ԵՐԵՎԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնում չորս օր շարունակվեցին հայ-ադրբեջանական բանակցությունները: Այդ բանակցությունների ֆոնին Հայաստանի վարչապետը երեկ Պրահայում հայտարարեց՝ անորոշ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների երաշխավորման մեխանիզմը, անորոշ է նաեւ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձեւաչափը։

 

Ելույթ ունենալով Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ մինչ այս պահը հնարավոր չի եղել համաձայնեցնել նաեւ խաղաղության պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարակարծությունները հաղթահարելու մեխանիզմները։ Հայաստանի ղեկավարի խոսքով՝ չկա նաեւ որեւէ համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում: Միեւնույն ժամանակ Փաշինյանը դարձյալ շեշտեց՝ չնայած առկա խոչընդոտներին՝ Երեւանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղության ուղղությամբ։ Քննարկման մասնակիցներից մեկը, հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Հայաստանի եւ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունները, հարցրեց՝ ինչու պաշտոնական Երեւանը չի խոսում «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքից։

Փաշինյանի իշխանությունն այս սկզբունքի մասին սկսեց խոսել 44-օրյա պատերազմի ընթացքում, հետո էլ այն տեղ գտավ իշխող կուսակցության նախընտրական ծրագրում։ Վարչապետը «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքին որեւէ կերպ չանդրադարձավ, միայն վերահաստատեց նախկին հայտարարությունները՝ Բաքուն էթնիկ զտում է նախապատրաստում, իսկ ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքները պետք է հասցեագրվեն բանակցություններում, որոնք տեղի կունենան Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ, բայց, ինչպես խոստովանեց Հայաստանի առաջնորդը, Ալիեւի վարչակազմը նման ցանկություն չունի։ «Մենք ոչ միայն սպասում ենք, նաեւ ավելի քան 30 տարի աշխատում ենք այս ուղղությամբ: Եվ մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ լուծելու ԼՂ հիմնախնդիրը, հաստատելու տեւական խաղաղություն մեր տարածաշրջանում: Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, քանի որ մենք դրա համար մանդատ ենք ստացել նաեւ հայ ժողովրդից», – ասաց նա։

Ներկաներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերություններից հարցրեց։ Փաշինյանը հրաժարվեց ուղիղ պատասխանել, ասաց միայն՝ կան հարաբերությունները բարդացնող գործոններ, այդ համատեքստում մատնանշեց Մոսկվայի առաջնորդած ՀԱՊԿ-ի հետ տարաձայնությունները եւ պնդեց, որ այդ ռազմական դաշինքը չի կատարել Հայաստանի առջեւ ստանձնած պարտավորությունները։ Փաշինյանը քննարկումը ավարտեց Ուկրաինայի հակամարտության անկանխատեսելի ավարտի մասին դիտարկումներով, նշեց, որ իրավիճակն ամբողջությամբ անկանխատեսելի է, եւ որ չկա որեւէ վերլուծական, քաղաքագիտական կառույց, որը կարող է կանխատեսել, թե ինչ կլինի մեկ ամսից։ «Միայն կարող եմ վստահ ասել, որ հաջորդ շաբաթ կգնամ Մոսկվա»,- հայտարարել էր Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե, իր կարծիքով, ինչ կարող է լինել մեկ ամսից Ուկրաինայում։

Թե ինչ օրակարգով է Մոսկվա գնում, եւ ինչ հանդիպումներ են նախատեսված, Հայաստանի վարչապետը չհստակեցրեց։ Չնայած Բաքվի ռազմատենչ սպառնալիքներին, Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին, Արցախի շրջափակմանը՝ Երեւանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ. Պրահայում հայտարարեց վարչապետ Փաշինյանը չեխ պաշտոնակցի հետ ասուլիսում: Նա մի քանի անգամ հատուկ շեշտեց՝ ոչ թե «չնայած այդ իրավիճակին», այլ «հենց այդ իրավիճակով» պայմանավորված է Երեւանը խաղաղության անհրաժեշտություն տեսնում եւ պատրաստ է կառուցողական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մայիսի 4-ին անցկացվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 6-րդ նիստը։

