2019 թվականին «Երեւանի պետական համալասարան» առանձնապես խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործի (նախաձեռնված վարույթի) շրջանակում, նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել Հիմնադրամի կարիքների համար ձեռք բերված սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի՝ 2016 թվականի հրամանով, Հիմնադրամի կարիքների համար էլեկտրակենցաղային սարքավորումներ ձեռք բերելու համար ստեղծվել է գնահատող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով): Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նախագահ Ա.Ղ.-ն, անդամներ Մ.Ս.-ն, Կ.Մ.-ն, Ս.Հ.-ն եւ քարտուղար Ե.Ս.-ն:
Բաց ընթացակարգով էլեկտրական սարքավորումների ձեռքբերման ընթացակարգի հայտարարության եւ հրավերի տեքստերն ուղարկվել են շրջանակային համաձայնագիր կնքած անձանց էլեկտրոնային հասցեներին եւ սահմանվել հայտերի ընդունման վերջնաժամկետ: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել միայն «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի գնումների վարչության գնումների մասնագետ Ա.Մ.-ի ամուսինը՝ անհատ ձեռնարկատեր Է.Մ.-ն, եւ «Մարինե-90» ՍՊ ընկերությունը:
2016 թվականի մայիսի 31-ին Հանձնաժողովի անդամները նվազագույն գնային առաջարկ ներկայացրած Է.Մ.-ից պահանջել են ներկայացնել որակավորման չափանիշների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր:
Հիմնադրամի գնումների վարչության գնումների մասնագետ Ա.Մ.-ի ամուսին Է.Մ.-ն, իրականությունը խեղաթյուրելու, մրցույթում հաղթող ճանաչվելու եւ Հիմնադրամի ռեկտորի կողմից 2016 թվականի մայիսի 20-ին հաստատված էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի եւ կենցաղային սարքավորումների գնման նախահաշվում նշված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող էլեկտրակենցաղային սարքավորումներ մատակարարելու դիտավորությամբ, գրություն է ուղարկել Հանձնաժողովին, որ ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են նախատեսված բնութագրերին:
Հանձնաժողովի անդամները անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ նոր մրցույթ չհայտարարելու հանգամանքով պայմանավորված, ԵՊՀ շահերին հակառակ, հօգուտ Է.Մ.-ի, որոշել են չմերժել Է.Մ.-ի ներկայացրած գնման ընթացակարգերին ակնհայտ չհամապատասխանող հայտը, որից հետո Է.Մ.-ն 7 մլն 155 հազար 967 դրամով տեխնիկական բնութագրերից տարբերվող էլեկտրակենցաղային սարքավորումներ է ձեռք բերել (19 սառնարան, 17 հեռուստացույց, 23 օդորակիչ), որի համար ԵՊՀ-ն դուրս է գրել 12 մլն 830 հազար դրամ:
Հրավերի տեխնիկական բնութագրից տարբերվող նշված ապրանքատեսակների մատակարարման վերաբերյալ Է.Մ.-ի Ա/Ձ-ի եւ «ԵՊՀ» հիմնադրամի միջեւ՝ ի դեմս ռեկտորի, կազմվել են հանձնման-ընդունման ակտեր, որից հետո Է.Մ.-ի կողմից ՀՀ-ում գործող այլ մատակարարից ձեռք բերված եւ հենց նրա կողմից անմիջապես Հիմնադրամին մատակարարված 7 մլն 155 հազար 967 դրամի ապրանքների դիմաց «ԵՊՀ» հիմնադրամը բանկային փոխանցմամբ Է.Մ.-ի Ա/Ձ-ին վճարել է 12 մլն 830 հազար դրամ. արդյունքում Է.Մ.-ն խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլն 674 հազար 33 դրամ չհիմնավորված հավելյալ գումար:
2023 թվականի ապրիլի 28-ին նախաքննության ընթացքում մեղադրյալ Ս.Հ.-ի նկատմամբ կիրառվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում՝ «Էրեբունի-Երեւան հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված օրենքի դրույթների կիրառմամբ:
2023 թվականի ապրիլի 20-ին եւ 21-ին Ա.Ղ.-ի, Մ.Ս.-ի եւ Կ.Մ.-ի նկատմամբ դատախազի նախաձեռնությամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ), իսկ Է.Մ-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):
Հսկող դատախազը 2023 թվականի մայիսի 10-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:
ՔԱՂԱՔԱՑԻՆ ՄԱՀԱՑԵԼ Է
