ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում, որով քրեակատարողական ծառայողների համար ատեստավորման նոր կարգ կսահմանվի:
Բանն այն է, որ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետով, ի թիվս այլ քայլերի, նախատեսված է «Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում» միջոցառումը: Եվ ատեստավորման կարգ ներդնելով, նպատակ է առկա մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրեր ներգրավել, ինչպես նաեւ նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակ սահմանմանել:
Այսպիսով, այս նախագծի ընդունմամբ կներդրվի քրեակատարողական ծառայողների համար նոր ատեստավորման կարգ, որի արդյունքներով պայմանավորված քրեակատարողական ծառայողին կհաշվարկվի հավելավճար: Այսինքն, նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում նաեւ բարելավել Քրեակատարողական ծառայության ներկայիս ծառայողների վարձատրության պայմանները: Գործընթացի շրջանակներում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն կներդրվի քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն համապատասխան հավելավճարների չափերը, վճարման եւ հաշվարկման կարգերը, հաշվարկվող հավելավճարների դադարման պայմանները:
Օրենքով նախատեսվող կարգավորումների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ քրեակատարողական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձիք պարտավոր են լինելու անցնել ատեստավորում երեք տարվա ընթացքում: Միաժամանակ, հավելավճարի հաշվարկման եւ վճարման հնարավորությունը առկա է լինելու բացառապես քրեակատարողական ծառայողի կողմից ատեստավորման դրական արդյունքների արձանանգրման դեպքում: Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած քրեակատարողական ծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:
Ն.Հ.