«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը գալու է ԱԺ հանձնաժողով՝ 2022թ.-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու:
Սրանով պայմանավորված՝ հայրենի գործադիրում եւ օրենսդիրում խառն են այս օրերին:
Նախարարները շտկումներ են անում իրենց աշխատանքներում, որպեսզի թերացումներ չլինեն, վարչապետին ցույց տան, որ մեծ աշխատանք են տարել:
ՔՊ-ականներն էլ փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի Փաշինյանի խորհրդարան գալը հարթ անցնի, առանց միջադեպերի, անցանկալի հարցեր չհնչեն ընդդիմադիրների կողմից:
Բյուջեի կատարողականը ներկայացվելու է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում. վարչապետը ներկայացնելու է կառավարության
բյուջեի կատարողականը, իսկ մյուս նախարարները՝ իրենց ոլորտների, որից հետո վարչապետը եւ նախարարները կպատասխանեն պատգամավորների հարցերին:
Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում կան պետական կառույցներ, որոնք աշխատակիցների եւ կադրերի պակաս ունեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նարեկ Մկրտչյանի ղեկավարած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության չորս հաստիքներից մեկը՝ ինտեգրված սոցիալական ծառայության բաժինը, պետ չունի: Համենայնդեպս, այդ մասին են վկայում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքում տեղադրված պաշտոնական տվյալները: Ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի եւ գնահատման վարչությունը չունի ամփոփ վերլուծությունների բաժնի պետ, այս պաշտոնը թափուր է դեռ նոյեմբերից, նույն վարչությունում թափուր է նաեւ ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի եւ գնահատման վարչության պետի պաշտոնը. ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչությունն էլ հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ չունի եւ կրկին՝ նախորդ տարվա նոյեմբեր ամսից: Այդ նույն ամսից պետ չունի նաեւ գնումների համակարգի բաժինը: Հավելենք, որ Նարեկ Մկրտչյանը, 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, նշանակված չորրորդ նախարարն է: Մինչ այդ այս պաշտոնները զբաղեցրել են Մանե Թանդիլյանը, Զարուհի Բաթոյանը եւ Մեսրոպ Առաքելյանը: Այսինքն՝ նախարարության աշխատակազմը դեռ նախորդ տարվանից համալրել այդպես էլ չի ստացվում:
Ուշագրավ իրավիճակ է քրեակատարողական հիմնարկներում։ Խնդիրը հասել է այնտեղ, որ ՔԿՀ աշխատակիցներն են դատապարտյալների հետ գործարքի գնում ու կլորիկ գումար «մեջ-մեջ» անում։ Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ինչով է զբաղված ՔԿ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, երբ, իր ղեկավարած կառույցում, իր աշխատակիցները գործարքի մեջ են մտել դատապարտյալների ու նրանց հարազատների հետ։ Նշենք,որ երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ՝ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Հ. Խ.-ն եւ Ա. Գ.-ն, ի պաշտոնե լիազորված լինելով ապահովել քրեակատարողական հիմնարկում ներքին ծառայության եւ անվտանգության պահպանման կարգը, նախնական համաձայնությամբ, ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ հիշյալ ՔԿՀ բջջային հեռախոսներ փոխանցելու համար, նույն հիմնարկի դատապարտյալներից պարբերաբար ստացել են շուրջ 2.827.800 ՀՀ դրամ կաշառք։ Նշենք՝ այս բացահայտումները արվել են հենց Ատոմյանի ղեկավարման օրոք։
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը երկար ժամանակ փորձում էր ազատվել հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանից, բայց օրենսդրական կարգավորումների պատճառով չէր ստացվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրման կարգը փոխվել է ռուսական կողմի ցանկությամբ: Դա ներառված է ՌԴ կառավարության կողմից հավանության արժանացած՝ «հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» Հայաստանի հետ համաձայնագրի նախագծում: Նկատենք, որ փաստաթղթում ամրագրված են համալսարանի խնդիրները. դրանք ներառում են կրթական միջոցառումները, ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի հանրահռչակման քայլերը, ռուսաց լեզվի՝ ուսուցիչների խորացված վերապատրաստման կենտրոնի ստեղծումն ու զարգացումը, ռուսական կրթության ցուցահանդեսների եւ տոնավաճառների անցկացումը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դերի եւ ազդեցության ամրապնդումը եւ այլն: Եվ ահա, մեր տեղեկություններով, ռուսական կողմը փոփոխություն է առաջարկել նաեւ կառավարման ձեւում: Բանն այն է, որ այժմ համալսարանն իր կոնֆերանսի ժամանակ է ընտրում ռեկտորին, այսինքն՝ այն նշանակովի պաշտոն չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջարկվում է ստեղծել կառավարչական խորհուրդ, որը նման է հոգաբարձուների խորհրդին: Այն կազմված է լինելու 12 անձից՝ 6-ը հայկական եւ 6-ը ռուսական կողմերից: Այդ 12 անձինք են հենց հետագայում ընտրելու ռեկտորին: Ավելին, մեր տեղեկություններով՝ հայ դասախոսները, որոնք դասավանդում են համալսարանում, կանգնել են խնդրի առջեւ, քանի որ ռուսական կողմը ցանկանում է ավելի խորացնել ռուսաց լեզվով ուսուցումը, եւ դա էլ ենթադրում է՝ պետք է ռուսական կողմից դասախոսներ լինեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ռուսական կողմի նախագիծը դեռ պետք է համաձայնեցվի հայկական կողմի հետ, որից հետո պետք է ընդունվի ՌԴ Պետական դումայում, ապա ՀՀ Ազգային ժողովում եւ դրանից հետո նոր կմտնի ուժի մեջ: