵՐ՝ ՓՈՇԵՓՈԹՈՐԿԻՑ

ԱՄՆ-ի Իլլինոյսի նահանգում փոթորիկը փոշու ամպեր է բարձրացրել եւ տասնյակ ավտովթարների պատճառ դարձել, որոնց հետեւանքով առնվազն վեց մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել:

Ոստիկանության տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների են ենթարկվել 40-ից 60 ավտոմեքենաներ եւ մի քանի քարշակներ, որոնցից երկուսը այրվել են։

«Առնվազն վեց մարդ է զոհվել, բոլորը՝ դեպի հյուսիս տանող ճանապարհներին, իսկ ավելի քան 30 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց», – նշել են իրավապահները:

Վթարների պատճառը եղել է սաստիկ քամին, որը փոշի է  բարձրացրել գյուղատնտեսական հողատարածություններից եւ հանգեցրել զրոյական տեսանելիության։

«Միակ բանը, որ կարող էինք լսել, երբ մեզ հարվածեցին, այն էր, որ մեր հետեւում մեկը մյուսի հետեւից մեքենաներ էին բախվում իրար», – ասել է Թոմ Թոմասը, որը մեկնում էր դեպի Սենթ Լյուիս:

Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ փոթորկի ժամանակ քամու արագությունը տատանվել է ժամում 56-ից մինչեւ 74 կիլոմետր:

 

 

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում Ճանապարհային ցանցի բարելավման դրամաշնորհային եւ վարկային ծրագրերի նկատմամբ համապատասխանության վերաբերյալ: Ըստ այդմ, արձանագրվել է, որ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի շրջանակներում 19 մլրդ 36 մլն դրամ գումարի կապիտալ ծախսումները չեն ավելացվել ասֆալտբետոնյա ճանապարհների հաշվեկշռային արժեքին. դրանով խախտվել է պարտադիր պահանջի կատարումը:

Նույն ուսումնասիրության արդյունքներով՝ այդ ծրագրի շրջանակներում 6 մլրդ 171 մլն դրամի ասֆալտբետոնյա ծածկույթի վերին շերտի աշխատանքներն ընդունվել եւ վճարվել են առանց ավտոմոբիլի անիվի կառճումը ծածկից կամ ծածկի անողորկությունը ստուգելու: Այլ խնդիրներ եւս առկա են:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս