ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երբ  վերելակները փչանում են, ո՞ւր եւ ո՞ւմ դիմենք, որ գան ու վերանորոգեն: Ի՞նչն է խնդիրը, որ  ՀԱԹ Բ-1 թաղամասի գրեթե բոլոր շենքերի վերելակները նորմալ չեն աշխատում, օրը մի շենքի վերելակ փչանում է: Գումարները մուծում ենք, բայց նորմալ չեն վերանորոգում կամ էլ 15 օր սպասում ենք, նոր միայն գալիս, վերանորոգում են:

ՀԱԹ Բ-1 թաղամասի մի խումբ բնակիչներ

ՊԱՏԱՍԽԱՆ. Բնակիչը պիտի նշի իր հասցեն, շենքի համարը, որ մենք կարողանանք ճշտել ու ասել, թե ինչն է խնդիրը: Մենք հենց այնպես գումարներ չենք հավաքում, դա բնակիչների սպասարկման վարձն է, նրանք պայմանագիր ունեն, եւ օրինական վճարում են: Վերելակներն էլ նորմալ աշխատում են, եթե չաշխատեն, բնակիչը գումար չի վճարի: Ստիպողաբար հնարավոր չէ, որ բնակիչը վճարի, եթե նա դրանից չի օգտվում: Թող Բ-1 թաղամասի բնակիչները զանգահարեն մեր գրասենյակի 747386 հեռախոսահամարով եւ կոնկրետ տվյալներ տան, նշեն հասցեն, որ մենք համապատասխան քայլեր ձեռնարկենք:

ՀԱԹ վերելակների սպասարկման ընկերության
կարգավար Սվետա Ղազարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թե  բարոյապես եւ ֆիզիկապես մաշված  վերելակի հատկապես որ դետալն է փչացել, այնքան էլ կարեւոր չէ: Փաստն այն է, որ ոչ միայն ՀԱԹ-ում, այլեւ ամբողջ Երեւանում վերելակների գործածության ժամկետն անցել է, իսկ դրանք նորերով փոխարինելու միջոցներ չկան: Մինչդեռ մարդատար ցիկներից օգտվելու վարձավճարը կա ամենուր եւ կանոնավորապես գանձվում է: Բայց ինչպես տեսնում ենք, քաղաքացին վճարում է ամբողջ ամսվա համար, սակայն վերելակից օգտվում մի քանի օր: Ցավոք, այսօր քաղաքային իշխանությունները չեն կարողանում ասել, թե երբ է Երեւանը վերջապես ազատվելու հնամաշ, մարդկային կյանքեր խլած եւ ամեն վայրկյան նոր դժբախտությունների հնարավոր պատճառ հանդիսացող վերելակներից:




Լրահոս