ՀԻՄԱ ԷԼ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԿՐՊԱԿԱՏԵՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ Հանրային խորհրդի  ձեռնարկատիրական գործունեության եւ սպառողների հարցերի հանձնաժողովի խորհրդի նիստը: Թեեւ հրավիրված  էին  ՄԻՊ գրասենյակի,  տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու Երեւանի քաղաքապետարանը, սակայն ներկա էր միայն  ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:  
Ձեռնարկատիրական գործունեության եւ սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը կրպակատերերի հետ հանդիպման ընթացքում նշեց, որ դա բավական հիվանդոտ հարց է. մի կողմից իսկապես խնդիրներ են ծագում` կապված քաղաքի տեսքի հետ, մյուս կողմից սոցիալական ծանր պայմաններում հազարավոր կրպակատերեր զրկվում են իրենց ընտանիքը պահելու հնարավորությունից:  Սադոյանը հույս հայտնեց,  որ բանակցությունների ու փոխադարձ աջակցության պայմաններում նրանք համաձայնության  կգան`  նպաստելով ինչպես  քաղաքի տեսքի բարելավմանը, այնպես էլ կրպակատերերի աշխատատեղերի պահպանմանը:  
Իր  հերթին «Կրպակատերի շահերի պաշտպանություն»  կազմկոմիտեի նախագահ Արեւիկ Ղազարյանը նշեց, որ դա հապճեպ ընդունված որոշում է, քանի որ հաշվի չեն  առնվել կրպակատերերի շահերը, նրանց հետագա ճակատագրերը: «Աշխատանք ունեցող մարդուն զրկել աշխատանքից, այն էլ հայաստանյան ներկա  պայմաններում, անընդունելի է»,-ասաց նա` խնդրելով, որ  համապատասխան միջոցներ ձեռնարկվեն եւ ներկայացվեն պատկան մարմիններին:
Ի պատասխան` Արշակ Սադոյանն առաջարկեց, որ քաղաքապետարանի ու «Կրպակատերերի շահերի պաշտպանություն» կազմկոմիտեի ներկայացուցիչները բանակցեն ու գան հայտարարի:  ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ողջունեց նման առաջարկը` նշելով, որ այս պահին հարցի լուծման այլ տարբերակ չկա:
Աբովյան  պուրակի մոտ  գտնվող կրպակի տեր Ռայա Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ  35-40 տարի է` աշխատում էր այդ կրպակում: Վատառողջության պատճառով  վերջին 6 տարիներին  կրպակը  ձեւակերպել է տղայի անունով: «Մենք պարբերաբար կատարել ենք բոլոր մուծումները, երբեք  չենք ուշացրել եւ այդ կրպակից ստացված գումարով ու մեր թոշակով փորձել ենք հոգալ ընտանիքի կարիքները: Ես ուզում եմ մի հարց տալ. ինչո՞ւ է իմ 40 տարվա կրպակը խանգարում քաղաքապետարանին, իսկ իմ կրպակին կից կրպակը, որը 3 տարի է, ինչ այդտեղ է, չի խանգարում»:
Հ.Գ. Հաշվի առնելով Երեւանի քաղաքապետի փոփոխությունը` ամենայն հավանականությամբ, առաջիկայում կրպակների ապամոնտաժման ծրագիրը կվերանայվի:

ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս