ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են 2023 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձեւով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման եւ անցկացման աշխատակարգը եւ ժամանակացույցը:

 

Ըստ այդմ՝ դրսեկության ձեւով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2023 թվականի հունիսի 5-ից մինչեւ հուլիսի 3-ը ներառյալ Երեւանի թիվ 198 ավագ դպրոցում:

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2023 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Հայոց պատմություն», «Գրականություն», «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները՝ բանավոր:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու», «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաները՝ բանավոր:

«Ֆիզկուլտուրա» առարկայից կանցկացվի ստուգարք (նորմատիվների հանձնում):

Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը` յուրաքանչյուր առարկայից առնվազն 4 թեստ՝ գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից՝ գնահատման 10 բալային համակարգով:

Հիմնական կրթության վկայականում եւ միջնակարգ կրթության ատեստատում ավարտական եւ պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով եւ համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է՝ համաձայն հետեւյալ սանդղակի.

20 միավոր – 10

18-19 միավոր – 9

16-17 միավոր – 8

14-15 միավոր – 7

12-13 միավոր – 6

10-11 միավոր – 5

8-9 միավոր – 4

Դրսեկության ձեւով (էքստեռն) քննությունները կանցկացվեն՝ համաձայն սահմանված ժամանակացույցի:

Դրսեկության ձեւով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու եւ անցկացնելու գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

 

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արագած գյուղի բնակչի կողմից պարեկների ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2023թ. ապրիլի 18-ին՝ ժամը 23:40-ին, ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներն «Ապարան 2» երթուղում ծառայություն իրականացնելիս Արագածոտնի մարզի Արագած գյուղի Կենտրոնական խճուղի եւ Կոմիտաս փողոցների խաչմերուկում նկատել են անկանոն ընթացող «Վազ 21154» մակնիշի ավտոմեքենան:

Վարորդից պարզաբանումներ ստանալու համար պարեկները բարձրախոսով հրահանգել են կանգնեցնել ավտոմեքենան եւ օրենքով սահմանված կարգով ներկայացնելով կանգնեցնելու պատճառը՝ պահանջել փաստաթղթերը: Պարզվել է, որ վարորդը, որը հանդիսանում է Արագած գյուղի բնակիչ՝ ծնված 1974թ., գտնվում է ոչ սթափ վիճակում, որի վերաբերյալ նրան պարզաբանվել են կատարած իրավախախտումը եւ հետեւանքները:

Փաստի առթիվ պարեկների կողմից կազմվել է արձանագրություն, որի ընթացքում վերջինս վրդովվել է եւ հեռացել։ Պարեկային ծառայության աշխատակիցներն օրինական պահանջ են ներկայացրել վերջինիս, որ ներկա գտնվի արձանագրությունը կազմելուն, որից հետո վարորդը հոյհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին:

Վերջինիս հակաիրավական վարքագիծը կանխելու համար պարեկային ծառայության աշխատակիցները փորձել են նրան բերման ենթարկել, ինչին ի պատասխան` քաղաքացին քաշքշել է իրենց օրինական ծառայողական գործունեությունն իրականացնող պարեկներից մեկին, ձեռքով հարվածել նրանցից երկուսին, ձեռքին եղած պայուսակը նետել պարեկներից մեկի դեմքին, որից հետո Արագած գյուղի բնակիչը ձերբակալվել է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նրան մեղադրանք է ներկայացվել։ Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, եւ նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

 

 

 

ՎՏԱՆԳՆ ԱՎԵԼԻ ԻՐԱԿԱՆ Է

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ապրիլին 19-ին որոշում է ընդունել 2023թ. հունիսի 8-ին   իր ղեկավարությամբ անցկացնել հրամանաշտաբային ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը անտառային հրդեհների ժամանակ» թեմայով, ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ նշանակել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վահան Փիրումյանին։ Տավուշում անտառային հրդեհների վտանգը մշտապես առկա է. անցյալ տարվա ամռանը Իջեւան քաղաքի ծայրամասում՝ բարձրադիր, բարդ ռելիեֆ ունեցող տեղանքում մեծ հրդեհ եղավ, որը դժվարությամբ հրշեջ ուղղաթիռի միջոցով օրեր անց մարեցին,  սակայն սահմանամերձ մարզի   բնակչության համար առավել վտանգ են պարունակում ադրբեջանական զինուժի հնարավոր ոտնձգությունները, Տավուշի բնակավայրերի ռմբակոծությունները եւ գնդակոծությունները։ Տավուշի մարզպետին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ հարցնելով, թե մարզի սահմանամերձ բնակավայրերում, այդ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում ընդհանուր թվով քանի ռմբապաստարան գոյություն ունի։ Մարզպետի պատասախանում նշված է, որ այդ տեղեկատվությունը գաղտնի է։ Հավելեմ, որ Տավուշի սահմանամերձ բնակավայրերում  ռմբապաստարանների առումով վիճակը բարվոք չէ։

 

 

 

 

ՆՈՐՈԳՈՒՄԸ ՉԵՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ

2022 թվականից Դիլիջան քաղաքում  սկսվել է Երեւանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղի՝ Ժողովրդական արվեստի թանգարանի շենքի հիմնանորոգումը։ Թանգարանի շենքը վատթար վիճակում էր գտնվում եւ հիմնանորոգման կարիք ուներ։ Ճարտարապետական այդ կառույցը զբոսաշրջային Դիլիջանի հարուստ պատմության վառ վկաներից է։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանը իր  տունը նվիրել է քաղաքին, 1979թ.-ին այն դարձրել է թանգարան: Այդ շենքը նախկինում պատկանել է  իշխանուհի Մարիամ Թումանյանին։   Ծրագրով նախատեսված է, որ թանգարանի շենքի նորոգումը պետք է ավարտվի  2023 թվականի ընթացքում, սակայն մամուլում,   հղում անելով ԿԳՄՍ նախարարությանը, տեղեկություներ կան, որ  շենքի նորոգումը կավարտվի 2024 թվականին։ Երկու տարում երկհարկանի  ոչ մեծ շինության, մի առանձնատան նորոգումը չե՞ն կարողանում ավարտել։ Կարծում եմ, որ  թանգարանի շենքի  նորոգման ժամկետի խախտման վերաբերյալ  ԿԳՄՍ նախարարությունը պետք է պարզաբանում տա։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս