ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պատրիկ Սվենսոնի հետ։
Անդրադառնալով Բրյուսելում Շառլ Միշելի հյուրընկալությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքներով հնչեցված հայտարարություններին՝ գործընկերներիս ներկայացրի ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումը, որի 2-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Այս համատեքստում ահազանգեցի, որ նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի որևէ փաստաթուղթ, որով Արցախը թողնի Ադրբեջանի կազմում, լեգիտիմության լուրջ խնդիր է առաջանալու։
Պարոն Սվենսոնին տեղեկացրի, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ամբողջ հայ ժողովրդի անունից, մինչդեռ իմ նախաձեռնած «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին արդեն իսկ հավաքվել է ավելի քան 300.000 ստորագրություն։
Խոսելով Սոթքում առկա իրավիճակի լարմանն ուղղված ադրբեջանական գործողությունների մասին, որի պայմաններում Սոթքի հանքի մոտ 800 աշխատակիցներ չէին կարողանում աշխատանքի գնալ, իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ԱԺ-ում բոլորովին այլ թեմաների մասին, գործընկերոջս ներկայացրի, որ անթուլատրելի էր այլեւս հանդուրժել խոսքերը, որոնք հնչում էին ԱԺ ամբիոնից՝ Արցախը փաստացի ճանաչելով Ադրբեջանի կազմում։
Այս պայմաններում հրատապ խնդիրներին ուշադրություն հրավիրելու նպատակով որոշել էի, ի նշան բողոքի, իրականացնել քաղաքական ակցիա, չիջնել ամբիոնից, որն ընդունված է ժողովրդավարական երկրներում։ Սակայն ընդմիջման ժամին անվտանգության աշխատակիցներն ինձ բռնի ուժով հեռացրին ԱԺ նիստերի դահլիճից։
Դեսպանին ներկայացրի նաև մեր հանձնաժողովի արտահերթ նիստի մանրամասները, այդ թվում նաև պատգամավոր, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից այնպիսի արտահայտությունների օգտագործումը ՄԻՊ-ի՝ ընդդիմադիր խմբակցությունների թեկնածուի հասցեին, ինչպես օրինակ «Լեզուդ կկտրեմ», «Ականջդ կկտրեմ»։
Ահազանգեցի նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից քաղաքացուն՝ կնոջն ուղղված հայհոյանքի մասին, և նշեցի, որ այս անթույլատրելի վարքագիծը դրսևորած պատգամավորները մնացել են անպատիժ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը համարում է «ժողովրդավարության բաստիոն»։
Իր խոսքում Դեսպանը շնորհակալություն հայտնեց նշված ահազանգերն իրեն հասցնելու համար և հավաստիացրեց, որ ընդունել է այդ հաղորդագրություններն՝ ի գիտություն, կփոխանցի դրանք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի իր գործընկերներին, որպեսզի նրանք ինկորպորացնեն համապատասխան գործողությունները Շվեդիայի կողմից հովանավորվող ծրագրում, որն իրականացվում է խորհրդարանում։
Պարոն Սվենսոնը նաև արտահայտեց իր մտահոգությունները նման միջադեպերի վերաբերյալ առհասարակ և ընդգծեց խորհրդարանում վարքագծի կանոնների մշակման և պահպանման կարևորությունը։