Նիստի շրջանակներում քննարկվել է առեւտրատնտեսական հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ արդյունաբերության եւ արդյունաբերական կոոպերացիայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտի, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համագործակցությունը, ինչը կնպաստի երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդմանը։

Նիստի արդյունքում չեխական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ ստորագրվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի արձանագրությունը։

Միջոցառման մասնակից գործարարների համար կազմակերպվել են փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող մի շարք հանդիպումներ։

 

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման «որոշակի ծրագրեր քննարկվում են»։

«Առայժմ եկեք առաջ չընկնենք. որոշակի ծրագրեր քննարկվում են: Կախված նրանից, թե ինչպես կավարտվեն քննարկումները, մենք համապատասխան  հայտարարություն կանենք: Առայժմ դա վաղաժամ ենք համարում», – երեկ լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հաջորդ շաբաթ Փաշինյան-Պուտին բանակցությունների հնարավորության մասին հարցին:

Մայիսի 4-ին՝ Պրահա կատարած այցի ժամանակ, Փաշինյանը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Մոսկվա։

 

 

 

 

 

ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ

Մայիսի 4-ին Արլինգթոնում (ԱՄՆ) կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը՝ եզրափակելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների փուլը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հյուրընկալել է փակման լիագումար նիստ։

 

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Մայիսի 4-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Զարմանում եմ, որ զարմանք են առաջացնում նման հանդիպումները. դրանք պարբերաբար լինում են: Ամենատարբեր հարցերի շրջանակներն ենք երեկ քննարկել»,- ասաց պատգամավորը:

 

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սոթքի հանքի աշխատակիցները երեկ փորձել են գնալ աշխատանքի եւ վերսկսել իրենց աշխատանքները, սակայն չի հաջողվել: Աշխատակիցները ArmLur.am-ին պատմեցին, որ երբ սկսել են միացնել տեխնիկաները եւ աշխատեցնել դրանք, ադրբեջանական ԶՈՒ-ն սկսել է կրակոցներ արձակել:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով, հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը:

 

 

 

 

ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Պարենի համաշխարհային գներն ապրիլին տարվա ընթացքում առաջին անգամ աճել են շաքարի, մսի ևեւ բրնձի գնանշումների բարձրացման պատճառով:

Պարենային ապրանքների գների ինդեքսը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, ապրիլին կազմել է 127,2 կետ, ինչը 0,6%-ով ավելի բարձր է, քան մարտ ամսին։ Ինդեքսը 19,7%-ով ցածր է 2022 թվականի ապրիլի մակարդակից, բայց 5,2%-ով ավելի բարձր է, քան 2021 թվականի ապրիլին։

Շաքարի գների ինդեքսը, մարտի համեմատությամբ, ավելացել է 17.6 %-ով՝ հասնելով առավելագույն ցուցանիշին՝ 2011 թվականի օգոստոսից ի վեր: Պատճառը Հնդկաստանում, Չինաստանում, Թայլանդում եւ Եվրոպական Միությունում ակնկալվող  արտադրության կրճատումներն են:

Մսի գների ինդեքսն ապրիլին ավելացել է 1.3 %-ով: Միեւնույն ժամանակ, հացահատիկի գների ինդեքսի ընդհանուր նվազում է դիտվել՝ մարտ ամսվա համեմատությամբ 1,7 %-ով, իսկ 2022 թվականի ապրիլի համեմատությամբ՝ 19.8 %-ով: Բուսական յուղի գների ինդեքսն ապրիլին նվազել է 1.3 %-ով: Ձեթի գների նվազում է դիտվում արդեն 5 ամիս շարունակ:

 




Լրահոս