Թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստանոմ էր, որ քաղաքացուն չի դարձնի տուգանքի «մատերիալ», բայց հենց այդպես էլ վարվում է:
2022 թվականի ընթացքում իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերի ծրագրային ցուցանիշը բարձրացել է 52.7% ով (6.7 մլրդ դրամով): Նախորդ տարվա համեմատ այն ավել է եղել 19.4%-ով (3.2 մլրդ դրամ): Աճը հիմնականում պայմանավորված է երթեւեկության բարձր ինտենսիվության պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից հաճախակի ուժեղացված ծառայությունների իրականացմամբ եւ ՀՀ ոստիկանության տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված խախտումների համար, ՀՀ ոստիկանության կողմից կիրառված պատժամիջոցներից գանձված գումարների աճով, որոնք կազմել են 15.7 մլրդ դրամ՝ 39.5%-ով (4.4 մլրդ դրամով) գերազանցելով ծրագրված ցուցանիշը եւ 9.5%-ով (1.4 մլրդ դրամով)՝ նախորդ տարվա ցուցանիշը: Այստեղ ուշագրավ է, որ փաստացի՝ Հայաստանի բյուջեում ավել եկամուտներ են եղել տուգանքների հետեւանքով, ու այդ գումարները մուծել են շարքային քաղաքացիները: Եվ այստեղ ուշարժանը կրկին այն խոստումներն են, որով Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության: 2018 թվականի մայիսի 24-ին՝ կառավարության նիստի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր. «Քաղաքացին, այսպես ասած, տուգանվելու, կներեք էս բառիս համար, մատերիալ չէ։ Առավոտը տանից դուրս է գալիս, ասում ենք՝ «որտեղ բռնենք, տուգանելու ենք»: Էս փիլիսոփայությունը պետք է փոխվի, եւ դա չպե՛տք է հակադրել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման խնդիրներին»: Սակայն, փաստացի, այս հայտարարությունից հետո էլ քաղաքացիներին շարունակում են տուգանել:
Մինչ ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, քարոզարշավը դեռ չսկսված, առավոտից երեկո շրջում է Երեւանի փողոցներում, լինում է վարչական շրջաններում, հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ խորհրդարանական ընդդիմությունը դեռ մտորում է՝ մասնակցե՞լ ավագանու ընտրություններին, թե՞ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այս օրերին քննարկում է ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը: Ընդդիմադիր ֆրակցիային, սակայն, դեռ չի հաջողվում վերջնական որոշման գալ այս հարցում: Բանն այն է, որ ֆրակցիայում մեծամասնությունը հակված է ընտրություններին չմասնակցելու տարբերակին, քանի որ կարծում են՝ կրկնվելու է 2021թ.-ի ԱԺ արտահերթ ընտրությունների սցենարը. ինչպես այս դեպքում, ավագանու ընտրությունների դեպքում էլ, ում էլ առաջադրեն, ինչ էլ անեն՝ միեւնույնն է՝ իշխող մեծամասնությունն է հաղթելու՝ հաշվի առնելով վարչական ողջ լծակները կիրառելու նրանց հմտությունը, ինչը բազմիցս դրսեւորվել է թե’ համայնքային, թե’ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց նաեւ Ագնեսա Խամոյանից, վերջինս էլ նշեց, որ ավագանու ընտրություններին մասնակցելու կամ թեկնածուի մասով դեռ որոշում չունեն:
«Ժողովուրդ» օրաթերթին է փոխանցվել «թՏսՏր ԸՐՎպվՌՌ» թերթում հրապարակված մի հոդված, որը վերաբերում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին: Հիշեցնենք, որ նա 1994-1996 թվականներին եղել է Սպիտակի երկրաշարժի հետեւանքով աղետի գոտու վերածված տարածաշրջանում Հայաստանի կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը, եւ խայտառակ բացահայտումներ են արվում նրա գործունեության մասով: Մասնավորապես, մի դրվագ՝ Երեւանից եկած հյուրերին դիմավորելու մասին: «Գյումրիում հայտնի մարդկանցից՝ Համբարձում եւ Հակոբ Մխիթարյան եղբայրներից առաջինը «Վան» համալիրի տնօրենն է, իսկ երկրորդը աշխատում է ռեստորանում։ Երբ Քոչարյանն ու թիմը բնակություն հաստատեցին պանսիոնատում, Մխիթարյան եղբայրներն անգամ իրենց պարտքն էին համարում հյուրասիրել մայրաքաղաքից եկածներին, բայց հետո պարզվեց, որ նրանք պարզապես պարտավոր են դա անել: Ընդ որում՝ ծախսերը վճարել միայն ու միայն սեփական գրպանից։ Բանը հասել է նրան, որ Մխիթարյան եղբայրները վճարում են ոչ միայն ջրի, էլեկտրականության, կոմունալ ծառայությունների համար, այլեւ իրենք են գնում օճառ, անձեռոցիկներ եւ, կներեք, զուգարանի թուղթ Անդրանիկ Քոչարյանի եւ իր հյուրերի համար»,- նշված է հոդվածում: Ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 2 միլիոն 200 հազար ռուսական ռուբլի: Քոչարյանը փոխհատուցել է ընդամենը 500 հազարը, որի արդյունքում Մխիթարյան եղբայրները սնանկացել են:
ՔՊ-ական պատգամավորը չի պատժվում սեռական բնույթի հայհոյանքներ ներկայացնելու համար, իսկ շարքային քաղաքացիները նույն արարքի համար պատժվում են: Բանն այն է, որ ապրիլի 15-ին Անահիտ Վիրաբյան անուն-ազգանունով մի կին օգտատեր հայտարարեց, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Վիրաբյանն անպարկեշտ նամակը հրապարակել էր նաեւ սոցիալական ցանցի իր էջում: Եվ, չնայած պատգամավորը հայտարարեց, թե իր էջը կարծես թե կոտրել են, սակայն փաստերը հրապարակված էին, իսկ Աղազարյանը հայհոյելու համար այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել մինչ օրս: Դրան զուգահեռ՝ «Ժողովորդ» օրաթերթը ներկայացնում է փաստեր, թե ինչպես են շարքային քաղաքացիները նույն կերպ հայհոյել ու խիստ պատասխանատվության ենթարկվել: Օրինակ՝ Գալուստ Զամանովի Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի հրապարակման «մեկնաբանություններ» բաժնում կատարել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ առերեւույթ ծանր վիրավորանք պարունակող հրապարակում, որով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցրել է ծանր վիրավորանք: Իսկ Արտակ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2022թ.-ի փետրվարի 25-ին մի հրապարակման տակ մեկնաբանություն է գրել՝ դարձյալ հասցնելով ծանր վիրավորանք՝ Փաշինյանի հանրային գործունեությամբ պայմանավորված։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին հայհոյելը անխուսափելի պատժելի արարք է, իսկ երբ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է հայհոյում՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մնում է անպատիժ: Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ երկար ճառեր էր ասում ու արդարության բարձրաձայնումներ անում ԱԺ ամբիոնից: