Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների ամսական դրամական ապահովության չափը սահմանել օրենքով սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի չափով եւ առաջադիմության համար՝ 50 000 դրամ չափով:
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար սահմանված ամսական դրամական ապահովության չափերը բավականին ցածր են՝ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ապագա սպաների մասին, որոնց ուսումնառության պատշաճ կազմակերպման, արժանապատիվ կեցության ապահովման հանգամանքը էական նշանակություն ունի սպայի կերպարի ձեւավորման, զինվորական ծառայության ընտրության նկատմամբ վստահության եւ գրավչության գործընթացի համար:
Ներկայումս կուրսանտների համար գործող դրամական ապահովության ցածր չափերն իրենց ազդեցությունն են թողնում նաեւ 17-18 տարեկան պատանիների կողմից կադրային զինվորական ծառայության ընտրության որոշման վրա՝ նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ, օրինակ, ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողների վարձատրությունը, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն, նախատեսված է նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Բացի այդ, Կառավարության ծրագրային քաղաքականությունն ուղղված է ռազմական կրթության որակի, զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը, զինծառայողների վարձատրության եւ սոցիալական երաշխիքների ծավալների ավելացմանը, որի դրսեւորումներից էր նաեւ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած եւ ՀՀ զինված ուժերում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպաների համար 2022 թվականին օրենքով սահմանված բնակարանային ապահովության նոր իրավունքը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների ամսական դրամական ապահովության չափը եւս նախատեսել ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողների վարձատրության չափով՝ ամսական դրամական ապահովության հաշվարկում պահպանելով նաեւ առաջադիմության համար սահմանված բաղադրատարրը, միաժամանակ գործող 10.000 դրամ չափը սահմանելով 50.000 դրամ:
Նախատեսվում է առաջարկվող ամսական դրամական ապահովությունը կիրառել 2023թ. սեպտեմբերի 1-ից:
Որոշման նախագծի ընդունումը 2023 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում հանգեցնում է լրացուցիչ միջոցների անհրաժեշտության. հաշվի առնելով 2023թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների, ինչպես նաեւ յուրաքանչյուր տարվա համար ՀՀ կառավարության որոշմամբ ՌՈՒՀ-երի ընդունելությանը հատկացվող տեղերի քանակը՝ տարեկան կտրվածքով լրացուցիչ միջոցների չափը կարող է կազմել մինչեւ 2,463,877.50 հազ. դրամ, որն իրականացվելու է պետական բյուջեով Պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
ՏԱՐԵՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանի նախագահությամբ տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների եւ ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նիստի օրակարգում մշակվող ժողովրդագրության ռազմավարության մեջ տարեց անձանց դերակատարումն ու նրանց ներուժի օգտագործման հնարավորությունների, ինչպես նաեւ տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական չափաքանակների ներկայացումն էր 2024-2026 թթ. ՄԺԾԾ հայտի համատեքստում։
Նախարարի տեղակալը, ընդգծելով տարեցների առողջ ապրելակերպի եւ ակտիվ ծերացմանն ուղղված ծրագրերի կարեւորությունը, նշել է, որ նախարարության կողմից մշակվում են ոլորտային ռազմավարություններ, այդ թվում՝ ժողովրդագրության ռազմավարությունը, որտեղ կառուցվածքային փոփոխություններին զուգընթաց իրականացվելու են նաեւ բովանդակային փոփոխություններ։ Տաթեւիկ Ստեփանյանի խոսքով՝ մեր երկիրը դասվում է ծերացող երկրների շարքին, ուստի անհրաժեշտ է վերափոխել տարեցների ոլորտում իրականացվող քաղաքականությունը, նրանց տրամադրել ոչ միայն որակյալ ծառայություններ, այլեւ ստեղծել հարթակներ՝ ինքնաարտահայտվելու, կրթվելու եւ փորձառությունը կիսելու։
