Ադրբեջանական կողմը երեկ հերթական անգամ սադրանքի է դիմել՝ անկանոն կրակ արձակելով հայկական դիրքերի ուղղությամբ:
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայ 4 զինծառայող է վիրավորվել։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ էր բացել նաեւ վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի եւ վիրավորների մասին։
Իսկ արդեն երեկոյան ժամը 18:25-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտեց հրադադարը նաեւ Նորաբակի ուղղությամբ ՝ կիրառելով հրետանային միջոց:
Նկատենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցություններից հետո կողմերը հայտարարում էին առաջընթացի մասին, նշում էին, որ կողմերը որոշ հարցերի շուրջ կարողացել են համաձայնության գալ: Սակայն վաշինգտոնյան բանակցություններից ընդամենը օրեր անց ադրբեջանական կողմը տարբեր ուղղություններով սադրանքի է դիմում՝ կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:
-Պարո՛ն Օհանյան, ինչու՞ ադրբեջանական կողմը երեկ հերթական անգամ սադրանքի դիմեց, լարեց սահմանային իրավիճակը. ո՞րն էր այս ամենի նպատակը:
-Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է ազդել Հայաստանի վրա, զուգահառ նաեւ սեղմել օղակն Արցախի շուրջ. գործողությունները Հայաստանի եւ Արցախի սահմաններին պետք է դիտարկել մեկ համատեքստում, նման կերպ թշնամին փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա եւ սեղմել օղակն Արցախի շուրջ: Հայաստանի Հանրապետությունը, մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն նման սադրանքների, պետք է համարժեք արձագանք տան հակառակորդին:
-Ձեզ համար հասկանալի է՝ ինչո՞ւ հենց վաշինգտոնյան բանակցություններից ընդամենը մի քանի օր անց Ադրբեջանը սրեց իրավիճակը, կարո՞ղ ենք եզրակացնել, որ Ադրբեջանը բանակցություններում չի ստացել իր ուզածը եւ հիմա փորձում է ուժային ճանապարհով հասնել իր ուզածին:
-Ադրբեջանի գործողությունները շարունակական են լինելու, նախկինում՝ մինչեւ 2018թ.-ը, դրանից հետո էլ բանակցություններին զուգահեռ, Ադրբեջանը նման սադրանքներ եւ ագրեսիվ գործողություններ է իրականացնում, որպեսզի ճնշումներ գործադրի եւ իր շահն առաջ տանի բանակցություններում: Ուժային մեթոդներով է փորձում ստանալ իր ուզածը:
-Պարո՛ն Օհանյան, հնարավո՞ր է, որ սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնի՝ վարչապետի եւ ՊՆ նախարարի մասնակցությամբ, որպեսզի քննարկեն սահմանային լարված իրավիճակը:
-Երբ որոշակի հանգամանքներ պարզ լինեն, իրադրությունը սրվի, ապա իրադրությանը համահունչ նաեւ ընդդիմությունը կգործի: Դեռ արտահերթ նիստ հրավիրելու որոշում չունենք, երբ լինի՝ կհայտարարենք այդ մասին:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՀՐԱՏԱՊ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
«Կիրառե՛ք պատժամիջոցներ, պատասխանատվության ենթարկեք Ադրբեջանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիայի համար. հրատապ գրություններ միջազգային գործընկերներիս»: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Դեռ 2023 թվականի մարտի 15-ին միջազգային կառույցներին ահազանգել էի, որ Հայաստանում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ. սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի:
Բացի այդ, Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին ահազանագել էի նաեւ ապրիլի 25-29-ին Բրյուսել կատարած այցիս ժամանակ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումներում։
Ցավոք, միջազգային կառույցները, չնայած իրենց բոլոր մտահոգություններին, չկիրառեցին գործնական քայլեր՝ կանխելու Ադրբեջանի նոր ագրեսիան, որի հետեւանքով արդեն ունենք 4 վիրավոր, կոպիտ ոտնահարվել են ՀՀ սահմանամերձ բնակիչների կյանքի եւ մյուս հիմնարար իրավունքները, եւ, առհասարակ, միջազգային իրավունքը։
Հրատապ գրություններ եմ ուղարկում միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Պահանջում եմ հրատապ արձագանքել, կիրառել պատժամիջոցներ, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիայի համար։
ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑԸ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի հինգ ամսվա (150-օրյա) շրջափակման հետեւանքով մարդու անհատական եւ հավաքական իրավունքների խախտումների մասին:
Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի եւ 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը եւ Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:
Ստորեւ ներկայացնում ենք զեկույցում արտացոլված մի քանի հիմնական տվյալ շրջափակման հետեւանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝
– Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 200 անգամ (367,500-ի փոխարեն՝ 1,839 մուտք եւ ելք),
– Ճանապարհով գրեթե 54 անգամ ավելի քիչ մեքենայի շարժ է արձանագրվել, քան պետք է լիներ առանց շրջափակման (138,000-ի փոխարեն՝ 2,558 մեքենայի մուտք եւ ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի եւ ՌԴ խաղաղապահների կողմից),
– Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել, քան իրականում պետք է լիներ (60,000 տոննայի փոխարեն՝ 4,623 տոննա),
– Շրջափակման հետեւանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա,
– Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1200 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից,
– Ադրբեջանը հանրագումարային 85 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը,
– Արդեն 121 օր շարունակ լրիվությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչը շարունակում է հանգեցնել հովհարային եւ վթարային անջատումների,
– Փաստացի աշխատանքը եւ եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,900 մարդ,
– Երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 285 մլն ԱՄՆ դոլարի վնաս,
– Մի շարք իրավունքների խախտումներ ավելի սուր են արտահայտվում խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ 30,000 երեխա, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ, 20,000 տարեց, 60,000 իգական սեռի ներկայացուցիչ (կին եւ աղջիկ) եւ 15,000 տեղահանված անձ:
Ի լրումն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու բազմակի խախտումների՝ 80 օր շարունակ չիրագործելով նաեւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ելքի եւ մուտքի ապահովման վերաբերյալ՝ Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարել է միջազգային բարձրագույն արժեքներն ու սկզբունքները: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ հանգեցնելով մարդկային կորուստների եւ այլ զրկանքների Արցախի ժողովրդի շրջանում, իսկ 2023 թվականի ապրիլի 23-ից անօրինական անցակետ է տեղադրել Հակարի գետի կամրջի մոտ: Միջազգային հանրությունը ոչ միայն իրավունք, այլեւ անառարկելի պարտավորություն ունի՝ օր առաջ գործնական միջոցներով կատարելու միջազգային բարձրագույն դատարանի որոշումը եւ կանխելու ադրբեջանական հետագա հանցագործությունները։