Մայիսի 18-ին Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզից «Սննդային թունավորում չճշտված էթիոլոգիայով» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները մայիսի 22-ին դուրս են գրվել մանկական բաժանմունքից:
«Մանկապարտեզի 18․05․2023 թ․ ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ) նմուշները հանձնվել էին լաբորատոր հետազոտության: Նմուշներ էին վերցվել նաև խոհանոցի և խմբասենյակների շփվող մակերեսներից, ինչպես նաև կենսանմուշներ մանկապարտեզի սաներից և սպասարկող անձնակազմից: Սննդամթերքի փորձաքննության արդյունքներով՝ ներկայացված թանապուրը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S․aureus), ոլոռով սուպը՝ ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ մակարոնով փլավը ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Խաշած ձվում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Շեղումներ չեն հայտնաբերվել նաև վերցված խմելու ջրի նմուշում։ Շեղում է արձանագրվել խոհանոցից և խմբասենյակներից վերցված լվացուկներում, իսկ մանկապարտեզի սաների և սպասարկող անձնակազմի կլինիկական նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նորովիրուսի հարուցիչներ։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է»,- ասված է ՍԱՏՄ-ի հաղորդագրության մեջ։
Այս պահին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի կենտրոնի տեսուչները Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում իրականացնում են պետական վերահսկողություն՝ ստուգում: