Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում մայիսի 11-ին բացառիկ հյուրախաղով Գյումրիում էր Մոսկվայի «ՄՈՍՍՈՎԵՏ»-ի անվան պետական ակադեմիական թատրոնը: Թատրոնը հայ հանդիսատեսին ներկայացավ ֆրանսիացի հայտնի դրամատուրգ եւ արձակագիր Ֆլորիան Զելլերի «Մամա» պիեսով, որը դրամատուրգի «Պապա», «Մամա», «Որդի» բեմական եռերգության մի մասն է։ Բեմադրության ռեժիսորն է Պավել Պարխոմենկոն, նկարիչը՝ Յուլիանա Լայկովան, գլխավոր դերում՝ ՌԴ վաստակավոր արտիստուհի, «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր Անաստասիա Սվետլովան:
Գլխավոր հերոսը փորձում է պարզել իր կյանքը, հասկանալ, թե ով է նա եւ ինչու է իր առջեւ ավերակներ եւ լիակատար մենակություն: Միակ բանը, որ ջերմացնում է նրան, սերն է որդու նկատմամբ, որը ֆիքսված գաղափար է դարձել հերոսուհու համար, ով հայտնվում է կա՛մ իրականում, կա՛մ մտքում ու միայն շատ կարճ ժամանակով։
«Առաջին անգամ եմ Հայաստանում ու զարմացած եմ՝ այսքան հյուրասեր ու հյուրընկալ է այս երկիրը: Մարդիկ պատրաստակամ են: Ասեմ, որ թեեւ ժամանակը շատ կարճ էր, բայց արդեն սիրահարվել եմ Գյուրմրիին: Ամեն ինչ շատ տպավորիչ է: Այստեղ ամեն մի քար ու թուփ ուրիշ է, շնչելն է ավելի հեշտ՝ ասես պատմական ամրոցում լինեմ»,- ներկայացման ավարտից հետո, չթաքցնելով հուզմունքը, նշում է Անաստասիա Սվետլովան, անկեղծանալով՝ մինչ Գյումրի գալը իրենց տեղեկացրել էին գյումրեցի «բարդ» հանդիսատեսի մասին: «Ներկայացումը շատ բարդ է, հոգեբանական, ասել էին, որ պատրաստ լինենք, եթե չհավանեն՝ կթողնեն ու կգնան, բայց հավանելու դեպքում ջերմ ընդունելության կարժանանաք, բայց անկեղծ, նման երկարատեւ հոտնկայս ծափերի ու ջերմության չէինք սպասում: Սիրտս այս քաղաքը շատ սիրեց»,-ասում է դերասանուհին, նշելով, որ ուրախ կլինի եւս մեկ անգամ գալ ու խաղալ գյումրեցի հանդիսատեսի համար:
Վերջում դերասանուհին հավելեց՝ ներկայացումը թեեւ ստեղծված էր կամերային թատրոնի համար, սակայն Գյումրու դրամատիկականի բեմում այն բոլորովին այլ զգացողություն տվեց նաեւ դերասաններին:
ԲՐՅՈՒՆԵՏՆ ԱՆՑԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ
Երեկ «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակչում հայկական պատվիրականության ներկայացուցիչ Բրյունետն իր փայլուն ելույթով անցավ եզրափակիչ փուլ:
Ելույթի ընթացքում երգչուհին, զարմացնելով բոլորին, հանդես եկավ պարային անակնկալով, որի մասին չէր բարձրաձայնել:
«Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես սիրում եմ պարել, եւ այդ պարային հատվածի մասին մտածել էինք դեռեւս այն ժամանակ, երբ ես գրում էի երգը»,-երեկ՝ մայիսի 11-ին, կիսաեզրափակիչ համերգից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին նշել է երգչուհին՝ հավելելով, որ երգի երկու տարբերակ են ունեցել առանց պարային ընդմիջման եւ պարով:
Համաեվրոպական երգի մրցույթում եզրափակիչ համերգին Հայաստանը ներկայացնող Բրյունետը ելույթ է ունենալու 17-րդ համարի ներքո: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Եվրատեսիլ 2023»-ի պաշտոնական էջից:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում հայտնվել է 26 պետություն, համերգը բացելու է Ավստրիան, եզրափակելու է հյուրընկալող պետությունը՝ Միացյալ Թագավորությունը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՖԻԼՄ՝ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԳՄՍՆ-ից ArmLur.am-ից հայտնեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։
Օրերս Երեւանում Mezzo-ի ստեղծագործական խումբը հարցազրույցներ է վարել մշակութային հայ գործիչների հետ.
ներկայացվել են Արամ Խաչատրյանի կյանքը, ստեղծագործական ուղին, Խաչատրյանի արվեստի թողած խորը հետքը հայ եւ համաշխարհային դասական երաժշտարվեստում։ Նկարահանումներ են կատարվել Հայաստանի, մայրաքաղաք Երեւանի մի շարք վայրերում, որոնք ոգեշնչել են մեծ կոմպոզիտորին ստեղծագործելիս։
20 րոպե տեւողությամբ ֆիլմը նկարահանվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում։
Mezzo TV-ն դասական երաժշտության ամենահայտնի հարթակներից է։ Այստեղ եթեր են հեռարձակվում հանրահայտ երաժիշտների կատարումներ, բացառիկ համերգների ձայնագրություններ, միջազգային փառատոներ, երաժշտական նորություններ, մեծահամբավ երաժիշտների մասին պատմող ֆիլմեր եւ տեսանյութեր։
Տարվա ընթացքում Mezzo-ի ստեղծագործական խումբը կլուսաբանի Հայաստանում իրականացվող խաչատրյանական հոբելյանական մյուս միջոցառումները, որոնց թվում են Արամ Խաչատրյան մրցույթն ու փառատոնը:
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը կարեւորում է համաշխարհային ճանաչում ունեցող հարթակների հետ համագործակցությունը. ներկայացվում է Խաչատրյանի կոմպոզիտորական արվեստը՝ հայ մշակույթը հասանելի դարձնելով ինչպես դասական երաժշտության սիրահարների լայն շրջանակի, այնպես էլ մասնագետներին եւ երաժշտական մենեջերներին։
ՈՒԵՖԱ-Ն ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն: ՈՒԵՖԱ-ն զգուշանում է անկարգություններից, որոնք կարող են առաջանալ Թուրքիայում նախագահական ընտրությունների պատճառով։ Ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է մայիսի 14-ին։
Աղբյուրի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն արդեն ոչ պաշտոնական հարցում է ուղարկել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ եզրափակիչը Լիսաբոնի «Էստադիու դա Լուժ» մարզադաշտում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։
Նախկինում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն արդեն երկու անգամ՝ 2020-ին եւ 2021-ին հետաձգվել էր Ստամբուլից՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչը նախատեսված է հունիսի 10-ին։