Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հիրոսիմայում Յոթնյակի խմբի (G7) գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խուսափել է պատասխանել հակահարձակման մեկնարկի մասին հարցին։
«Ինչ վերաբերում է ձեր հարցին, կներեք, ձեր բոլոր հարցերն այնպիսին են, որ ես առայժմ պետք է շատ ընդհանուր պատասխանեմ, Ռուսաստանը կզգա, թե երբ կլինի հակահարձակում»,- պատասխանել է նա լրագրողի հարցին, թե երբ է լինելու Կիևի հակահարձակման մեկնարկը։
Ուկրաինական զորքերի հնարավոր հակահարձակման թեման մի քանի ամիս է, ինչ քննարկվում է ԶԼՄ-ներում, տարբեր ժամկետներ են նշվում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինական առաջիկա հակահարձակման մասին արևմտյան երկրների բացահայտ շահարկումները հաստատում են հակամարտության մեջ նրանց անմիջական մասնակցությունը։