Ո՞նց եք պատկերացնում, ո՞վ կարող է ինձ ճնշել կամ վախեցնել. Գարիկ Գալեյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Որդիների Կանչ» ՀԿ-ն որոշում կայացրեց կասեցնել պայքարի այս ձևը և դադարեցնել նստացույցը Կառավարության դիմաց:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց զոհված հերոսի հայր Գարիկ Գալեյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ պայքարը շարունակելու են մինչեւ վերջ:

«Ո՞նց եք պատկերացնում, ո՞վ կարող է ինձ ճնշել կամ վախեցնել: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ: Մեր ազգն անցել է բոլոր սահմանները, բոլոր արժեքները, եթե հերոսի ծնողին հայհոյում են, մեր ազգը լռում է, ինչի մասին է խոսքը»,-նշեց նա, եւ հավելեց, որ պայքարի այլ տարբերակի մասին կխոսի մի քանի օրից:

Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․«Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։

Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի և թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։

Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն։

Ազատությու՛ն տիկին Գայանեին։

Փաստաբաններ՝

Վահան Հովհաննիսյան

Ռուբեն Մելիքյան

Վահան Գևորգյան»։

Նշենք, որ ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով դատարանը որոշում կայացրեց 1 ամսով կալանավորել զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս