ՄԻՐԶՈՅԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10-րդ մրցույթին, որը մեկնարկելու է մայիսի 10-ին, կմասնակցի տասնհինգ հայազգի պատանի կոմպոզիտոր: Կրտսեր խմբում հանդես կգան Գագիկ Ավետիսյանը, Վիլյամ Չիլինգարյանը, Արտաշես Մոսինյանը, Հայկ Ջուլհակյանը, Արմեն Շահվերդյանը, Շավարշ Սիրեկանյանը, իսկ ավագ խմբում՝ Սյուզաննա Աղամալյանը, Արաքս Ասճյանը, Արման Աֆրիկյանը, Արսեն Գարսոյանը, Ալեքս Գեւորգյանը, Էրիկա Մարկոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Էդգար Մխիթարյանը, Վիկտորիա Ուլիխանյանը:

 

Առաջին փուլը (մայիսի 10՝ ժ. 17:00, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահ) կկայանա Երեւանում, իսկ երկրորդ փուլը (մայիսի 12՝ ժ. 17:00, Լ. Վ. Բեթհովենի անվան համերգասրահ) եւ գալա համերգը (մայիսի 13՝ ժ. 18:00, Լ. Վ. Բեթհովենի անվան համերգասրահ)՝ Դիլիջանում: Մշակութային-պատանեկան մրցույթների պատմության մեջ եզակի դեպք է, որ նախագիծն իրականանում է երկու քաղաքներում։

Պատանի կոմպոզիտորները հանգրվանելու են Էդվարդ Միրզոյանի անունը կրող Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը, ինչը կնպաստի ինչպես տոնական մթնոլորտի ձեւավորմանը, այնպես էլ կստեղծի հիանալի հնարավորություն մի քանի օր շարունակ միասին անցկացնելու հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող կառույցում։ Գալա համերգն իր տեսակով տարբերվող կլինի:

Բացի մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցներից, ելույթ կունենան նաեւ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, Միրզոյանական առաջին մրցույթի հաղթող Ալեքսանդր Հարությունյանը, ինչպես նաեւ Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը: Մուտքն ազատ է:

Մրցույթն իրականացնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

 

 

 

 

«ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒԺ. ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ ՀՈՒՆԱՍՏԱՆ»

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Բրիտանական թանգարան եւ դիտել «Շքեղություն եւ ուժ. Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, հանդիպել թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի հետ։

 

Բրիտանական թանգարանում բացված «Շքեղություն եւ ուժ. Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են բացառիկ ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից: Ցուցադրությունը բացվել է մայիսի 4-ին եւ գործելու է մինչեւ օգոստոսի 13-ը:

Ցուցահանդեսը Ք. ա. VI-I դդ. Աքեմենյան կայսրությունից մինչ հելլենիստական ժամանակների շքեղության, իշխանական խորհրդանիշների, դրանց փոխակերպումների, ինչպես նաեւ քաղաքական ու պատմամշակութային նշանակության մասին է։

Միացյալ Թագավորությունում առաջին անգամ ցուցադրվում են Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք.ա. VI-V դդ.), Էրեբունիից հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք.ա. VI-IV դդ.), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք.ա. I դ.): Այցելուների հատուկ խմբի համար կազմակերպված փակ դիտումների ժամանակ հատկապես ուշադրության է արժանացել Հայաստանի պատմության թանգարանից տրամադրված արջակերպ ծիսանոթը, որը մեկ ցուցափեղկում է համադրված Բրիտանական թանգարանում պահվող համաժամանակյա մեկ այլ բարձրարժեք ցուցանմուշի՝ Անահիտ աստվածուհու կիսանդրու հետ: Այս ցուցանմուշներն իսկական բացահայտում են դարձել Բրիտանական թանգարանի մասնագետների համար։

Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի հետ հանդիպմանը քննարկվել են հայ-բրիտանական համատեղ ցուցադրությունների կազմակերպման հնարավորություններին առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել թանգարանների կառավարման խնդիրներին՝ մասնավորապես կարեւորելով ցուցադրությունների արդյունավետ կազմակերպման մոդելների ներդրումն ու զարգացումը, ինչպես նաեւ միջթանգարանային երկկողմ կապերի ամրապնդումը։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Լոնդոն են մեկնել՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին:

 

 

 

 

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լոնդոնի «Չելսին» բանակցում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի տրանսֆերի հարցով. հաղորդում է ինսայդեր Պեդրո Ալմեյդան թվիթերյան էջում։ Անգլիական ակումբն այժմ ֆավորիտն է Սադիո Մանեի տրանֆերի համար պայքարում։ «Բավարիայի» ղեկավարությունը դժգոհ է ֆուտբոլիստից, որը չկարողացավ հարմարվել նոր թիմում։ Գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը եւս տպավորված չէ Մանեի խաղից եւ դեմ չի լինի նրա վաճառքին։ Մանեն անցած տարվա ամռանն է անգլիական «Լիվերպուլից» տեղափոխվել «Բավարիա»։ Ընթացիկ մրցաշրջանում Մանեն մասնակցել է 36 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Մանեի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։

 

 

 

 

ՄԵՍԻԻ ԿԻՆԸ ԴԵՄ Է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի կինը դեմ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն։ «Ալ-Հիլյալը» Մեսիին առաջարկել է 400 միլիոն եվրոյի պայմանագիր, սակայն Անտոնելա Ռոկուցոն չի ցանկանում երեք որդիների հետ ապրել օտար մշակույթում. հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։ Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Նա ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», սակայն ֆինանսական խնդիրներ ունեցող կատալոնական ակումբից պաշտոնական առաջարկ դեռ չի ստացել։

 

 

 

 

«100 ԳԱՂԱՓԱՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»

Երկարաձգվել է «100 գաղափար՝ Հայաստանի համար» նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի ճարտարապետություն անվանկարգում հայտերի ընդունման ժամկետը: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի եւ սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Ճարտարապետություն անվանակարգում հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2023 թվականի մայիսի 18-ը ներառյալ: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010599642: Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն գաղափար, որին կտրվի դրամական պարգեւ՝ 500.000-ական դրամի չափով: Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կապահովեն՝

-նորարար եւ կիրառական նշանակություն,

-ներկայացված գաղափարի շարունակականություն,

-գաղափարը կունենա հանրային մասնակցության բաղադրիչ,

-կառաջարկեն միջգիտակարգային լուծումներ:

 

 




Լրահոս