
Այսօր արդեն վեցերորդ օրն է, սակայն Երևանի երկինքը դեռ պատված է ծխով, և քաղաքացիները ստիպված շնչում են էկոլոգիապես աղտոտված և թունավոր օդ: ArmLur.am-ը իրավիճակին ծանոթանալու համար դիմեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից մեր հարցադրումներին ի պատասխան նշեցին, որ բոլոր միջոցները ձեռնարկված են կրակը մարելու համար, սակայն դեռ մեկ շաբաթ հարկավոր կլինի, որպեսզի այն վերջնական մարվի:
«Խնդիրն ավելի խորքային է, այն տարիներ շարունակ անհետեւողականության արդյունք է, եւ այն լուծելու համար ժամանակ է հարկավոր: Այս պահին Երեւանի քաղաքապետարանը գործուն քայլեր է ձեռնարկում»,- նշեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ Երևանի Նուբարաշենի քաղաքային աղբավայրում մայիսի 19-ին խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի արդյունքում մայրաքաղաքի երկինքը ծածկվել է ծխով, և մինչ այսօր կրակի տարբեր օջախներ շարունակվում են այրվել, իսկ թե ինչու մինչ այսօր Երևանի քաղաքային իշխանություններին չի հաջողվում կրակը մարել պարզ չէ, սակայն ըստ բնակիչների պարզ է մի բան՝ սա աղետալի հետևանքներ կարող է ունենալ Երևանի համար:
Լիդա Եղիազարյան