
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները Արցախից հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է ընդառաջ գնալ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի առաջարկին եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ ամսում վստահության հանրաքվե անցկացնել Արցախի Հանրապետությունում:
Նշենք, որ մինչեւ հանրաքվե նշանակելը պետք է Արցախի խորհրդարանն իր հաստատումը տա այն անցկացնելու համար: Այս հանրաքվեով Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ կա՛մ «կընտրի» Արայիկ Հարությունյանին, կա՛մ նրան կմերժի: Մեր իրազեկ աղբյուրները նշում են, որ դա տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Թովմասյանի այն առաջարկին, թե պետք է Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարար, կամ Ռուբեն Վարդանյանին ինչ-որ ձեւով ներգրավել Արցախի կառավարման հարցերին, ապա այդ թեմաները ընդհանրապես չեն քննարկվում Արցախում: Այսինքն՝ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կշարունակի պաշտոնավարել, իսկ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման հարցը կորոշի արդեն արցախցին, բայց, ամենայն հավանականությամբ, Հարությունյանը հանրաքվեի միջոցով կշարունակի կրկին պաշտոնավարել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։