ՓՈՐՁՈՒՄ Է ՋՆՋԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի կողմից մայիսի 2-ին արված հայտարարությունն այն մասին, թե հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը, քանի որ այն, իբր, պատկանում է Կովկասյան Ալբանիային եւ վաղ թե ուշ կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից:

 

«Ադրբեջանի պետական մարմնի ղեկավարի այդ հայտարարությունը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում եւ հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի իշխանությունները ծրագրված գործողություններով քայլ առ քայլ իրականացնում են Արցախի հայաթափման, հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հետեւողական քաղաքականություն։

Այս համատեքստում հարկ ենք համարում հիշեցնել, որ 2020թ. նոյեմբերից Դադիվանքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ, որոնք կոչված են ապահովելու քաղաքացիների անխափան եւ անվտանգ մուտքը սրբավայր։ Ավելին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ որպես համաշխարհային առաջատար մասնագիտացված կազմակերպություն, բազմիցս ընդգծել է, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական նպատակների գործիք դառնա, եւ կոչ է արել  բոլոր անդամ պետություններին հարգել այս սկզբունքն ամբողջ աշխարհում։

2020թ. պատերազմի եւ Արցախի տարածքների բռնազավթման հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել շուրջ 1.5 հազար հայկական պատմամշակութային եւ կրոնական հուշարձաններ, այդ թվում՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, հնագիտական վայրեր, բերդեր, ամրոցներ, սրբավայրեր եւ այլն:

Ագրեսիայի 44 օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ թիրախավորել, ոչնչացրել կամ պղծել են բազմաթիվ հուշարձաններ եւ սրբավայրեր, իսկ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նախաձեռնել է հայկական պատմական եւ կրոնական ժառանգության «ալբանիզացման» քաղաքականություն՝ փորձելով ջնջել Արցախում հայկական հազարամյա ներկայության բոլոր հետքերը, ինչպես նաեւ, կեղծ պատմական թեզեր առաջ քաշելով, արդարացնել հայկական հուշարձանների ոչնչացումը կամ այլափոխումը։ Մասնավորապես, 2021թ. Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մատնացույց անելով Ծաղկավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու (XII դ.) հայերեն գրությունները, նշել է, թե դրանք կեղծ են, եւ անձամբ հրամայել է ջնջել այդ գրությունները: Ավելի ուշ Ադրբեջանում նույնիսկ ստեղծվել է «ալբանական պատմության եւ ճարտարապետության մասնագետների» աշխատանքային խումբ, որի նպատակն էր, այսպես կոչված, «ալբանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»։ Ադրբեջանական վանդալիզմի վառ օրինակներից են նաեւ պատերազմի ժամանակ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծումը, իսկ այնուհետեւ վերանորոգման քողի տակ իրականացվող այլափոխումը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) ոչնչացումը, Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ամբողջական ավերումը եւ այլն։ Վանդալիզմի այս բոլոր դեպքերը, ինչպես նաեւ Արցախի գրավյալ տարածքներում մշակութային օբյեկտների եւ հուշարձանների վիճակի գնահատման եւ դրանց պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը մերժելու Ադրբեջանի հետեւողական քաղաքականությունը վկայում են, որ Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական կոթողները վտանգված են. դրանք կա՛մ այլափոխվում, կա՛մ ոչնչացվում են Ադրբեջանի վարած հայատյաց պետական քաղաքականության հետեւանքով: Այսպիսով, Ադրբեջանը, փորձելով ամեն կերպ դուրս մղել արցախցիներին իրենց պատմական հայրենիքից, Արցախի դեմ վարում է ոչ միայն էթնիկ զտման, այլ նաեւ մշակութային ցեղասպանության քաղաքականություն»,- նշված է Արցախի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Երկրի արտաքին գերատեսչությունը կրկին դիմում է ամբողջ միջազգային հանրությանը, համապատասխան բոլոր միջազգային կառույցներին եւ, առաջին հերթին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հորդորելով ձեռնարկել հրատապ եւ արդյունավետ քայլեր՝ ապահովելու միջազգային առաքելությունների եւ համապատասխան փորձագետների մուտքն Արցախի գրավյալ տարածքներ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային օբյեկտների ու հուշարձանների վիճակը գնահատելու եւ դրանք միջազգային պաշտպանության տակ առնելու նպատակով:

 

 

 

 

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

Հայաստանում առաջարկվում է միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների միջին նորոգման համար հատկացնել 382 մլն դրամ գումար:

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ եւ գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստում:

«Նախագծով առաջարկվում է միջպետական, հանրապետական ճանապարհների միջին նորոգման համար գումար հատկացնել՝ 382 մլն դրամ: Դա մի քանի նախագծերի, հիմնականում՝ նախորդ տարի իրականացված եւ չավարտված նախագծերի համար է: Մասնավորապես՝ 382 մլն-ից 135 մլն-ը 3 ծրագրերի համար է՝ մեկը՝ Սյունիքի մարզում Գորիսից դեպի Տեղ գյուղ հատվածի աշխատանքներն ավարտելու, մյուսը՝ Իսահակյան-Գյումրի ճանապարհի Արտենի-Արագածավան-Թլիկ բնակավայրերի հատվածում, երրորդը՝ Մ2 ճանապարհից դեպի Ջերմուկ հատվածի աշխատանքներն ավարտելու համար»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը հայտնեց, որ այս հատվածներում հիմնական ասֆալտապատման աշխատանքները նախորդ տարի ավարտվել են, բայց գծանշման եւ որոշակի այլ աշխատանքներ են մնացել:

Միջին նորոգման աշխատանքները ենթադրում են ասֆալտի վերին շերտի՝ 4-6 սմ հաստությամբ հեռացում եւ նոր շերտի տեղադրում: Սանոսյանի խոսքով՝ դրանով 5-7 տարով երկարացվում է ճանապարհի կյանքը:

 

 

 

 




Լրահոս