ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բուժաշխատողները, որոնք առնչվում են հեպատիտով, ՁԻԱՀ-ով հիվանդների հետ, պետության կողմից հավելավճար ստանո՞ւմ են, թե՞ ոչ: Իմ իմանալով` օրենքով նախատեսված 30% հավելավճար պիտի ստանային: Եւ ընդհանրապես, նրանց համար ի՞նչ արտոնություններ են սահմանված:

Մելանյա Պետրոսյան, 58 տարեկան, բժշկուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ բուժաշխատողները հավելավճար չեն ստանում, բայց համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 160-րդ հոդվածի` նախատեսված է, որ համապատասխան բուժաշխատողները լրացուցիչ եւ երկարաձգված արձակուրդի իրավունք ունեն: Կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման համաձայն` կա ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկ, որտեղ սահմանվում են այն բոլոր վնասակար եւ վտանգավոր աշխատանքները, որոնց դեպքում աշխատանքային պայմանագրով սահմանվում են որոշակի արտոնություններ` մասնավորապես երկարացված արձակուրդ, լրացուցիչ արձակուրդ,  կրճատված աշխատաժամանակ եւ այլն:

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՁԻԱՀ-ով հիվանդների հետ շփումը, բնականաբար, վտանգավոր է ոչ միայն առողջության, այլեւ կյանքի համար, սակայն հավելյալ վճարումներ նախատեսված չեն:  Մինչդեռ  նման հիվանդների հետ շփվող բժիշկները մեծ թիվ չեն  կազմում, եւ նրանց ֆինանսապես խրախուսելը խոշոր միջոցներ չէր պահանջելու: Հետեւաբար, ցանկության դեպքում կառավարությունը կարող էր եւ խրախուսել իրենց կյանքը վտանգող բուժաշխատողներին:




Լրահոս