Մայիսի 11-ին՝ ժամը 00։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, կա արգելափակված քաղաքացի:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Mitsubishi Diamante մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե., ծնված 1977թ.) բախվել է ավտոճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը եւ ուղեւոր Թ. Պ.-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են Վաղարշապատ քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ սահմանազատել տարածքը։
ՈՉՆՉԱՑՎԵԼ Է 11 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ
2020 թվականին հայտարարված ռազմական դրության եւ զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել են տրանսպորտային միջոցներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ հասցվել է վնաս:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատման արդյունքներով դրական եզրակացություն է կայացվել թվով 26 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, որի գումարը ընդհանուր կազմել է 49 մլն 37 հազար դրամ:
Մենք տեղեկացանք, որ 26 տրանսպորտային միջոցներից 11-ն ընդհանրապես ոչնչացված են եւ առկա չեն, 1-ը կրել է այնպիսի վնաս, որը հնարավոր չէ վերականգնել նպատակային նշանակությամբ օգտագործելու համար, 14-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին եւ կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան:
Անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գումարը ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել ՀՀ կառավարության 2023 թվականի պահուստային ֆոնդից:
Եվ այս որոշման նախագծի ընդունմամբ պայմանավորված՝ 2023 թվականի պետական բյուջեում առաջացնում է լրացուցիչ 49 մլն դրամի չափով ծախսերի կատարում, որը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելու է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ այնուհետեւ համապատասխան ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխանցելու համար:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ԳԼՈՐԻԱ»-Ի ՏՆՕՐԵՆԻ ԴՍՏԵՐ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2021 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ հնչեցին, ինչի հետեւանքով մահացավ «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրը՝ 27-ամյա Դիանա Դարբինյանը: Իրավապահները տեւական ժամանակ է, ինչ փնտրում էին սպանության ենթադրյալ կատարողին:
Արդյունքում, ոստիկանությունը մայիսի 9-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության եւ Բելառուսի Հանրապետության իրավապահների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բելառուսի Հանրապետությունում հայտնաբերվել եւ մայիսի 7-ին Հայաստան է տեղափոխվել 24-ամյա Լեւոն Ավետիսյանը, որը 2021թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 104-րդ (Սպանությունը) եւ մի շարք այլ հոդվածների մեղադրանքով: Լեւոն Ավետիսյնաի պաշտպան Ալեքսանդր Կոչուբեւը վստահեցնում է՝ կամայական արդարադատություն է իրականացվում եւ Ավետիսյանը կապ չունի այս սպանության հետ:
Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ կալանավորված Լեւոն Ավետիսյանը սպանված Դիանա Գասպարյանի ամուսնու բարեկամն է:
Իսկ, ահա, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դստեր սպանության գործով փաստաբան Հովսեփ Սարգսյանը հայտնեց, որ տեղեկություններ են ստացվել, որ գործով կարեւոր վկայի նկատմամբ կա ճնշում, եւ նա որոշել է վարույթ իրականացնող մարմնի դիմում ներկայացնել եւ հայտնել, թե իբր այն, ինչ ասել է նախկինում, իրականության հետ կապ չունի:
Ինչո՞ւ է կարեւոր վկան 1 տարի անց որոշել նման քայլի գնալ, ով կամ ովքեր են նրան ճնշման ենթարկել, որ նա գնում է այդ քայլին, հուսանք՝ կպարզի նախաքննական մարմինը՝ ի դեմս Քննչական կոմիտեի:
Ինչեւէ, փաստ է մեկ բան՝ սպանությունը կատարելու համար կալանավորված է Լեւոն Ավետիսյանը: Վերջինս կշարունակի մնալ կալանավորված:
ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել աղմկահարույց սպանության տեսագրությունը, թե ինչպես է սպանություն կատարողը մոտենում եւ կրակոցներ արձակում Դիանա Դարբինյանի ամուսնու մեքենայի ուղությամբ: