Ադրբեջանը պատասխանատվություն է կրում դատարանի վճիռը չկատարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանությունը» օրակարգի կետի ներքո, որը նախագահում էր Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսեն։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչը։

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը, կարևորելով Ժնևի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների լիարժեք ու առանց նախապայմանների իրականացումը, ընդգծել է ՄԱԿ ԱԽ առանցքային դերը՝ միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորությունների իրականացումը երաշխավորելու հարցում։

Անդրադառնալով 6 ամսից ավել շարունակվող Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և դրա մարդասիրական հետևանքներին՝ Վահե Գևորգյանը նշել է, որ, ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի իրավակ պարտադիր ուժ ունեցող վճռի, Ադրբեջանի իշխանությունները անցակետ են տեղադրել Լաչինի միջանցքում՝ դրանով պատասխանատվություն կրելով ապօրինի շրջափակման և դատարանի վճիռը չկատարելու համար։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է հակամարտությունից տուժած բնակչության կենսական կարիքները հոգալուն ուղղված գործողություններինին, և մինչ այժմ հնարավոր չի եղել երաշխավորել ՄԱԿ-ի և իր գործակալությունների ներգրավումը Լեռնային Ղարաբաղում։

Շեշտվել է, որ հայատյացության և այլատյացության խորացմանն ուղղված քաղաքականությամբ ուղեկցվող այս բոլոր ապօրինի գործողությունները բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները և վերջնական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղի բնիկ ազգաբնակչության ամբողջական էթնիկ զտումը։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, որպես միջազգային խաղաղության և անվտանգության համար պատասխանատու առաջնային մարմին, իր մանդատին համահունչ կշարունակի ներգրավված լինել այս հարցում՝ երաշխավորելու քաղաքացիական բնակչության արժանապատվությունը, անվտանգությունը և մարդու հիմնարար իրավունքները։




Լրահոս