ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտային կամ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակ ունի, բայց Ադրբեջանի մաս չէ։ Հարությունյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը: «Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ-ն) դե-ֆակտո կայացել է 1992-94 թվականներին Ղարաբաղյան առաջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի արդյունքում։ Միջազգայնորեն ճանաչվել է ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը։ Միջազգային բանակցություններում ցայսօր չկա ոչ մի պայմանավորվածություն ինչպես ԼՂՀ կարգավիճակի, այնպես էլ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի սահմանազատման գծի շուրջ։ Կարգավիճակի շուրջ որեւէ համաձայնություն չկա նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը շարունակում է ունենալ հակամարտային կամ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակ, բայց ոչ երբեք Ադրբեջանի մաս»,- ասել է Հարությունյանը։

 

Բաքուն քանիցս Երեւանից է պահանջել ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հերթին պդնել է, որ այժմ ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարն ինքն իր հայտարարությունը խմբագրի եւ հայտարարի «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Հարությունյանն ասել է, որ միջազգային հանրությունն ի սկզբանե արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տարաձայնությունների առկայության փաստը։

«Այդ պետությունների ինքնիշխանությունը ԵԱՀԿ-ի կողմից ճանաչվել էր այն պայմանով, որ նրանք իրենց հերթին ճանաչում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության շուրջ տարաձայնությունների առկայության փաստը եւ համաձայնում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվելիք խաղաղության համաժողովի ժամանակ։ Երկու պետություններն էլ տվել են նման համաձայնություն՝ դրանով իսկ ընդունելով Լեռնային Ղարաբաղի՝ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակը եւ ստանձնելով հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն», – նշել է Արցախի նախագահը։ «Դա փաստում է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները տարաձայնություններ ունեն»:

Կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարման զեկույցը խորհրդարանում ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույնն էլ ակնկալում է Ադրբեջանից։ Իսկ թե ինչպես է պատկերացնում Արցախի ճակատագիրը, ողջ նիստի ընթացքում Հայաստանի ղեկավարն այդպես էլ չէր հստակեցրել։ Փոխարենը շեշտել էր, թե Հայաստանի նախորդ իշխանություններն արդեն ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում Մադրիդյան փաստաթղթով։

Հարությունյանն ընդգծում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախի ապառազմականացման եւ այնտեղից սեփական զինված ուժերի դուրսբերման մասին։

«Մինչդեռ, բացի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումից, հենց Ադրբեջանն է շարունակել ագրեսիվ գործողությունները՝ սկսելով գրավված եւ հանձնված տարածքների անզուսպ ռազմականացումը, պայմաններ ստեղծելով Արցախի ու Հայաստանի դեմ հետագա նախահարձակ գործողությունների համար»,- նշել է Հարությունյանը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԱՅՑ՝ ԶՈՐԱՄԱՍԵՐ

Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, հետեւել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին եւ տվել համապատասխան հանձնարարականներ։

Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաեւ մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ:

Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետեւել շինարարական աշխատանքների ընթացքին:

Նախարար Պապիկյանն այցելել է նաեւ առաջնագիծ, հետեւել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին:

 

 

 

 

 

ԵՐԿԿՈՂՄ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Օրլիչին. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը` նշելով օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ երկխոսությունը եւ բարեկամական խմբերի դերը:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակի ժամանակագրությունը՝ շեշտելով, որ տարածաշրջանում խիստ անկայուն իրավիճակի համատեքստում կարեւոր է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ:

Սերբ գործընկերը նշել է, որ խաղաղությունն իրենց երկրի համար կարեւոր արժեք է, եւ ամենօրյա բանաձեւ են դարձել խաղաղության պահպանման համար ծախսվող էներգիան եւ ներդրվող ջանքերը: Նա նշել է, որ խաղաղասիրությունն այն գլխավոր նախադրյալն է, որը բնորոշում է Հայաստանին եւ Սերբիային, ինչի հիմքով էլ պետք է շարունակել համագործակցությունը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

 

 

 

 

 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵԿՆԵԼ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական պատվիրակությամբ մեկնել է Չեխիա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում ընգրկված են  27 անձ, այդ թվում՝ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Պատվիրակության կազմում է ընդգրկված նաեւ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Չեխիա մեկնող մյուս պաշտոնյաներն են Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Արփի Դավոյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալը, նաեւ աշխատակազմի այլ ներկայացուցիչներ եւս:

 

 

 

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ

Պետությունը կփոխհատուցի 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ինչպես նաեւ պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց երեխաների ու ամուսինների ուսման վարձերը։ Փոխհատուցման հերթական փուլի որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության երեկվա՝ մայիսի 4-ի նիստում։

Ներկայացված նախագծի համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերի 22-ից մինչեւ 2023 թվականի մարտի 30-ն ընկած ժամակահատվածում ԿԳՄՍ նախարարությունում բուհերի կողմից ներկայացվել են 59 ուսանողի տվյալներ, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է 16 344 800 դրամ։

Նշենք, որ փոխհատուցումը գործում է 2021թ.-ից, եւ ամեն տարի որոշման ժամկետը երկարացվում է։

2022 թվականին փոխհատուցում է ստացել 1613 ուսանող, ուսման վարձի փոխհատուցման գումարը կազմել է 382 մլն դրամ:

 

 

 

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵՆ

«Ավտոմատիկա» ՓԲԸ-ի՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը կմասնավորեցվեն: Այս մասին որոշում է կայացվել կառավարության երեկվա նիստի ժամանակ: Նշենք, որ  «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն նախկինում ՊՆ պատվերներով իրականացրել է տեխնիկայի նորոգման եւ արդիականացման աշխատանքներ: Ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ կատարվել են ուսումնասիրություններ, եւ ՊՆ-ն եկել է եզրահանգման, որ «Ավտոմատիկան» չի համապատասխանում պահանջներին: Ընկերության շենք-շինությունների մակերեսը կազմում է 12 997.6 քմ, զբաղեցված հողատարածքը կազմում է 1.977 հա, որը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն: Նախագծով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,  որոշվել է 445 մլրդ դրամ արժեքով վաճառել ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը՝ «ՌԱՖԷԼԳՐԻԳ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Նախագծով նախատեսված՝ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի պետական բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսը պետք է ուղղվի ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը պետք է ուղղվի համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:

 




Լրահոս