Աշտարակի 56-ամյա բնակչուհու սպանության վարույթի շրջանակներում կալանավորվել է նրա ազգականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Աշտարակ քաղաքի 56-ամյա բնակչուհու սպանության մի շարք հանգամանքներ. ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը կալանավորվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 17։10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ պարանոցի ձախ կողմի քնային զարկերակի շրջանում կտրած վերքով։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով տուժողի ազգականն է՝ ծնված 1982թ.:

2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, վերջինս այցելել է բարեկամուհու՝ Աշտարակ համայնքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող բնակարան, որի հյուրասենյակում, վերջինիս առանձին դաժանությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախաքննությամբ դեռևս չպարզված գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 40-ամյա տղամարդը մայիսի 20-ին հայտնաբերվել է Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում և ձերբակալվել՝ սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Նշվում է, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է և մեղադրյալը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:




Լրահոս