Նիստի շրջանակում մասնակիցներին ներկայացվել է նոր ժողովրդագրության ռազմավարությունը. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը խոսել է առկա իրավիճակի, ծնելիության ցուցանիշների, նախատեսվող քայլերի մասին։
Նախարարության հավասար հնարավորությունների վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Հայկ Հարությունյանը նիստի անդամներին ներկայացրել է ՀՀ սոցիալական պաշտպանության բնագավառի՝ տարեց ու հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների մատուցման միջնաժամկետ ծախսային ծրագրի 2024-2026 թթ. հայտը։ Վերջինս մանրամասնել է ակտիվ ու առողջ ծերացման խրախուսման, խնամքի համայնքահեն ծառայությունների ներդրման, տարեցների հասարակություն լիարժեք ներառման, նրանց կյանքի որակի բարձրացման, ընտանիքում եւ համայնքում ապրելու համար բարենպաստ միջավայրի ու արժանապատիվ պայմանների ստեղծման ու իրենց գնահատված անհատական կարիքներին համարժեք ծառայությունների մատուցման մասին։
Հարց ու պատասխան ձեւաչափով նիստի անդամները քննարկել են նաեւ տարեցների ոլորտում առկա խնդիրները, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՈՒՄ ՆԱԽԱԳԾԻՆ
Կառավարությունը ապրիլի 27-ի նիստում հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Դրանով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկելի մասով եւ բաժանարար գոտիով անասուններ քշելու, ճանապարհի պաշտպանական գոտում առանց մշտական հսկողության անասուն արածեցնելու համար տուգանքի չափը նախատեսվում է սահմանել նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով։ Տավուշի մարզի շատ բնակավայրեր գտնվում են միջպետական կամ հանրապետական ավտոճանապարհներին, գյուղի կենտրոնով երկար ձգվում է հիմնական ճանապարհը, որտեղով գյուղի անասուններն առավոտյան արոտավայր են տանում, երեկոյան արոտավայրից բերում. անասուններն այլ կերպ չեն կարող արոտավայր տանել-բերել։ Ամեն տարի գարնանը գյուղերից անասունները սարերն են քշում, աշնանը՝ սարերից իջեցնում, անասուները գյուղերի մեջի ճանապահներով են տանում։ Տավուշի մարզի բնակիչներ կան, որոնք կարծում են, որ օրենքի նախագիծը թերություններ ունի նաեւ այն առումով, որ դրանով տուգանք նախատեսված չէ գյուղերում, դրանց հարակից տարածքներում առանց հսկողության թողնված, այլոց ցանքատարածությունները, այգիները վնասած, նաեւ բնակավայրերի տարածքում հակահիգիենիկ, հակասանիտարական վիճակ ստեղծած անասունների տերերի նկատմամբ։
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԽՈՒՐ ԴՊՐՈՑԸ
Նոյեմբերյան համայնքի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցի շենքի տանիքում արդեն երրորդ տարին է, որ բաց տեղեր կան, անձրեւները լցվում են շինության ներս՝ վնասելով պատերը։ ՌԴ Ստավրոպոլ քաղաքում բնակվող բարեկամավանցիները գումարներ էին հանգանակել հայրենի գյուղի դպրոցի շենքը նորոգելու համար։ Տավուշի մարզպետ (այժմ՝ նախկին) Հայկ Չոբանյանը դպրոցի նորոգման համար պահանջվող գումարի չափը քիչ էր նշել՝ 8,5 միլիոն դրամ, այդ պատճառով Ստավրոպոլում բնակվող բարեկամավանցիների հանգանակած 8,5 միլիոն դրամը բավարար չեղավ դպրոցի տանիքի նորոգումն ավարտելու համար։ Այժմ Բարեկամավանի դպրոցում բավարար շինանյութ կա տանիքի նորոգումն ավարտելու համար, սակայն նորոգող բանվորներին վճարելու գումար չկա։ Բարեկամավանի դպրոցի երկարամյա տնօրեն Ատղիկ Ազատյանից տեղեկացա, որ դպրոցն ընդամենը 14 աշակերտ ունի, չկան 2-րդ, 4-րդ, 6-դ, 7-րդ , 10 -րդ եւ 12-րդ դասարաններ. աշնանը այդ դպրոց է հաճախելու մեկ առաջին դասարանցի, սակայն մտավախություն կա, որ մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի 14 աշակերտներից ոմանք կարող են իրենց ընտանիքներով հեռանալ սահմանամերձ գյուղից։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