ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻՇՏ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ Է ԴԻՄՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը դրական է գնահատում Եվրոպական Միության դիտորդական առաքելության գործունեությունը: Այս մասին մայիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

 

«ԵՄ դիտորդները չէին կարող որեւէ արձագանք տալ մայիսի 11-ին Սոթքի հատվածում տեղի ունեցած միջադեպին: Նրանց դերակատարումն է զեկույցներ պատրաստել Բրյուսելի եւ ԵՄ անդամ երկրների համար, պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածները։ Նրանց ներկայությունն արդեն իսկ ներդրում է իրավիճակը բարելավելու գործում, դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ։ Այդ մասով առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը: Իհարկե, ոչ ոք կասկած չուներ, որ որոշակի սադրանքներ կլինեն, դրանք մենք տեսնում ենք, սակայն այս պահին մենք կարող ենք դրական գնահատել առաքելության գործունեությունը»,- ասաց Հովհաննիսյանը։

Վերջինս նաեւ նշել է, թե չի հիշում բանակցությունների մի փուլ, երբ Ադրբեջանի կողմից սադրանքներ չլինեն: «95 թվականից ԱԳ նախարարության համակարգում եմ, չեմ հիշում բանակցությունների մի փուլ, երբ չլինեն նման սադրանքներ կամ մինչեւ հանդիպումը, կամ հանդիպումից հետո»:

Նրա խոսքով, Ադրբեջանի մոտ արդեն նման ավանդույթ կա, իսկ գնահատականը տրվել է թե ԱԳ նախարարության տարածած հայտարարության միջոցով, թե կառավարության նիստի բացմանը Նիկոլ Փաշինյանի խոսքով։

Անդրադառնալով Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում արձանագրած առաջընթացին, ինչպես հայտարարել են կողմերը, Պարույր Հովհաննիսյանը մանրամասնեց, կողմերը ծանոթացել են միմյանց պատկերացումներին։

«Ամերիկյան կողմը հնարավորինս արեց, որ ստեղծվեր դրական մթնոլորտ։ Իսկապես արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի  նախագծի շուրջ մոտեցնել դիրքորոշումները։ Իհարկե, կան մի շարք կարեւորագույն հարցեր, որոնք դեռ պետք է քննարկվեն։ Դրա համար էլ բարձրագույն մակարդակով Բրյուսելում կազմակերպվում է հանդիպում, որին կհաջորդի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում Մոսկվայում։ Կլինեն այլ հանդիպումներ եւս»,-ասաց Պ. Հովհաննիսյանը։

Քիշնեւում հունիսի 1-ին հնարավոր հանդիպման մասին՝ Պ. Հովհաննիսյանը չհերքեց, նկատեց՝ Ադրբեջանը նշել է, որ դեռ չի հաստատել։

Նշենք, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերին: Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Մայիսի 12-ին էլ ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ կիրառել էր ԱԹՍ, որի հետեւանքով, վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող:

Եվրոպական Միության մոնիթորինգային առաքելությունը տեղակացվել է ապրիլի 11-ին Տեղ գյուղում տեղի ունեցած ընդհարման մասին, առաքելության կազմը միջադեպի ժամանակ Տեղում չի եղել. ապրիլի 12-ին խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցին, հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Իրենց դիտարկումները արել են, իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն ու ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում»,- ասաց Միրզոյանը։ Մյուս հարցին, թե արդյոք ԵՄ-ն ունի՞ արագ արձագանքի մեխանիզմ նմանաբնույթ դեպքերի համար, արտգործնախարարն արձագանքեց՝ բնականաբար Հայաստանը անմիջապես տեղեկացնում է ԵՄ-ին ու ակնկալում արագ արձագանք։

