«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում առաջիկայում հերթական մեծ հանրահավաքն է սպասվում՝ մայիսյան եռատոնին ընդառաջ: Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հանրահավաքը նախաձեռնել են Արցախի ստորագրահավաքը նախաձեռնած երիտասարդները, որոնց Հայաստանում միացել եւ ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, որը 2 օրում մոտ 5 հազար ստորագրություն է հավաքել արդեն: Հանրահավաքը Արցախում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումը, ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու պահանջով է լինելու: Հանրահավաքը նաեւ մայիսյան հաղթանակների ոգով է կազմակերպվելու, լինելու են ելույթներ՝ դրան նվիրված: Մեր տեղեկություններով՝ հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ սկսվել են. չի բացառվում, որ այդ հանրահավաքին մասնակցեն նաեւ Արցախի իշխանությունները, ինչպես նաեւ ընդդիմությունը:
Հաջորդ շաբաթ Մոսկվայում կարող է տեղի ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ արտգործնախարարների հանդիպումը: Մոսկվան է նման առաջարկով հանդես եկել: Մինչ այս, նկատենք, որ Վաշինգտոնում չորս օր շարունակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Համատեղ հայտարարության մեջ նշվում է, թե մի շարք հարցեր կողմերը համաձայնեցրել են, սակայն նաեւ տարաձայնություններ ունեն: Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ ԱՄՆ-ում մոռացել են Արցախի կարգավիճակի մասին: «Ադրբեջանը շարունակում է իր դիրքերն առաջ տանել, նա նաեւ չի զիջելու: Եթե Երեւանը համաձայնի Ադրբեջանի բոլոր պայմաններին, ապա այդ դեպքում հնարավոր է համաձայնության հասնել, հակառակ դեպքում գործընթացը կձգձգվի», – նշեց նա: Քաղաքագետի խոսքով՝ Արեւմուտքը փորձում է օգտվել աշխարհաքաղաքական իրավիճակից եւ ՌԴ-ի շուրջ զարգացումներից:
Հայաստանցի տնտեսվարողների մոտ բողոքի մեծ ալիք է հասունացել։ Պատճառն օնլայն առեւտուրն է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, այն փոքր-ինչ մեղմելու փոխարեն, ավելի է սրում։ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած տնտեսվարողների խոսքերով՝ իրենք ստիպված են լինելու փակել իրենց խանութները, առեւտրի կետերը, քանի որ օնլայն առեւտրի պատճառով չեն կարողանում ապրանք վաճառել. մեծացել է այն հաճախորդների թիվը, որոնք նախընտրում են էլեկտրոնային առեւտրային հարթակի միջոցով ձեռք բերել իրենց ուզած հագուստը, կոշիկը, պայուսակը կամ այլ իր։ Նման իրավիճակ առաջացել է ՀՀ մարզային քաղաքներում, որտեղ 4 եւ ավելի աշխատատեղ ունեցող խանութները սկսել են կամաց-կամաց փակվել՝ կուտակելով մեծ պարտքեր։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ի՞նչ է անում այս խնդիրը լուծելու համար։ Պարզվում է՝ ոչինչ։ «Ժողովուրդ» օրաթերթը տնտեսվարողների մտահոգությունները փոխանցեց նախարարին, սակայն նրա կարճ, անտարբեր պատասխանը խիստ զարմացրեց մեզ. «Կանխատեսված էր դա։ Դա բիզնես ռիսկ է»։ Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց եւս մեկ անգամ նախարարից հետաքրքրվել, թե ինչ է ձեռնարկում տնտեսվարողներին այս հարցում աջակցելու համար։ «Էն օրը Ազգային Ժողովում պատգամավորներից մեկը հարց էր տվել, ասում է՝ գյուղացիները կաղամբ են աճեցրել, չեն կարողանում ծախեն, ինչ որ ծրագիր ունե՞ք, որ ծախեն։ Ասում եմ՝ ոչ, մենք կաղամբ գնելու ծրագիր չունենք։ Նույն ձեւի մենք «Փեթակ»-ների, Չինաստանից եւ Թուրքիայից կարգոյով, առանց հարկերը վճարելու ներմուծող եւ առանց տեխնոլոգիական հագեցվածության ընկերությունների, խանութների բիզնեսը փրկելու ծրագիր չենք կարող ունենալ։ Մենք աշխատում ենք, որպեսզի Հայաստանում բիզնեսը լինի մեծ կապիտալով, բարձրակարգ, տեխնոլոգիապես հագեցած բիզնես»,- նկատեց երկրի տնտեսության համար «մտահոգ» նախարարը։ Բայց, մյուս կողմից, նկատենք, որ խանութների փակվելուն զուգահեռ՝ բազմաթիվ քաղաքացիներ ստիպված դառնում են գործազուրկ։ Էկոնոմիկայի նախարար Քերոբյանին այս խնդիրն ամենեւին չի հետաքրքրում. «Մեզ աշխատատեղերը չեն հետաքրքրում, մեզ հետաքրքրում են բարձրակարգ եւ մրցունակ բիզնեսները։ Աշխատատեղերը հետեւանք է, ոչ թե նպատակ»։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետությունում սպառողական շուկայում 12-ամսվա ընթացքում գնաճը 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, կազմել է 3.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.1%: ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2023թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2%. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.4% հավելաճ։ Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով: 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հացի 1.9%, մարգարինի՝ 2.6%, թարմ կաթի՝ 5.9%, պանրի՝ 11.4% գնաճ։ Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 10.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5% գնանկում: Ձվի գինը 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, նվազել է 1.8%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5%-ով: Մրգի ապրանքախմբում 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, գներն աճել են 6.6%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 6.3%-ով: Պանրի գինը նախորդ տարի ապրիլ ամսին տատանվել է 2036-2850 դրամի սահմաններում, իսկ այս տարի այն արժե 2660-3950 դրամ: