ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ լծվել են ակադեմիական քաղաքը կյանքի կոչելու գործին: Ըստ այդմ, Արայիկ Հարությունյանը ներքին կարգով նամակներ է ուղարկել Հայաստանում գործող բոլոր կրթական հաստատություններին, որպեսզի վերջիններս որոշ ժամանակով դադարեցնեն այժմ իրականացվող մի քանի ծրագրերը եւ զբաղվեն ակադեմիական քաղաքի աշխատանքներով: Այսինքն՝ իշխանությունների գերնպատակն այս պահին կրթության ոլորտում ակադեմիական քաղաքի ստեղծումն է: Ստացվում է, որ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ՝ կրթական ոլորտում կյանքը կանգնեցրել են ու զբաղվում են հիմնականում ակադեմիական քաղաքի ստեղծման հարցով: Այժմ միայն դիմորդների ընդունելությունն է ակտիվ ընթանում, սակայն մյուս ուղղություններով ոչինչ չի արվում: Կարող ենք ասել,որ մի քանի բուհեր են, որ այժմ ունեն դիմորդներ, իսկ մարզային բուհերի շատ մասնաճյուղերում դիմորդներ չկան: Սակայն սա, կարծես թե, այնքան էլ չի անհանգստացնում իշխանություններին, եւ իրենք զբաղված են կրթության ոլորտի բարեփոխումներով. ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները բաժանել են ոլորտների, ստեղծել հիմնադրամ, որն էլ գերծանրաբեռնված աշխատում է, որ կյանքի կոչի իշխանությունների ծրագիրը: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց հիմնադրամի նախագահ Արմեն Սիմոնյանին, սակայն նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Նկատենք, որ պլանավորված ակադեմիական քաղաքի ստեղծումը կոմունիկացիոն, քաղաքային պլանավորման եւ այլ հարցերում լրջագույն խնդիրներ է ստեղծելու, մասնավորապես, որ նույն ժամին միանգամից մի քանի հազար մարդիկ պետք է հասնեն դասի՝ դասախոսներն ու ուսանողները:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ  ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծել՝ ԱԺ պատգամավորների կողմից թույլ տված վարքականոնների խախտման բոլոր դեպքերի բացահայտման համար: Ընդդիմադիրների այս նախաձեռնության համար հիմք է հանդիսացել, մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ՝ Երեւանի կենտրոնում քաղաքացուն վիրավորելու եւ նրա վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խուլիգանական վարքագիծը, ինչպես նաեւ փետրվարի 3-ին Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը, թե՝ 120 հազար արցախցու համար չարժէ ռիսկի տակ դնել 3 միլիոն հայաստանցու ճակատագիրը: «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Ըստ նույն օրենքի՝ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: ՔՊ-ամերձ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իշխանականները դեմ են այս հանձնաժողովի ստեղծմանը, ուստի, տարբեր պատճառաբանություններով, փորձում են  տապալել այս գործընթացը՝ մեկ ժամանակավոր հանձնաժողովի նախագահի հարցում են առարկություններ ներկայացնում, մեկ հանձնաժողովի կազմի, մեկ՝ դրա գործառույթների, այդպիսով՝ ընդդիմության առաջարկած որեւէ տարբերակի հետ համաձայն չեն: Եթե ՔՊ-ականներին եւ ընդդիմադիրներին, ի վերջո, հաջողվի այս հարցում համաձայնության գալ, ապա նախագիծը կընդգրկվի ԱԺ հաջորդ նստաշրջանի օրակարգում: Հուսանք, որ այս հանձնաժոովի շրջանակներում քննության առարկա կդառնա նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի վարքը, ում մասով քաղաքացի Տաթեւ Վիրաբյանն արդեն դիմել է Ազգային ժողով:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ վարձով է բնակվում, նոր բնակարան է ձեռք բերել «Անի» թաղամասում: Մեզ հետ զրույցում պատգամավորը չհերքեց այս տեղեկությունը` նշելով, որ բնակարանը հիփոթեքով է ձեռք բերել 2 տարի առաջ: «90-ականներին էլ ես պատգամավոր էի, մինչ պատգամավոր դառնալս 5 տարի բնակարանի հերթի մեջ եմ եղել, հետո պատգամավոր դարձա,  ընդդիմադիր խմբակցության՝ ՀՅԴ անդամ էի, ու էլ չստացա բնակարան: 2020թ.-ին նոր կառուցվող շենքում բնակարան գնեցինք հիփոթեքով. հիմա ես, տղաներս, կինս, թոռնիկս այդ բնակարանում ենք ապրում, մեր հնարավորություննները  թույլ տալիս են, որ կարողանանք հիփոթեքային վարկը մարել»,-մեզ հետ զրույցում ասաց Աղազարյանը: Ավելին՝ ՔՊ-ական պատգամավորի որդիներն էլ պաշտոններ են զբաղեցնում պետական համակարգում. պատգամավորի կրտսեր որդին՝ Հովսեփ Աղազարյանը, Նոր Նորքի թաղապետի տեղակալն է, իսկ մյուս որդին ՊԵԿ-ում է աշխատում: Ինչ վերաբերում է որդու փոխթաղապետ նշանակվելուն՝ Աղազարյանը կարծում է, որ իր տղան,  ընդունակությունների համեմատ, ցածր պաշտոն է զբաղեցնում. «Դա արդյունք է այն բանի, որ նա երկար ժամանակ է՝ մեր թիմի կողքին է: Այն պաշտոնյաները, որոնք իրավասու են պաշտոնների նշանակելու, նկատել են նրա ընդունակությունները: Ինչ վերաբերում է ՊԵԿ-ում աշխատող իմ որդուն, նա մեկ տարուց ավելի աշխատել է այնտեղ, երբ քննություն պետք է լիներ, նա չհաղթահարեց շեմը. վաղուց դուրս է եկել ՊԵԿ-ից, այնտեղ չի աշխատում»,-ասաց Հովիկ Աղազարյանը:

 

 

 

Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով՝ նախաքննական մարմինը ուշագրավ հանգամանք  է քննում։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝  նախաքննական մարմինը քննում է վարկած, որ 15 զինվորների հրդեհի գործում կա հակառակորդի մասնակցությունը։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով մահացան 15 զինծառայողներ. սույն գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ։ Այստեղ նաեւ հիշեցնենք, որ հրդեհից հետո Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը եւս կոչ էր արել դիտարկել հակառակորդի կողմից նմանօրինակ սադրանքի իրականացման հավանականությունը, եւ հիմա նախաքննական մարմինն այս վարկածը քննում է: Իրավապահները չեն բացառում հակառակորդի գործոնը:

 

 




Լրահոս