ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կձեւավորվեն Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, նրանց կվերապահվի միայն ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների քննությունը:

 

««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին հարցն ընդունվեց կառավարության նիստում:

«Նախագծով առաջարկվում է անհրաժեշտ նախադրյալ ստեղծել Ոստիկանությունում 4 հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության էական բարելավման եւ ծառայության գրավչության ապահովման համար: Այս առումով նախատեսվում է ստեղծել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ, ուղղաձիգ կառավարմամբ գործող տարածքային ստորաբաժանումներ, ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը: Նրանց կվերապահվի միայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման եւ հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ հետախուզական գործունեության իրականացումը»,- ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձեւավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են: Տարածքային ստորաբաժանումների ձեւավորման համար առաջարկվում է անցկացնել բաց մրցույթ:

Նախատեսվում է իրականացնել նաեւ պաշտոնային անվանափոխություն՝ օպերլիազորից անցում կատարելով քրեական ոստիկանի պաշտոնի: Կմշակվի եւ կիրականացվի քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել առնվազն բակալավրի որակավորում ունեցող քաղաքացիները եւ Ոստիկանության գործող ծառայողները: Դրանից հետո նախատեսվում է օրենսդրական փոփոխություններով սահմանել, որ Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պայմաններն են լինելու Պարեկային ծառայության կոնկրետ պաշտոնում ծառայության որոշակի ստաժ ու ապագայում ներդրվելիք քրեական ոստիկանի որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստանալը: Այլ կերպ ասած՝ ոստիկանությունում ներդրվելու է բազային եւ շարունակական կրթության գաղափարը:

Քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած, ինչպես նաեւ համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները համարվելու են հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած:

Նախատեսվում է նաեւ սահմանել, որ Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության եւ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների պետերը ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալները, ըստ այդմ՝ առանձին տեղակալի օղակ չի լինի:

 

 

 

 

ԲԺԻՇԿՆԵՐԸ ԿԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԵՆ

Հայաստանում ներդրվում է բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ:

 

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հավանություն ստացավ կառավարության նիստում:

«Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգը: 2001թ. լիցենզավորման համակարգն ինչ-ինչ պատճառներով ՀՀ-ում կասեցվել է: Եվ այս 5 տարիների ուսումնասիրությունները, շփումները եւ ընդհանուր համակարգային փոփոխությունների մեր տեսլականը չենք կարող պատկերացնել առանց մարդկային ներուժի զարգացման, որովհետեւ բուժաշխատողներն ու նրանց նկատմամբ պահանջներն են, որ պետք է լրացնեն ընդհանուր առմամբ առողջապահական ծառայությունների որակը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախագծով առաջարկվում է ներդնել 2 տիպի լիցենզավորման ինստիտուտ: Անցումային լիցենզավորումը վերաբերելու է օրդինատուրայում սովորող ուսանողներին: Նախարարը սա կարեւոր քայլ համարեց՝ ուսանողներին ուսումնառության ընթացքում գործնական ու աշխատանքային փորձառություն ունենալու հնարավորություն տալու առումով: «Եվ այս անցումային լիցենզիայի շրջանակներում, իհարկե, բժշկի հսկողության տակ մեր օրդինատորներն ու ռեզիդենտները հնարավորություն կունենան մասնագիտական գործունեությամբ զբաղվել եւ իրենց հմտությունները նաեւ լավացնել»,- ասաց Ավանեսյանը:

Հաջորդը կրթությունն ամբողջությամբ ստացած մասնագետների մասնագիտական լիցենզիան է: Լիցենզիաները տրվելու են 5 տարի ժամկետով: 2024թ. հունվարի 1-ից կսկսվի անհատական լիցենզիաների տրամադրումը միայն դեռ օրդինատորների համար, այսինքն՝ սահմանափակված ձեւով, այնուհետեւ՝ 2026թ. հունվարի 1-ից համակարգն ամբողջությամբ կսկսի գործել:

Անհատական լիցենզավորումն իրականացվելու է քննական ձեւով, այսինքն՝ տրամադրվելու է որոշակի հմտությունների ստուգման պարագայում: Եվ 5  տարի հետո այն թարմացվելու, շարունակվելու է, եթե դրա կասեցման հիմքեր չկան: Լիցենզավորման կասեցման հիմք կարող է հանդիսանալ, օրինակ, բժշկական սխալը, էթիկայի նորմերի խախտումները, հավաստագրման պահանջների չիրականացումը:

 

 

 

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ  ՆՎԱԶԵԼ Է

Հայաստանի անկախանալուց հետո  Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից, փոքր բնակավայրերից մեծ արտագաղթ  է եղել։  Սահմանամերձ մարզի բնակավայրերում ապրողները հայրենի շեները  լքել, հեռացել են պատերազմական իրավիճակի, զբաղվածություն չունենալու, Հայաստանում տիրող անօրինականության,  օտար երկրում ավելի  լավ կյանք որոնելու պատճառներով։ Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես  գյուղից տասնյակ ընտանիքներ բնակություն են հաստատել Մոսկվայում, ուր զբաղվում են գործարարությամբ։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ  Ոսկեպար գյուղից  տասնյակ ընտանիքներ արտագաղթել են Ռուսաստանի Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաք, որը ոսկեպարցիները կատակով  Նոր Ոսկեպար են կոչում. ոսկեպարցիները  մի քանի անգամ քաղաքի մուտքին  նման  գրառումով ցուցանակ են տեղադրել, որը ռուսական  քաղաքի բնակիչները շպրտել են։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ, հեռավոր Բարեկամավան գյուղում  այժմ ապրողներից թվով առավել բարեկամավանցիներ ներկայումս բնակվում են Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում եւ Ստավրոպոլի երկրամասում։  Տավուշի մարզից նաեւ ներքին արտագաղթ է կատարվել.  սահմանամերձ եւ փոքր գյուղերի բնակիչները վերաբնակվել են Երեւանում, Հայաստանի այլ քաղաքներում։ Տավուշի մարզի սահմանամերձ եւ փոքր գյուղերում արտագաղթի տխուր հետեւանքներն ակնառու են երեկոները, երբ թաղամասերի տներում քիչ լույսեր են վառվում, առանձնատներում ապրողներն էլ  հիմնականում տարեց ամուսիններ են։ Արտագաղթի հետեւանքով անցած 30 տարում նվազել է սահմանամերձ մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը։ 20 տարի առաջ՝ 2002-2003 ուսումնական տարում, Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում սովորել է ընդհանուր թվով 21 հազար 896 աշակերտ, որոնց դասավանդել է 2 հազար 532 ուսուցիչ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատավական հարցում եմ ուղարկել՝ նրան հարցնելով 2022-2023, 2021-2022 եւ 2020-2021 ուսումնական տարիներին Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների  թվաքանակի վերաբերյալ։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է, որ այս ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցնում սովորում է  15 հազար 805 աշակերտ. 2021-2022 ուսումնական տարում  աշակերտների թիվը եղել է  16 հազար 94, իսկ 2020-2021 ուստարում՝ 16 հազար 106։ Ներկայումս  Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներում աշխատում է 1830 ուսուցիչ եւ 218 ուսուցչի օգնական: 20 տարվա ընթացքում՝ 2003 թվականից մինչեւ  2023 թվականը, սահմանամերձ  Տավուշի մարզի աշակերտների թիվը նվազել է 6 հազար 91-ով, ուսուցիչներինը՝ 494-ով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս