ՈՉ ՄԻ ՇԱԲԱԹ ԱՌԱՆՑ ՏԵՐՅԱՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքրքիր հուշեր, սիրված ու անհայտ բանաստեղծություններ, հոդվածներ, օրագրային գրառումներ, բացառիկ լուսանկարներ, որոնք կօգնեն խորհել Տերյանի հետ յուրաքանչյուր օր ու շաբաթ։ «Զանգակ» հրատարակչությունն ընթերցողին է ներկայացրել «Ոչ մի շաբաթ առանց Տերյանի» ժողովածուն։ Գիրքը համալրում է հրատարակչության «Ոչ մի շաբաթ առանց գրականության» շարքը եւ այս ձևաչափով լույս տեսած գրքերից յոթերորդն է։

 

«Ես փորձել եմ Տերյանին ներկայացնել հնարավորինս ընդգրկուն եւ բազմազան՝ նամակներում, բանաստեղծություններում, հուշերում, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող կարողանա գտնել ի՛ր Տերյանին եւ բացահայտել սիրելի բանաստեղծի անհուն խորությունը։ Սա, իհարկե, գիտական ուսումնասիրություն չէ, բայց նշված են աղբյուրները, եւ ընթերցողը կարող է փնտրել, գտնել, ճանաչել Տերյանին»,- նշում է գրքի կազմող եւ խմբագիր Հայկ Համբարձումյանը։ Բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունները գրքում ներկայացված են տարվա շաբաթներին համապատասխան՝ 52 անդրադարձ-դրվագներով։

Սիրված ու անհայտ բանաստեղծություններից զատ ընտրանիում տեղ են գտել նաեւ գրողի նամակները, թարգամանությունները, բացառիկ լուսանկարներ ու դրվագներ նրա կյանքից, որոնք բացահայտում են Տերյանին՝ որպես հզոր պոետի, հայրենասեր քաղաքացու եւ հասարակական գործչի։ ««Զանգակ» հրատարակչության եւ Հայկի այս նախաձեռնությունն ուղղակի փառահեղ գաղափար է, քանի որ մենք դասագրքերից դուրս չենք ճանաչում մեր գրողներին։

«Ոչ մի շաբաթ առանց գրականության» շարքի ընտրանիները եւ հատկապես Տերյանին նվիրված այս ժողովածուն փոխում են շատ ընթերցոների կաղապարային ընկալումները,  եւ ընդարձակված կամ փոփոխված պատկերացումներ են տալիս մեր գրողների մասին։ Այս տեսանկյունից են բացահայտվել Եղիշե Չարենցի, Հովհաննես Թումանյանի, Հրանտ Մաթեւոսյանի կերպարները, հիմա էլ Տերյանին ենք նորովի բացահայտում։ Այս դեպքում առավել քան նկատելի է դա։ Եթե Տերյանի կերպարը բացահայտված լիներ, չէր լինի կարծրատիպը «տերյանական աշունների» ու տխրությունների մասին, չէին լինի պարզունակ պատկերացումները տերյանական հայրենասիրության եւ սիրերգության մասին։ Շատ հաճելի է, որ այս ընտրանին գալիս է այդ օրինաչափությունները ցրելու, որովհետեւ եւ՛ ընտրված լուսանկարները, եւ՛ տեքստերը բացահայտում են բոլորովին ուրիշ Տերյանի, մարդու, որը ոչ միայն նուրբ ապրումների տեր բանաստեղծ էր, այլեւ ակնառու քաղաքացի, որի նման գործիչներ մենք շատ քիչ ենք ունեցել։ Եթե շարքի նախորդ գրքերն օրացուցային ուղղվածություն ունեին, այս ընտրանին արդեն մենագրության է մոտենում կամ կենսագրավեպի»,- նշում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

Շարքի առաջին գրքերը ունեին օրացուցային կառուցվածք եւ կարող էին դառնալ յուրօրինակ նոթատետրեր։ Ընթերցողի համար թողնված էին ազատ էջեր ու տողեր, որտեղ նա կարող էր գրել իր սիրած տողերը, նշումներ անել: Մատենաշարի վերջին գրքերում ազատ էջերը գնալով նվազում են, իսկ Տերյանին նվիրված ժողովածուում արդեն բացակայում են։ «Մեզ համար կարեւոր էր, որ ընթերցողն ապրի գրականության մեջ, ամեն օր պոեզիա կամ արձակ լինի իր կյանքում, դրա համար մտածել էինք ընտրանի-նոթատետր ձեւաչափը։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ ընթերցողները չեն ուզում նշումներ անել գրքում եւ ընտրանիները այդպես էլ նոթատետր չդարձան։ Աստիճանաբար բաց էջերը նահանջեցին՝ իրենց տեղը զիջելով բանաստեղծությունների, ուսումնասիրությունների եւ այլն։

