Armlur.am-ը տեղեկացավ, որ քրեակատարողական համակարգում փոփոխություններ կկատարվեն։
Մասնավորապես, նախատեսվում է Քրեակատարողական հիմնարկներում գործող օպերատիվ ստորաբաժանումների կենտրոնացնել քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվող օպերատիվ վարչության ենթակայության ներքո։
Բանն այն է, որ ներկայումս Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժինը և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են միմյանցից անկախ, քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությամբ։
Մինչդեռ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունի քրեակատարողական ծառայությունը՝ տվյալ դեպքում, ըստ էության, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը։
Ըստ այդմ՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հետ հակասությունը վերացնելու և քրեակատարողական հիմնարկներում օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել նշված կառուցվածքային փոփոխությունը, որի արդյունքում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ենթակայությամբ կկենտրոնացվեն քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումները՝ որպես տարածքային բաժիններ և բաժանմունքներ։
Բացի այդ, օպերատիվ վարչության ստորաբաժանումները նոր կադրերով համալրելու նպատակով կսահմանվեն մրցույթի և ուսուցման համապատասխան ընթացակարգեր։
Նախագիծը ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում, ընդունվելուց հետո այն կուղարկվի խորհրդարան։
Նաիրա Հովհաննիսյան