Պատգամավորներից Հասմիկ Հակոբյանը խնդրեց մեկնաբանել երեկվա միջադեպի վերաբերյալ ադրբեջանական մամուլում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ Հայաստանը կիրառել է հնդկական ու իրանական սպառազինություն։ Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ապատեղեկատվությունը սադրանքի մաս է, նպատակը ցույց տալն է Եվրոպային, որ նրանք մոնիթորինգային առաքելություն են ուղարկել մի երկիր, որը կիրառում է զինատեսակ Ադրբեջանի դեմ, «որի հետ դուք բոլորդ ունեք պրոբլեմներ, կիրառվել են պատժամիջոցներ եւ այլն»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ԵՐԿԿՈՂՄ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունն ու սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացին ուղղված ջանքերը, ինչի դրսեւորումն էին ՀՀ ինքնիշխան տարանքի նկատմամբ մայիսի 11-ի հերթական սադրիչ գործողությունները:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլեւ բացահայտ արհամարհանք են միջազգային գործընկերների հստակ կոչերին, Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը:

 

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄ՝ ՓԱՐԻԶ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը մայիսի 21-24-ը կգործուղվի Փարիզ:

Ընդդիմադիր պատգամավորը Ֆրանսիայում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հանձնաժողովի, ինչպես նաեւ «Հանուն առողջ միջավայրի» կոնտակտային խորհրդարանականների ցանցի հերթական նիստերին:

ՆԱԽԱԳԱՀԸ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 11-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես՝ ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին» եւ «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքները:

 

 

 

 

ԻՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՆԻՍՏԻՆ

Ինչպես տեղեկացրել ենք՝ մայիսի 11-ին ՔՊ կուսակցությունը նախաձեռնող խմբի նիստ է արել, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստին մասնակցել է նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել նիստից: Այսպիսով՝ նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի՝ Սոթքի ուղղությամբ նախաձեռնած հերթական ագրեսիայի մասին, խոսել է դրա պատճառների եւ հետեւանքների մասին: Նիստի հիմնական մասը նվիրված է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցություններին: Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ականներին Բայրամովի հետ բանակցություններից: Միրզոյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել բանակցությունները, միեւնույն ժամանակ ասել է, որ մի շարք կարեւոր հարցերի շուրջ կողմերը դեռ համաձայնության չեն եկել: Նիստի ընթացքում Փաշինյանը անդրադարձել է նաեւ Բրյուսելում Ալիեւի հետ սպասվող համդիպմանը: Նիստի մասնակիցներն էլ իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել վարչապետին եւ արտգործնախարարին՝ անվտանգային խնդիրների եւ բանակցությունների մասին:

 

 

 

 

ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Հրապարակվել են աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումները, որոնք վերաբերում են վարժական հավաքներին մասնակից աշխատողներին։ Այս օրենքի ընդունմամբ` մասնավոր ոլորտի գործատուները պարտավորվում են աշխատողին վարժական հավաքների ներգրավելու դեպքում առաջին 30 օրացուցային օրերի ընթացքում վճարել յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողի հիմնական աշխատավարձի եւ այդ ընթացքում վարժական հավաքներին մասնակցելու օրացուցային օրերի համար՝ որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։ 30 օրացուցային օրը գերազանցող ժամանակահատվածի համար աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ/աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով: Օրինակ, եթե աշխատողի հիմնական աշխատավարձը 200,000 դրամ է, վերջինս ներգրավվում է վարժական հավաքների եւ դրա դիմաց, որպես դրամական հատուցում, պաշտպանության նախարարության կողմից ստանում է դիցուք՝ 80,000 դրամ, ապա գործատուն կպարտավորվի վճարել աշխատավարձից դրական տարբերությունը, այսինքն՝ նշված դեպքում առնվազն 120,000 դրամ։ Ինչ վերաբերում է պետական ոլորտի գործատուներին, ապա գործատուն կվճարի յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողի հիմնական աշխատավարձի եւ այդ ընթացքում վարժական հավաքներին մասնակցելու օրացուցային օրերի համար՝ որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության դրական տարբերությունը։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքի գործողությունը տարածվելու է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա` գործատուների կողմից վճարումն ուշ կատարելու դեպքում տուժանքի վճարման պահանջ չի առաջանա, քանի որ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն` աշխատավարձն ուշ վճարելու համար գործատուն աշխատողին պետք է տուժանք վճարի, եթե ուշացումը եղել է գործատուի մեղքով։

 




Լրահոս