«Ոչ մի շաբաթ առանց Տերյանի» ժողովածուի շապիկի վրա որպես հիշողություն թողել ենք նոթատետր-ընտրանի գրվածքը, բայցեւայնպես, հաջորդիվ արդեն նոթատետր բառն էլ դուրս կգա, եւ կմնա ընտրանին, բայց ոչ թե բանաստեղծությունների կամ երկերի ընտրանի, այլ, այսպես ասած, հեղինակի կյանքի դրվագների ընտրանի»,-պատմում է Հայկ Համբարձումյանը։ «Զանգակ» հրատարակչության «Ոչ մի շաբաթ առանց գրականության» շարքը շարունակական կլինի։ Հաջորդիվ ընթերցողի սեղանին կդրվի Ավետիք Իսահակյանին նվիրված ընտրանին։

 

 

 

 

«ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԸ ՄԻԱՑՎԵՑ «ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ»-ԻՆ

«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձեւով միացվեց «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը:

 

Ոորոշումն ընդգրկված էր կառավարության աերեկվա օրակարգում: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը կնպաստի նշյալ կազմակերպությունների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացման ու կարողությունների զարգացմանը, կխթանի ֆինանսական միջոցների ավելացմանը:

Բանն այն է, որ մինչ այժմ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը» եւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը գործում են նույն ենթակառուցվածքային համակարգում (շինություն, կոմունալ հանգույցներ եւ այլն):

Այս ամենին զուգահեռ, կադաստրային տարածքի եւ փաստացի զբաղեցրած տարածքների մեջ նույնպես առկա են տարբերություններ։ Այս ամենն առաջացնում է լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ։

Ընդ որում՝ գոյության ողջ ընթացքում կոմունալ բոլոր ծախսերը հոգացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Մոտավոր հաշվարկով՝ յուրաքանչյուր տարի 3.5-4 միլիոն դրամ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՅԱՆ

 

 

 

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂ

Իտալիայի չեմպիոն «Միլանի» իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է երկրի փոխչեմպիոն «Ինտերից» կրած 0:2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։ Հյուրընկալող կողմը «Միլանն» էր։

«Պետք է առաջ շարժվենք երկրորդ խաղակեսում մեր ունեցած տրամադրվածությունից։ Մենք ունեինք հնարավորություն վերադարձնել խաղը մեզ համար ցանկալի հունի։ Մենք սխալներ թույլ տվեցինք առաջին խաղակեսում եւ պետք է հաջորդ խաղում այլ կերպ գործենք։

Հիմա տղաները հիասթափված են, բայց գիտեն, որ պատասխան խաղում ամեն ինչ կփոխեն։

Դժգոհ եմ մրցավարից։ Շատ դրվագներում նա երկակի չափանիշ էր կիրառում»,- Պիոլիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

«Ինտեր» – «Միլան» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

 

 

 

 

ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԱՏԱՆԻՆԵՐԸ

Ամերիկացի դերասանուհի, «Էմիլին Փարիզում» հեռուստասերիալի աստղ Լիլի Քոլինզից գողացել են 10 հազար դոլարի զարդեր։

Կողոպուտը տեղի է ունեցել Արեւմտյան Հոլիվուդի հայտնի հյուրանոցներից մեկում։ Դերասանուհին գնացել է սպա, եւ այդ ընթացքում կողոպտիչներին հաջողվել է սենյակից 10 հազար դոլար արժողությամբ զարդեր գողանալ։ Դրանց թվում էին ադամանդե նշանադրության մատանին, ադամանդներով մատանի եւ էլեկտրոնիկա:

Լիլի Քոլինզը երաժիշտ Ֆիլ Քոլինզի եւ Ջիլ Թեւելմանի դուստրն է։ Երբ աղջիկը յոթ տարեկան էր, նրա ծնողները բաժանվել են։ Լիլին մոր հետ տեղափոխվել է Լոս Անջելես։

 

 

 

 

ԵՐԳՉՈՒՀԻ ՍԻԱՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է

47-ամյա ավստրալացի երգչուհի Սիան (իսկական անունը՝ Սիա Քեյթ Իզոբել Ֆերլեր) ամուսնացել է սիրելիի՝ Դեն Բերնադի հետ։

Հրատարակության տվյալներով՝ արարողությունը տեղի է ունեցել Իտալիայում՝ մոդելավորողներ Դոմենիկո Դոլչեին եւ Ստեֆանո Գաբանային պատկանող վիլլայում։ Երգչուհու հարսանիքին ներկա է եղել չորս հյուր։

Հայտնի չէ, թե մինչ ամուսնանալը զույգը որքան ժամանակ է միասին եղել։ Երգչուհու սիրավեպի մասին հայտնի դարձավ 2021թ.-ին։ Այնուհետեւ Սիան ու Դեն Բերնադն առաջին անգամ միասին հայտնվեցին «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմի պրեմիերային։ Սա երգչուհու առաջին ամուսնությունը չէ. 2014 թվականին աստղն ամուսնացել է ռեժիսոր Էրիկ Անդերս Լանգի հետ, սակայն երկու տարի անց նա ամուսնալուծության հայց է ներկայացրել։

 

 




Լրահոս