ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓՈՔՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վաղ առավոտվանից՝ ժամը 6-ից, հրետանային կրակի տակ են պահել Վարդենիսի Սոթք գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը։ Պաշտպանության նախարարությունը 4 ժամ անց հաղորդեց միայն, որ լարվածությունը նվազում է։ Երեկ այս հանգամանքին կառավարության նիստում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է հայկական բանակի ադեկվատ ու արդյունավետ պատասխան գործողություններից հետո», – գործադիրի այսօրվա նիստում ժամը 11-ին հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ հայտարարելով, – «դեռ վաղ է իրադրությունը լիարժեք կայուն համարել»:

Ադրբեջանական ստորաբաժանումները, ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության, վիրավոր զինծառայողներին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ են կրակ բացել:

Պաշտոնական Բաքուն հայտարարում է՝ մարտական գործողություններում զոհված մեկ զինծառայողի մասին եւ պնդում են, որ դեռ երեկ երեկոյից է հայկական կողմը կրակում եւ ադրբեջանցի մի զինծառայող էլ ծանր վիրավորում է ստացել։ Սա վարչապետը հորինվածք է համարում:

«Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով՝ որեւէ միջադեպ չի գրանցվել եւ ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան ետին թվով այդ լուրը հորինել է իրադրությունը սրելու համար», – ասաց Փաշինյանը:

Օրվա առաջին կեսին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածում, թե հայկական կողմը նոր գործողության է նախապատրաստվում, կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է՝ բանակը պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում, իսկ իրանական անօդաչուներ հայկական սպառազինության մեջ չկան։

«Ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են եւ այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում: Երեկվա սադրանքը նպատակ ունի նաեւ խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին՝ Քիշնեւում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի այս հայտարարություններին նախորդել էր Արտգործնախարարության կոչը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու եւ դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն փորձերը: Չնայած հենց ինքը՝ Փաշինյանն էր այսօր հայտարարում՝ էսկալացիաները Բաքուն օգտագործում է բացառապես բանակցություններում գրանցված առաջընթացը զրոյացնելու համար, բայց ասաց. «բրյուսելյան բանակցությունները այս պահին չի չեղարկում»:

«Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել», – ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Փաշինյանն ամբողջությամբ չբացառեց կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը, բայց եւ  շատ փոքր համարեց դեպքերի նման զարգացումը։

Ն.Հ.

 

 

 

 

ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ տեւական խաղաղությանն աջակցելու հնարավորությունները։

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ը բանակցություններ են անցկացրել Վաշինգտոնում։

Բանակցությունների առաջին եւ վերջին նիստերին մասնակցել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Վաշինգտոնի քննարկումներից հետո ԵՄ-ն հայտնեց, որ մայիսի 14-ին Բրյուսելում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։

 

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Թուրքիայի ԱԳՆ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Մոսկվայում  4 երկրների ԱԳՆ նախարարների հետ քննարկել են տարածաշրջանային խնդիրները։

Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ Թուրքիայի ԱԳՆ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել են հատկապես Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան վերջին զարգացումները։

Չավուշօղլուն շեշտել է, թե հանդիպումը դրական է անցել։

 

 

 

ԱՄՆ-Ն ՍՊԱՌՆԱՑԵԼ Է

ԱՄՆ-ն նախազգուշացրել է Վրաստանին, որ պատժամիջոցներ կկիրառի, եթե Վրաստանը վերսկսի ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին տեղեկացրել են պետդեպարտամենտի ներկայացուցիչները Accent-ի համար տրված մեկնաբանությունում։

Պետդեպարտամենտում հիշեցրել են, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը, մասնավորապես, արգելում են ռուսական ինքնաթիռներին մտնել իրենց օդային տարածք։

«Եթե ուղիղ չվերթները Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ վերսկսվեն, դա կստիպի մեզ պատժամիջոցներ մտցնել վրացական ավիաընկերությունների դեմ, որոնք կսպասարկեն ներմուծման եւ արտահանման վերահսկողության ներքո գտնվող ինքնաթիռները»,- նշվել է հաղորդագրությունում։

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ փոփոխություններով դրույթ է սահմանվելու, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների եւ պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ: Օրենքում նախատեսվելու է դրույթ՝ օդանավակայանների մյուս՝ պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվելու կարգի վերաբերյալ՝ սահմանելով լիազորող նորմ, որի հիման վրա վարչապետի որոշմամբ սահմանված կարգով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների եւ պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը: Բանն այն է, որ այժմ օրենքի 7.9-րդ հոդվածում սահմանված է, որ Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, ինչպես նաեւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաեւ այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

 

 

 

 

ՄԻԵԴ-Ը ՄԵՐԺԵԼ Է

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ «Սույն թվականի մայիսի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ Մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսեւորվում է կյանքի իրավունքին եւ խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում։ Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաեւ համապատասխան ապացույցներ։ Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը»,- հայտնում են ներկայացուցչի գրասենյակից։

 




Լրահոս