ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարայում հայկական պատվիրակության անդամների հետ քննարկմանը թուրքական կողմը չի պահանջել հեռացնել «Նեմեսիս» հուշարձանը: Այս մասին երեկ հայտարարել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասնակցած իշխանական ատգամավոր Բաբկեն Թունյանը։ Բանն այն է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Երեւանին Անկարան ասել է` «եթե արձանը չհանեք, կարգավորում չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»։

 

Ավելի վաղ Անկարան հայկական կողմի համար արդեն փակել էր իր օդային տարածքը՝ որոշումը հենց հայ վրիժառուների արձանի տեղադրմամբ պատճառաբանելով։ Անկարայում անցած շաբաթ հանդիպել էին Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանների ղեկավարները, եւ արձանի հարցը եւս քննարկվել էր: «Նշվել է, որ իրենց համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին նաեւ նման հուշարձան բացել: Պարոն Սիմոնյանը պատասխանել է, որ եթե կա հարաբերությունները կարգավորելու կամք, ապա չեն կարծում, որ նման իրադարձությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար»:

Մեւլյութ Չավուշօղլուն չէր հստակեցրել՝ կոնկրետ ինչ հետեւանքներ կարող է ունենալ հուշարձանի տեղադրումը Հայաստանի համար։ Մասնագետները ենթադրում են՝ Անկարան կարող է հետ կանգնել ցամաքային սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների առաջ բացելու խոստումից։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էր հայտարարել, որ պայմանավորվածություն կա սահմանը բացել հենց այս տարվա ամռան սկզբին, սակայն իշխանական պատգամավորներն էլ տեղյակ չէին գործընթացից։

Այնուամենայնիվ, ըստ Բաբկեն Թունյանի՝ արձանի տեղադրումից հետո հայ-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը հնարավոր է հաղթահարել բանակցությունների միջոցով։ «Ինչ հանգուցալուծում կունենանք՝ ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ այդ թեմայի մեջ բավարար ինֆորմացիա չունեմ», – ասաց Թունյանը: Անդրադառնալով Անկարայից հնչող հայտարարություններին՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր. «Արձանի տեղադրումը Հայաստանի ներքին հարցն է, եւ որեւէ մեկն իրավունք չունի դրան խառնվել»: Փոխարտգործնախարար Պարույր Հովհանիսյանի գնահատմամբ՝ նման հայտարարությունները պետք է դիտարկել Թուրքիայում ընթացող նախընտրական գործընթացի համատեքստում։

Հայաստանի մայրաքաղաքի Օղակաձեւ այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից եւ 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը: Պաշտոնական Անկարան եւ Բաքուն դատապարտել են Երեւանում հուշակոթողի տեղադրումը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ

Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը կդադարի գործել 2023 թվականի մայիսի 15-ից։ Այդ մասին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

Ռուսաստան մուտք գործելու համար Վրաստանի քաղաքացիներին անհրաժեշտ կլինի անձը հաստատող փաստաթուղթ՝ Վրաստանի քաղաքացու անձնագիր, դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր, ինչպես նաեւ նավաստու անձնագիր: Ավելի քան երեք ամիս աշխատելու կամ սովորելու նպատակով Ռուսաստան մուտք գործելու համար վիզան նախկինի պես կպահանջվի։

Մեկ այլ հրամանագրով՝ նախագահը չեղարկել է ռուսական ավիաընկերությունների թռիչքների եւ դեպի Վրաստան տուրերի վաճառքի արգելքը:

 

 

 

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը եւ Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի ղեկավար Վլադիմիր Նաումովսկին Սկոպիեում մրցակցության օրենսդրության կիրարկման եւ մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:

Ստորագրման արարողությունից հետո ներկայացվել է Հայաստանի մրցակցային մարմնի կողմից գործարկված e-Compete թվային հարթակը:

Այցի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Հյուսիսային Մակեդոնիայի պառլամենտի փոխնախագահ Գորան Միսովսկու հետ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

 

 

Ե՞ՐԲ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ի ընտրություններից առաջ հայտարարել է, որ միշտ հավատացել է ժողովրդական, «անատոլիական իմաստնությանը»։ Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։ Էրդողանի՝ «Հանրապետական դաշինքի» միակ թեկնածուի հիմնական մրցակիցն ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի»  միակ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Ընտրություններին մասնակցում են նաեւ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն եւ Ata դաշինքից Սինան Օղանը։ Եթե ոչ մի թեկնածու ձայների 50 տոկոսը չհավաքի, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։

 

 

 

ԲՈՒՀԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

ArmLur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունը լայն թափով սկսել է բուհերի տեղափոխման եւ օպտիմալացման նախագծերի իրականացումը:  Ըստ մեր տեղեկությունների՝ կառավարությունը մշակել է հինգ ուղղություն, որով պետք է բաշխվեն բուհերը. դրանք են արվեստը, տեխնոլոգիաները, բժշկությունը, անվտանգությունը եւ կրթությունը: Ավելին՝ ըստ մեր տեղեկությունների՝ այս պահին որոշվել է, որ մայրաքաղաքում մնալու են միայն Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը եւ Երեւանի պետական համալսարանի ադմինիստրատիվ հատվածը: Մնացած բոլոր բուհերը տեղափոխվելու են մարզեր: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս հարցը շատ գաղտնի ձեւով է քննարկվում կառավարությունում, ու այն գլխավորում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:  Իշխանությունները այս հարցը, կարելի է ասել, իրենց համար արդեն լուծված են համարում, ներքին որոշում ունեն, դրա մասին կհայտարարեն այն ժամանակ, երբ արձակուրդային օրերը կսկսվեն տարբեր բուհերում:  Հիմա ներքին հարցերի քննարկման փուլում են. թե առաջիկայում այս հարցը ինչ փուլ կմտնի, դժվար է ասել, քանի որ մեկ անգամ արդեն այս հարցով ուսանողներն ու դասախոսական անձնակազմը ոտքի էին դուրս եկել:

Այս առնչությամբ ArmLur.am-ը դիմեց նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն, որտեղից մեզ հայտնեցին, որ Ակադեմիական քաղաքի շուրջ այս պահին քննարկումներ կան, այլ տեղեկություններ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Երեւանի Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ դասադուլ էին հայտարարել ու բողոքի ակցիաներ էին անում՝ ընդդեմ բուհերի խոշորացման։

 

 

 

 

ՏԵՂՅԱ՞Կ ԷՐ, ԹԵ՞ ՈՉ

«Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրման շուրջ կրքերը չեն դադարում: Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը կառավարությունը չի կայացրել, կայացրել են քաղաքային իշխանությունները, իսկ որոշումը եւ դրա իրականացումը եղել է սխալ։

Նրա այս հայտարարությունից հետո արդեն երեկ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է. «Իհարկե, տեղյակ եմ եղել «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման մասին։ Չեմ ասել վարչապետին այդ մասին»:

Իհարկե, առաջին հայացքից Փաշինյանը փորձել է  ցույց տալ, թե քաղաքային իշխանությունն ազատ է, իր որոշումներն ազատ է կայացնում,սակայն այս հայտարարությունն ինքնին տարօրինակ է հենց այն առումով, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին մեղադրում էին իշխանությունների հետ չհամագործակցելու համար:

Հիմա արդեն ստացվում է՝ Սարգսյանն էլ իր քայլերը չի համաձայնեցրել Փաշինյանի կամ նրա թիմի հետ:  Այս հանգամանքը կարող ենք տարօրինակ համարել. իրականում հենց այդպե՞ս է եղել, թե՞ փորձում են մաքրել Փաշինյանի անունը:

 




Լրահոս