Հայաստանում բնակվողների 52 տոկոսի կարծիքով՝ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ, 26 տոկոսի կարծիքով՝ ճիշտ ուղղությամբ, 12 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցման այսպիսի արդյունքներ ստացվել են IRI-ի՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնած հետազոտության արդյունքում։ Տվյալները հավաքվել են Հայաստանում հունվարից մինչեւ մարտ ընկած ժամանակահատվածում։
Քաղաքական գործիչներից ամենամեծ վստահությունը, ըստ այդ հարցման, վայելում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հարցվածների 13 տոկոսի գնահատմամբ, 2-րդ տեղում՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է, 2 տոկոսի վստահությունն է վայելում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 1 տոկոսի վստահությունը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, իսկ հարցվածների մեծ մասը՝ 64 տոկոսը, նշել է, որ որեւէ մեկին չի վստահում։
«Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք ձեր ձայնը, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի» հարցին 21տոկոսը նշել է՝ «Քաղաքացիական պայմանագրին», 4 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին, 3 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանին», իսկ 4-րդ տեղում «Հանրային ձայն» կուսակցությունն է, որի համահիմնադիրը «Դոգ» մականունով, հայհոյախառն յութուբյան եթերներով հայտնի Վարդան Ղուկասյանն է՝ ոստիկանության նախկին աշխատակից։ Ընդ որում, վերջին՝ 2021 թվականի ընտրություններում ՔՊ-ն ստացել էր ձայների 53 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝ 21։
Ի՞նչ ակնկալիքներ ունեն հարցման մասնակիցները Կառավարությունից։ 12 տոկոսը համարում է, որ Կառավարությունը պետք է բարելավի բանակային պայմանները, ուշադրության կենտրոնում պահի ազգային անվտանգության հարցերը ու պահպանի սահմանները: 9 տոկոսի համար առաջնային է խաղաղության հաստատումը: Մարդկանց եւս 9 տոկոսն իշխանություններից ակնկալում է Լաչինի միջանցքի բացում, միեւնույն ժամանակ Լաչինի միջանցքի փակ լինելը հարցվածների մեծ մասը համարել է Կառավարության ամենամեծ ձախողումը։
Արտաքին քաղաքականության մասին. հարցվածների 63 տոկոսը հարաբերությունները շատ լավ է գնահատում Ֆրանսիայի հետ, 2-րդ տեղում Իրանն է, ապա ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, իսկ Ռուսաստանի հետ հարբերությունները շատ լավ է գնահատում միայն հարցվածների 10 տոկոսը։ 49 տոկոսի կարծիքով՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ վատ կամ որոշ չափով վատ են։ Մյուս կողմից՝ հարցվածների 50 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանի համար կարեւոր քաղաքական գործընկեր է, սակայն Ռուսաստանից կարեւոր համարվել են Ֆրանսիան, Իրանն ու Միացյալ Նահանգները։
Ո՞ր երկրներն են ներկայացնում քաղաքական սպառնալիք Հայաստանի համար. առաջին տեղում Ադրբեջանն է, ապա՝ Թուրքիան, իսկ 3-րդ տեղում, հարցվածների 24 տոկոսի կարծիքով, Ռուսաստանն է։
Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի Երեւանի նոր քաղաքապետը. ըստ հարցվածների մեծամասնության՝ առաջնային խնդիրը տրանսպորտի հարցն է, ապա՝ աղբահանության ու կանաչապատման։
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 30-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը Ուզբեկստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով դիտորդական առաքելությամբ մասնակցել է սահմանադրական հանրաքվեին։ Պատվիրակության կազմում ընդգրկվել են ՀՀ ԿԸՀ նախագահի խորհրդական Արեւիկ Նավոյանը եւ ԿԸՀ աշխատակազմի գլխավոր քարտուղար Գեւորգ Պետրոսյանը։
ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը քվեարկության նախորդ օրն այցելել է մայրաքաղաք Տաշքենդում ձեւավորված թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողով, որտեղ մանրամասն ծանոթացել է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ներկայացրել է ՀՀ-ում կիրառվող էլեկտրոնային եղանակով ընտրողի գրանցումն ու նույնականացումն իրականացող տեխնիկական սարքավորումների առաջատար փորձը, ընտրական տեղամասերի կահավորման առանձնահատկությունները։
Քվեարկության օրը ՀՀ ԿԸՀ պատվիրակությունն այցելել է մի շարք ընտրական տեղամասեր, ծանոթացել քվեարկության ընթացքին, այդ թվում՝ ստացիոնար բժշկական հաստատություններում քվեարկության կազմակերպման եւ անցկացման առանձնահատկություններին։
«ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔ»
Մայիսի 5-ին Ստամբուլում նախատեսված է «հացահատիկային գործարքի» ժամկետների երկարաձգման հարցով հանդիպում՝ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարների մակարդակով: Այս մասին Քայսերիում լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նա նշել է, որ Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայում պատերազմի հետ կապված պարենային ճգնաժամի ռիսկը վերացնելու ուղղությամբ:
«Երկու հանդիպումների ընթացքում էլ քննարկվել է հացահատիկային միջանցքի թեման։ Կողմերը հավանություն են տվել մայիսի 5-ին Ստամբուլում այդ հարցով պաշտպանության փոխնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու թուրքական կողմի առաջարկին: Նախատեսվում է քննարկել նաեւ մի շարք այլ հարցեր: Հուսով ենք, որ համաձայնագիրը կերկարաձգվի առանց որեւէ ձգձգման, քանի որ այդ գործարքը կարեւոր է ոչ միայն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար, այլեւ կարիքավոր երկրների պարենային կարիքները հոգալու տեսանկյունից»,-ասել է Աքարը։
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
«Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների՝ 2020-ից 2022 թվականներին ընդունված եռակողմ հայտարարությունների իրականացմանը»,- ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հեռանկարներին՝ Զախարովան հիշեցրել է, որ նախկինում արդեն խոսել է այդ մասին, հայտարարել հանդիպման մասին. «Երեւանն ու Բաքուն հաստատել են իրենց պատրաստակամությունը։ Ժամկետների մասին կհայտարարվի ավելի ուշ»:
Բանակցություններն ընթանում են ոչ թե Ռուսաստանի, այլ ուրիշ երկրների մասնակցությամբ, համապատասխանաբար, գործընթացի մասին պետք է հետաքրքրվել անմիջական մասնակիցներից. այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին։
«Ըստ արդյունքների՝ երբ համապատասխան հայտարարություններ արվեն, կողմերից յուրաքանչյուրը կարտահայտվի, հնարավոր կլինի տպավորություն ստեղծել, եւ, հնարավոր է, դա մեզ իրավունք կտա մեկնաբանելու։ Դա կլինի ավելի ուշ»։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել հումանիտար իրավիճակին, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետեւանքով։ Ադրբեջանական կողմն իր հայտարարությունում միայն արձանագրել է, որ քննարկվել են անվտանգության եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։
Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտեւեն մի քանի օր։