ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ՓՈՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Ազգային ժողովում քննարկման ներկայացրեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, որով կկարգավորվեն կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, կսահմանվեն կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները։ Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ համապատասխան օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ նշելով, որ օրենքը կսահմանի կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի վճարման, ինչպես նաեւ կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկությունները:

 

«Տարբեր շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում բերել ենք մի նախագիծ, որը հնարավորություն կտա արդեն օրենսդրական մեխանիզմների միջոցով օժանդակել եւ զարգացնել կամավոր գործունեությունը Հայաստանում։

Բարեբախտաբար, կամավորության գաղափարախոսությունը Հայաստանում զարգացել է շատ շուտվանից՝ չսպասելով օրենսդրական կարգավորումներին»,- նշեց Սարգսյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունման, մշակման փորձը դեռեւս սկսվել է 2006 թվականից, սակայն տարբեր պատճառներով Ազգային ժողով չի հասել։

«Օրենքի ընդունումը կնպաստի երկրում կամավոր ինստիտուտի կայացմանը, «կրթություն-աշխատաշուկա» արդյունավետ փոխառնչությանը, որակյալ աշխատուժի ձեւավորմանը, աշխատաշուկայի մրցակցության բարձրացմանը, կաջակցի աշխատաշուկա մուտք գործող անձանց աշխատաշուկայի միտումներին ծանոթանալուն եւ աշխատաշուկայում ինտեգրվելուն, բնակչության կյանքի որակի բարձրացմանն ու կենսակերպի բարելավմանը, ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ հասարակություն ձեւավորելուն, կաջակցի անձի՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը կամ այդ վիճակից դուրս բերելուն կամ սոցիալական ներառմանը»,- ասաց Սարգսյանը։

Նախարարի տեղակալը ներկայացրեց նաեւ կամավոր ինտիտուտի առկա իրավիճակը՝ ընդգծելով, որ ներկայումս բացակայում են կամավորին անօրինական եւ վարձու աշխատողին տարանջատելու հիմքերը, հնարավոր չէ տարանջատել կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն աշխատանքային հարաբերություններից, կամավորները չունեն իրավական կարգավիճակ եւ այլն։

«Այս նախագծով ամրագրվում են մի քանի սկզբունքներ. կհիմնավորվեն կամավորությամբ զբաղվելու փաստը եւ փորձառությունը, սույն օրենքով սահմանված կարգով կատարված կամավոր աշխատանքի ժամանակահատվածը կամավորի համար կհամարվի աշխատանքային փորձառություն, կամավորը կունենա իրավական կարգավիճակ, կհատուցվեն նրա ծախսերը, կերաշխավորվեն առողջությունը եւ անվտանգությունը եւ այլն»,- ասաց Սարգսյանը։

 




Լրահոս