ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թշնամին արդեն մի քանի օր է՝ սադրանքների է դիմում՝ կրակելով Գեղարքունիքի գյուղերի ուղղությամբ:

 

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11-ին հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ-ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:

Երեկ եւս ինտենսիվորեն կրակել է Սոթք եւ Կութ գյուղերի ուղղությամբ: Կութի եւ Սոթքի հատվածներում տեղեկայված հայկական դիրքերի վրա հակառակորդի կրակի հետեւանքով հայկական կողմն ունի 1 զոհ:

«Ժողովուրդ»  օրաթերթ-ը  սահմանային իրավիճակի վերաբերյալ զրուցել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:

-Պարո’ն Աբրահամյան, ինչու՞ է Ադրբեջանը հերթական բանակցություններից առաջ լարում սահմանային վիճակը, ո՞րն է թշնամու նպատակը:

-Բանակցային գործընթացում այն դիրքավորումը, որն ունի Ադրբեջանը, ինքնին ենթադրում է սահմանագծի տարբեր հատվածներում լարվածության կտրուկ աճ, դրանք կլինեն տեղային մասշտաբով, թե կընդլայնվեն, կախված է իրավիճակից: Կոնկրետ Սոթքի ուղղությամբ Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում: Առաջինը՝ Սոթքի հանքի աշխատանքները խոչընդոտելն է, ինչն արդեն մեկ ամիս է՝ տեղի ունենում: Սոթքի  հանքավայրը մեծ նշանակություն ունի ոչ միայն այդ շրջանի համար, այլեւ երկրի պետական բյուջեի համար:

Երկրորդ, եթե Ադրբեջանը նպատակ դնի վերահսկողություն հաստատել Սոթքի հանքի նկատմամբ, դա ոչ միայն տնտեսական առումով է վտանգ  ներկայացնում, այլ վտանգավոր է նաեւ մարտավարական տեղակայման առումով, քանի որ հանքից ներքեւ արդեն դաշտավայրային հատվածներ են, այսինքն՝ ռազմական տեսանկյունից եւս վտանգ կա: Սրան զուգահեռ էլ Ադրբեջանը զարգացնում է «արեւմտյան Ադրբեջան» թեզը, ինչը վերաբերվում է սովետական շրջանում ՀՀ տարածք վերադառնալուն: Իհարկե, ադրբեջանական հիմնավորումները փաստական առումով ճիշտ չեն, բայց Ադրբեջանը փորձում է առաջ տանել այն թեզը, թե այդ մարդիկ պետք է վերադառնան, հիմա էլ, իբրեւ, փորձում են անվտանգությունն ապահովել: Այսինքն՝ Ադրբեջանն իր ագրեսիան ու տարածքային նկրտումները թաքցնում է, այսպես կոչված, փախստականների թեզի տակ:

-Պարո’ն Աբրահամյան, իսկ ի՞նչ օրակարգով է շարժվում Հայաստանը, ձեզ համար հասկանալի՞ են այս պայմաններում մեր իշխանությունների միակողմանի խաղաղասիրական կոչերը:

-Խնդիրն այն է, որ Հայաստանի պահանջատիրությունը ձեւավորվել է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում: Ադրբեջանի ագրեսիան պայմանավորված է այսօրվա իշխանությունների քայլերով՝ անվտանգային եւ  արտաքին քաղաքական ոլորտներում ունեցած ձախողումներով: Իշխանության գալուց հետո, հասկապես, 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը բոլորին խաբում է, թե ինքը խաղաղություն է բերելու, բայց այդ խոստումներից հետո ամեն անգամ Հայաստանն ու Արցախը տարածքային եւ մարդկային նոր կորուստներ են ունենում:

Կարող ենք հստակ արձանագրել, որ այս իշխանությունը 5 տարվա ընթացքում իր հիմնական առաքելությունը, այն է՝ ապահովել ժողովրդի անվտանգությունը,  տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, ինչպես նաեւ՝ Արցախի անվտանգությունն ապահովելը , ոչ միայն չի կատարել, այլ այնպես է տապալել, որ Հայաստանը եւ Արցախը հսկայական տարածքային եւ մարդկային կորուստներ են ունեցել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՊԱՀԱՆՋ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտնում է.

 

«Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչից  պահանջել եմ, որ հասցեական արձագանքի շտապօգնության մեքենայի ուղղությամբ կրակ բացած Ադրբեջանի զինված ուժերի հակաիրավական գործողություններին։

-Երեկ՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա: Այս հանցավոր գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաեւ վիրավորում ստացած հայ զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

-Հերթական անգամ թիրախավորելով մասնագիտական պարտականությունները կատարող բուժաշխատողներին եւ շտապօգնության մեքենան՝ Ադրբեջանը կոպտագույնս խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնեւի կոնվենցիայի դրույթները: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հրատապ գրություն եմ ուղարկել ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին՝ ահազանգելով դեպքի մասին եւ ակնկալելով հանդես գալ հասցեական եւ կոնկրետ հրապարակային հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման առնչությամբ։

 

 

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետությունում ընդունել է  Հունգարիայի Հանրապետության դեսպան Աննա Մարիա Շիկոյին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու առիթով: Այս մասին հաղորդագրություն է տարածել արտաքին գործերի նախարարությունը։

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելությունում։ Զրուցակիցները քննարկել են հայ-հունգարական երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղիները, կարեւորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն հինգ ամիս շարունակվող արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններին։

Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման, ինչպես նաեւ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարեւորությունը:

 

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Երեկ՝ ժամը 22:45-ի դրությամբ, սահմանում իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի եւ Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 




Լրահոս